ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Շիրակ ավիա» ավիաընկերության՝ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ օդում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին օդանավակայանում «Շիրակ ավիա» ավիաընկերության գրասենյակից՝ անդրադառնալով ինքնաթիռի՝ որոշակի ժամանակ օդում պտտվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին։
«Ինքնաթիռն օդում պտտվում էր, որպեսզի սպառի վառելիքը՝ վայրէջք կատարելու համար»,-պարզաբանեցին օդանավակայանի գրասենյակից՝ մանրամասնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորները կտեղափոխվեն արդեն այլ ինքնաթիռով։
Անդրադառնալով ուղևորների թվի և պատահարի պատճառների վերաբերյալ հարցին՝ «Շիրակ ավիա»-ից նշեցին, որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։
Մեկնաբանելով շրջանառվող խոսակցությունները, թե ինքնաթիռը օդում պտտվել է 1-2 ժամ՝ օդանավակայանում ավիաընկերության գրասենյակից նշեցին, որ այդ խոսակցությունները չափազանցված են։