ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի առթիվ դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից սկսած «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի տոնական դիմակահանդես-պարահանդես։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգասրահի շքեղ սրահներում կհնչի կենդանի երաժշտություն, կլինեն պարեր ու ջերմ տրամադրություն:
Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։
«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։
Վիզուալ պրոյեկցիայի և հիասքանչ երաժշտության համադրությամբ մասնակիցները կտեղափոխվեն դիմակահանդեսի կախարդական աշխարհ։ Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը. պարասրահը կլցվի առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Մասնակիցները կարող են վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։
Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ մասնակիցները կարող են պարել մինչև ուշ գիշեր։ Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը։