Տնտեսություն

Խթանել կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը․ ՎԶԵԲ-ի և ԱրարատԲանկի միջև ստորագրվեցին պայմանագրեր

4 րոպեի ընթերցում

Խթանել կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը․ ՎԶԵԲ-ի և ԱրարատԲանկի միջև ստորագրվեցին պայմանագրեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության, Կանաչ կլիմայի հիմնադրամի  և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի  գործընկերությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը նշեց, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների հետ փորձը խոսում է այն մասին, որ  ԱրարատԲանկը մեծ արդյունավետությամբ է համատեղ ծրագրերն իրականացրել: 

«Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքում ենք պայմանագիր, որի ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։ Եվ երրորդ կարևոր  աջակցությունն  ուղղված  է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:  Այս ծրագրի շրջանակներում փորձելու ենք աջակցել նրանց, որպեսզի դառնան կայացած կամ կայացող բիզնեսի ներկայացուցիչներ: Այս ծրագրերը հիմնականում իրականցվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության տիրույթում»,- նշեց ՝ ԱրարատԲանկի գործադիր տնօրենը:

Մհեր Անանյանի խոսքով՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ 

«Մենք կարծում ենք, որ այս  համագործակցությունը շատ արդյունավետ կլինի և այս պայմանագրի կնքումը և համագործակցությունը կբերի նոր պայմանագրերի և նոր ուղղությունների զարգացման»,- ասաց նա:

ՎԶԵԲ-ի  Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշեց՝ կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ներդրումները ներառում են արևային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ և լիցքավորման ենթակառուցվածքներ։

«Այն ուղղված  է աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում, բացի դրանից այն ունի քեշբեքի՝ կանխիկի վերադարձի հնարավորություն: Մասնավորապես վարկային միջոցները տրամադրվում են տեխնոլոգիաների նոր միջոցառումների ձեռնարկման համար և կախված տեխնոլոգիաներից կա համապատասխան դրամաշնորհային բաղադրիչ, որը կազմում է 15 տոկոս: Պետք է նշեմ, որ այս պրոդուկտը լայն տարածում ունի հայկական շուկայում և մենք ուրախ ենք ԱրարատԲանկի հետ  ևս մեկ անգամ համագործակցել այսպիսի նախաձեռնության շրջանակում»,- ասաց  ՎԶԵԲ-ի  Երևանի գրասենյակի ղեկավարը:

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020-2023 թվականներին ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը։ ՎԶԵԲ-ը խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։

ԱրարատԲանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը մեկնարկել է 2007 թվականից, և առ այսօր ներդրումները տնտեսության մեջ կազմել են ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում