ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսի դիտարկմամբ՝ կանխարգելումը ցեղասպանությունների ամենակարևոր գործոններից մեկն է, որին առերեսվում է միջազգային հասարակությունն ու միջազգային իրավունքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լատվիացի նախկին պաշտոնյան հայտարարեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների և նման հանցագործությունների կանխարգելումը շատ կարևոր գործառույթ է միջազգային հանրության համար, և կարևոր է հասկանալ, որ արդարադատությունը և միջազգային իրավունքը պետք է կարողանան դառնալ շատ կարևոր մեխանիզմ՝ ապահովելու համար, որ այն մարդիկ, ովքեր իրականացնում են ցեղասպանություն և այլ ոճրագործություն, կենթարկվեն պատասխանատվության:
Լևիտսի բնորոշմամբ՝ նույնիսկ, եթե միջազգային իրավունքն ունի որոշակի թերություններ, այդուհանդերձ, այն ունի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելելու ցեղասպանությունները և ուժեղացնելու քաղաքական կամքը՝ բերելու նրան, որպեսզի հարգվի միջազգային իրավունքը և օգնելու միջազգային դատարաններին պատժել հանցագործություններ, ոճրագործություններ և ցեղասպանություն իրականացնողների գործողությունները: Ըստ նրա՝ դեմոկրատիայի պարագայում հասարակությունը շատ կարևոր դեր է խաղում՝ սահմանելու և ուժեղացնելու այս քաղաքական կամքը։
«Այդ կամքը կօգնի վերապրածներին և զոհերի ընտանիքներին ստանալ հատուցումներ օրենքի ուժով և կօգնի հասկանալ, որ նրանց տառապանքները ճանաչվում են, կօգնի վերականգնել այն տրավմաները, որոնք հասցվել են ցեղասպանության ժամանակ՝ վերականգնելով այդ մարդկանց արժանապատվությունը»,-ընդգծեց Էգիլս Լևիտսը։
Նրա դիտարկմամբ՝ սա շատ կարևոր է՝ հասկանալու համար այն հասարակությունների վիճակը, որոնք վերապրել են դա։
«Սա նաև վերաբերվում է այն դեպքերին, որոնք առնչվում են պատմական ցեղասպանություններին, որոնք տեղի են ունեցել անցյալում և շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև սա անհրաժեշտ է՝ բուժելու պատմական վերքերը. ցեղասպանությունը, եթե այն չի ընդունվում որպես այդպիսին, երկարացնում է հասարակության մեջ տրավման ապագա սերունդների համար: Միջազգային արդարադատության մեխանիզմն ազդակ է, որը բերում է նրան, որ այդ ծանր հանցագործությունները, ոճրագործությունները և ցեղասպանությունները կպատժվեն ու կկանխվեն ապագայում»,-նկատեց Լևիտսը՝ հավելելով, որ Միջազգային դատարանը մեկ այլ գործիք է, որը կարող է պատժել ցեղասպանություններն իրականացնողներին, և այն հիմնականում գործում է երկրների փոխհամագործակցության հիմքով:
Լատվիայի նախկին նախագահի կարծիքով՝ կանխարգելումը ցեղասպանությունների ամենակարևոր գործոններից մեկն է, որին առերեսվում է միջազգային հասարակությունը, միջազգային իրավունքը:
«Պետք է շարունակել զարգացնել և հզորացնել միջազգային իրավունքը, միջազգային արդարադատությունը»,-շեշտեց Էգիլս Լևիտսը:
Նա նշեց, որ այն կոնվենցիան, որը վերաբերում է ցեղասպանությունների պատժմանը, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականին և ուղղված է միջազգային հանրության հնարավորություններին՝ կանխելու նմանատիպ հանցագործությունները։
«Այն ոչ միայն սահմանում է ցեղասպանությունը, բայց նաև պարտավորում է բոլոր պետություններին կանխարգելել և պատժել մեղավորներին։ Միջազգային դատարանը և միջազգային տրիբունալները, օրինակ՝ նմանատիպ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Ռուանդայում կամ նախկին Հարավսլավիայում, նմանատիպ պարտավորությունների ստանձնման օրինակներ են, և նմանատիպ օրինակ է»,-նշեց Լատվիայի նախկին նախագահը:
Նրա բնորոշմամբ՝ չնայած միջազգային իրավունքի ունեցած հաջողություններին, այն հաճախ առերեսվում է որոշակի խնդիրների՝ կանխարգելելու համար ցեղասպանությունները:
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը նույնպես մեծ փորձություն է, ցույց է տալիս, որ ռուսաստանյան ուժերն իրականացրել են ցեղասպան կամ ցեղասպանանման գործողություններ, մասնավորապես դեպորտացիայի և Ուկրաինայի երեխաների ռուսիֆիկացումներ, ինչպես նաև ատելության խոսք, ինչպես նաև այլ ատելության գործողություններ, որոնք վերաբերում են ուկրաինական ինքնության ոչնչացմանը: Օրինակ՝ ռուսաստանյան կառավարության ներկայացուցիչները ուկրաինացիներին ասում են, որ նրանք պետք է նորից վերակրթվեն և ունենան ճիշտ կրթություն, ճիշտ իրականություն, և սա կարող է համարվել որպես ոճրագործություն»,-նշեց Էգիլս Լևիտսը:
Նրա խոսքով՝ կան նաև որոշակի նախազգուշացնող նշաններ, որոնք ցույց են տալիս Իսրայելի ուժերի միջամտությունը Գազայում, որը կարող է վերաբերվել որպես պոտենցիալ հանցագործություններ պատերազմական գործողությունների ընթացքում:
«Այս բոլոր գործողությունները պիտի մանրամասն վերլուծվեն, և այստեղ պետք է վերահսկողություն միջազգային իրավունքի սահմաններին համապատասխան՝ կանխելու համար ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների իրականացումն այնտեղ, որտեղ նրանք առաջանում են։ Ես ուզում եմ նաև նշել, որ մենք միշտ պետք է օգտագործենք ցեղասպանություն տերմինը ճիշտ ձևով, որ չդարձնելով այս ահավոր հանցագործությունը սովորական մի տերմին: Մենք չպետք է խուսափենք՝ վախենալով օգտագործել այս բառը, մեր լեզուն, մեր խոսքը և գործողությունները միշտ պիտի լինեն ճիշտ և ազնիվ»,-ասաց Լատվիայի նախկին նախագահը։