Հարցազրույց

Դեռևս հեռու ենք համայնքների միավորման գործընթացը հաջողված համարելուց․ Հայկ Չոբանյան

6 րոպեի ընթերցում

Դեռևս հեռու ենք համայնքների միավորման գործընթացը հաջողված համարելուց․ Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի արդյունքները հեռու են բավարար լինելուց՝ տեղերում առկա տարբեր խնդիրների պատճառով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշեց և որոշ խնդիրների անդրադարձավ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը, որի ներկայացրած «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերությունը կատարել է համապատասխան ուսումնասիրություններ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով համայնքների սոցիալ-մշակութային բաղադրիչին։

-Որպես տեղական ինքնակառավարման մարմնի ամենախոշոր միավորի նախկին ղեկավար՝ ինչպե՞ս եք գնահատում Համայնքների խոշորացման ծրագիրը։

-Կարծում եմ՝ այն ճիշտ կլինի անվանել համայնքների ներուժի բարձրացման ծրագիր։ Ըստ էության, խոսքը համայնքների կոնսոլիդացիայի մասին է, որի նպատակն է մեծացնել համայնքների ներուժը՝ նպաստելով դրանց կարողությունների զարգացմանը, դերի բարձրացմանը, տնտեսական առումով ավելի ակտիվացմանը։ Սակայն, ըստ իս, համայնքների միավորման կոնտեքստում իրականացվող գործողությունները և կատարվող շեշտադրումները ամբողջությամբ չեն ներկայացնում այս սպեկտրը։ Դա նշանակում է, որ դեռևս հեռու ենք համայնքների միավորման գործընթացը հաջողված համարելուց։ Թեպետ իրականացվող քայլերի շնորհիվ համայնքները զարգանում են, նրանց ներուժն ավելանում է, բայց ցանկալի արդյունքից դեռ շատ հեռու ենք։ Խիստ կարևոր է, որ այս փոփոխություններն անդրադառնան մարդկանց կյանքի որակի բարելավմանը։   

-Որո՞նք են ցանկալի արդյունքին հասնելուն խոչընդոտող խնդիրները։

-Բոլոր առումներով ունենք անբավարար պատկեր։ Համայնքները տնտեսական զարգացմամբ հետ են մնում մայրաքաղաքից, որտեղ տնտեսական ակտիվությունն անհամեմատ մեծ է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանը բնակչության, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ հնարավորությունների առումով ահռելի ներուժ ունի։ Մինչդեռ, համայնքներում դեռևս չկան տնտեսությունը գեներացնելու մոտիվացիոն և իրական հարթակներ, ինչը հնարավորություն չի տալիս ապահովել երկրի հավասարաչափ զարգացումը։ Ըստ այդմ, համայնքների տնտեսական զարգացումը դանդաղում է։

Այսինքն, համայնքների ներուժի զարգացմանն անդրադառնալիս՝ զուգահեռաբար պետք է խոսենք Երևանի բեռնաթափման մասին։ Դրան կարող են նպաստել տարբեր ծրագրեր՝ սկսած հարկային դիվերսիֆիկացված քաղաքականությունից մինչև Երևանից դուրս զարգացման տարբեր գայթակղիչ մեխանիզմների սահմանում։ Դա հնարավորություն կտա ավելի ներդաշնակ զարգացնել երկիրը և ստեղծել նոր հնարավորություններ։

-Խոսեցիք Երևանի հնարավորությունների մասին։ Ինչպիսի՞ն է հանրապետության մյուս քաղաքների համախմբող ներուժը։

-Ակնհայտ է, որ միավորված համայնքների պարագայում կենտրոնական դերակատարում ունեն քաղաքները, որոնք տարբեր են բնակչության թվով։ Կարծում եմ, որ մարզերի խոշոր քաղաքներն ակնհայտորեն ունեն ավելի մեծ ներուժ, քան փոքր բնակավայրերը։ Կնախընտրեի, որ շատ ավելի հավակնոտ և ագրեսիվ լինենք մարզերի խոշոր քաղաքներին տարբեր գործառույթներ պատվիրակելու առումով։

-Տեղյակ եմ, որ Ձեր ներկայացրած ընկերությունը  զբաղվել է համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրների ուսումնասիրությամբ։ Հիմնականում ի՞նչ եզրահանգումների եք եկել։ 

-Մեր կոնսորցիումը զբաղվել է համայնքների միավորման նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրությամբ։ Տեսեք, ֆունկցիաների ապակենտրոնացումը համարվում է պատվիրակված ծառայություն։ Այս դեպքում պատվերը գալիս է ժողովրդից, այլ ոչ թե վերևից է իջեցվում։ Այսինքն, սա ոչ թե պատվիրակված, այլ մասնակցային գործընթաց է, որի իրական պատվիրատու համարվող ժողովրդին մասնակից ենք դարձնում այս գործառույթների և որոշումների իրականացմանը։

Փորձել ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել համայնքների սոցիալ-մշակութային բաղադրիչին, ինչը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ ձևակերպել այն անելիքները, որոնք անհրաժեշտ են իրապես հաջողության հասնելու համար։

Հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում առաջին հերթին եկել ենք այն եզրակացությանը, որ այս գործընթացի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը շատ ցածր է։ Այսինքն, մարդիկ տեղյակ են ինչ-որ բանից, բայց ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ այդ տեղեկատվությունը որոշ դեպքերում չի համապատասխանում իրականությանը, այն քաղված է տարբեր խոսակցություններից, ասեկոսեներից, սոցիալական էջերում կատարված գրառումներից և այլն։ Այս առումով պետք է իրավիճակ փոխել, որպեսզի հասարակությանը ճիշտ ինֆորմացիա հասնի, չլինեն թյուրըմբռնումներ և մարդիկ խաթարված պատկերացում չունենան գործընթացների իրական նպատակների և բովանդակության մասին։

Երկրորդը․ բնակչությունը շատ աղոտ պատկերացում ունի համայնքային ծառայողների, հատկապես՝ ավագանու մասին։ Հայաստանում համակարգն այնպիսին է, որ, ըստ էության, ընտրում ենք ոչ թե քաղաքապետ կամ համայնքապետ, այլ՝ ավագանի։ Մինչդեռ, մարդիկ, տեղեկացվածության պակասից ելնելով, երբեմն կարծում են, որ գնում են համայնքապետ կամ քաղաքապետ ընտրելու։ Մարդիկ, որպես կանոն, ճանաչում են նրանց, իսկ ավագանու անդամներին չեն ճանաչում։ Սա խաթարում է Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի և ընտրական համակարգի ընդհանուր փիլիսոփայությունը։

Այսպիսով, մեր հետազոտության երկու կարևոր եզրակացություններն են՝ բնակչությունը թերի է իրազեկված համայնքներում ընթացող գործընթացների մասին, առկա է նաև համայնքային իշխանությունների ճանաչելիության բարձրացման խնդիր։

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում