ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցության ընթացքում տնօրենը հատկապես կարևորել է Փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, ինչպես նաև ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի ՃՇՇ-ների միջև ակտիվ փոխհամագործակցությունը՝ նշելով որ քաղաքացիներին ժամանակին և համարժեք օգնության տրամադրումը ՆԳՆ փրկարար ծառայության գերխնդիրներից է:
Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռնարկված միջոցառումները՝ նշելով որ անձնակազմը պատրաստ է իրականացնել իր առջև դրված առաջադրանքները։
Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով առավելագույն ջանքեր ներդնել ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։
ՓԾ տնօրենը հատուկ անդրադարձել է կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը, իսկ մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է հանրապետության բարդ ռելիեֆով առանձնացող ավտոճանապարհներին իրականացնել շրջայցեր՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում ծավալել առաջին օգնության ժամանակավոր հենակետեր։
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել սպասարկման տարածքներում գտնվող հիդրանտների սարքինությանը, շենք, շինությունների նկուղային հարկերում տեղակայված թաքստոցների վիճակին՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։
Խորհրդակցության ավարտին Կ․Ցուցուլյանն անդրադարձել է փրկարարների կարգապահական և բարեվարքության հարցերին, ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, տվել այլ հանձնարարականներ ու ցուցումներ։