Վրաստան

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի պաշտոնյաների և օրենսդիրների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի պաշտոնյաների և օրենսդիրների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարությունը դեկտեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի առանձին քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման արգելքի մասին՝ նրանց կողմից «ժողովրդավարությունը խարխլելու» համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Պետքարտուղարությունն այսօր հայտարարում է լրացուցիչ միջոցներ վիզայի սահմանափակման իր քաղաքականության շրջանակներում, որն արգելում է վիզաների տրամադրումը Վրաստանում ժողովրդավարության խաթարման պատասխանատուներին կամ մեղսակիցներին», - ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Այս սահմանափակումները կվերաբերեն 20 մարդու, այդ թվում՝ նախարարներին, իրավապահ մարմինների և անվտանգության պաշտոնյաներին, ինչպես նաև մասնավոր անձանց:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական, դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Վրացական երազանք»-ը շեղվել է Վրաստանի եվրաատլանտյան ապագայից, որը ցանկանում է վրաց ժողովրդի մեծամասնությունը, և որը նախատեսում է Վրաստանի սահմանադրությունը։ Մենք հանձնառու ենք՝ համոզվելու, որ ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Պետքարտուղարության՝ պատժամիջոցների ենթարկված անձինք կլրացնեն ավելի քան 100 անձանցից բաղկացած ցուցակը, որում հիմնականում ներառված են «Վրացական երազանք»-ի հետ կապված անձինք և նրանց ընտանիքի անդամները։ 

Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որն արևմուտքում համարում են ռուսական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում