ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7․4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ նոյեմբերին այդ ցուցանիշը մեկամսյա կտրվածքով մնացել է անփոփոխ, սակայն 1․2 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի նույն ամսվա տվյալից։
Այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7․6 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այն գնահատվում է 2 տրլն 673 մլրդ 149.3 մլն դրամ։ Ընդ որում, հոկտեմբերի համեմատ՝ նոյեմբերին այդ ծավալը կրճատվել է 0․5 տոկոսով։ Թողարկվել է 274 մլրդ 166.6 մլն դրամի արտադրանք։ Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ծավալը կրճատվել է 19 տոկոսով։
Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը 14․9 տոկոսով գերազանցել է 2023-ի նույն ժամանակահատվածի տվյալը՝ գնահատվելով 567 տրլն 022.5 մլրդ դրամ։ Այս տարվա հոկտեմբերի համեմատ մեկամսյա աճը կազմել է 6․4 տոկոս։ Նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 11․6 տոկոսի աճ, իսկ աշխատանքների ծավալը գնահատվում է 82 մլրդ 476.6 մլն դրամ։
Տարվա առաջին 11 ամիսներին առևտրի շրջանառությունը 18 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 տրլն 603 մլրդ 922.3 մլն դրամ։ Հոկտեմբերի համեմատ աճը 5․4 տոկոս է։ Նոյեմբերին առևտրի շրջանառությունը կազմել է 613 մլրդ 899 մլն դրամ։ Նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը գերազանցվել է 11․5 տոկոսով։
Այս տարվա հունվար-նոյեմբերին ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 6.3 տոկոսով՝ գնահատվելով 3 տրլն 26 մլրդ 624.6 մլն դրամ։ Մեկամսյա կտրվածքով աճը նոյեմբերին կազմել է 0․5 տոկոս և գնահատվում է 291 մլրդ 927.7 մլն դրամ։ Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճը 10․4 տոկոս է։
Սպառողական գների ինդեքսը տարվա 11 ամիսներին 0․2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 1․3, իսկ 2023-ի նոյեմբերի ցուցանիշը գերազանցվել է 1․4 տոկոսով։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս տարվա հունվար-նոյեմբերին 3․4 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը։ Նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ այն նվազել է 0․2 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 6․1 տոկոսով։
Հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 4․5 տոկոսով ավել էլեկտրաէներգիա, քան 2023-ի նույն ժամանակահատվածում՝ կազմելով 7 մլրդ 999.5 մլն կՎտ/ժամ։ Ընդ որում, հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 19.8, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 21.3 տոկոս։ Նոյեմբերին արտադրվել է 859.6 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած ծանոթությունում նշվում է, որ սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում այն ևս ներառված չէ: Վերջինիս ներառմամբ ցուցանիշը կհրապարակվի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցում:
Դիտարկվող ժամանակահատվածներում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։