Հայաստան

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը 2 տարեկան է

9 րոպեի ընթերցում

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը 2 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու տարի առաջ Երևանում՝ Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը: Հիվանդանոցի մեծ թիմը կամ «Ուիգմոր ընտանիքը», ինչպես իրենք են նշում, ողջ տարի նվիրված աշխատել է հավատարիմ իրենց՝ համակարգային փոփոխություն բերելու տեսլականին։ 

Բազմաթիվ միջազգային համագործակցություններ, անվանի մասնագետների այցեր, գիտաժողովներ, կրթական բազում նախագծեր, որակի մշտադիտարկման համակարգի զարգացում, և, իհարկե, հազարավոր կյանքեր, որոնց վրա Ուիգմորը ունեցել է դրական ներազդեցություն․․․

Բեղուն 2024-ը և գալիք 2025-ի անելիքները ամփոփում է հիվանդանոցի ղեկավար թիմը։  

Հրաչուհի Ղազարյան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն 

Որպես բուժական գծով փոխտնօրեն ամփոփեմ 2 տարեկան դարձած` քրոնոլոգիական ժամանակաշրջանով փոքր, իսկ հիվանդանոցի տեսանկյունից՝ մեծ, ձեռքբերումները։ Այս տարին նշանավորվեց նորածնային (նեոնատալ) ծառայության՝ նորածնային ինտենսիվ թերապիայի և խնամքի բաժանմունքի գործարկմամբ, որտեղից արդեն իսկ ունենք մեր առաջին փոքրիկ «շրջանավարտները»։

Մեր ձեռքբերումներից է միջազգային չափանիշներին համապատասխան «ամենա բժշկությունը», որը մեր հիվանդանոցում հնարավոր է դարձել թիմային աշխատանքի, ներհիվանդանոցային ուղեցույցերի, գործելակարգերի մշակման և ներդրման շնորհիվ։ Անպայման ցանկանում եմ անդրադառնալ մանկաբույժների և մանկաբուժական նեղ մասնագետների նոր սերունդ կրթելու առաքելությանը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն։

Մեր ամենամեծ ձեռքբերումը Ուիգմորում յուրաքանչյուր օր ցուցաբերվող ապացուցահեն, բուժառուակենտրոն և ընտանիքակենտրոն բուժօգնությունն է։ 

Շահանե Մնացականյան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը երկու տարեկան է, սակայն որակի մշտադիտարկման և կառավարման ուիգմորական համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչև հիվանդանոցի բացումը։ Ինչպես հիվանդանոցի նախագծման սկզբում, այնպես էլ այսօր, որակյալ և անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։ Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է, մեծ հաստատակամություն և թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում պահանջող գործընթաց։ 

Հետահայաց նայելով այս երկու տարուն՝ հպարտորեն կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակահատվածում հաջողել ենք  որակի գործուն համակարգ ստեղծել և ներդնել։

Ուիգմորի մեծագույն ձեռքբերումը համարում եմ մեր ողջ թիմի նվիրումը և ձգտումը հիվանդանոցային որակի մշակույթի շարունակական բարելավմանը։

Ուիգմորում մենք բոլորս գիտակցում ենք․ որակի մրցավազքում չկա վերջնակետ։

Նարինե Նավասարդյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի հիվանդանոցային գործընթացների համակարգող 

2024թ․ հունիսի 1-ին Ուիգմորում «ծնվեց երջանկությունը»․ տարին նշանավորվեց Ուիգմորի մանկաբարձական ծառայության և ծննդատան մեկնարկով՝ առաջարկելով «փափուկ ծննդաբերության» հայեցակարգ և նորարարական LDR (Labor, Delivery, Recovery) մոդելը Հայաստանում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա։ 

Ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում մեկնարկեց «Ապագա ծնողների դպրոցը»՝ խրախուսելով և մայրերի, և հայրերի կրթությունը։ 

«Առողջ հասարակության հիմքն առողջ կինն է». առաջնորդվելով այս մոդելով «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում մատուցում ենք կանանց առողջության բոլոր ծառայությունները՝ հարմարեցված կնոջ կյանքի յուրաքանչյուր փուլի համար։ 

Մենք առաջնորդվում ենք առողջ կին, առողջ երեխա, առողջ ընտանիք, առողջ հասարակություն սկզբունքով՝ չտարանջատելով կնոջ եւ երեխայի առողջությունը։

Ի լրումն մի շարք համագործակցությունների 2024թ.-ին Ուիգմոր հիվանդանոցը համագործակցության հուշագիր կնքեց Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի հետ՝ ուղղված կանանց առողջության մասնագետների շարունակական կրթությանը։ 

Տաթևիկ Քոլոյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն

Օրինակելի է Ուիգմորի նվիրվածությունը առողջապահության գերազանցությանը։ Այս երկու տարին հագեցած են եղել նշանակալի քայլերով և ձեռքբերումներով՝ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ բուժօգնություն զարգացնելու նպատակով։

Ամփոփելով բեղուն և եռուն 2024 թվականը՝ մեր ձեռքբերումներից առանձնահատուկ են 9 նոր միջազգային համագործակցությունները զարգացած երկրների լավագույն բուժհաստատությունների և մասնագետների հետ՝ և մանկաբուժական և կանանց առողջության ոլորտում։ 

Միջազգային գործընկերությունների շրջանակում 2024թ․ Ուիգմորում հյուրընկալել ենք շուրջ 50 ճանաչված մասնագետների՝ միասին աշխատելով և կիսելով փորձառությունը։ 

Ինչպես նաև, այս տարի Ուիգմոր հիվանդանոցի 17 բժիշկ հնարավորություն է ստացել վերապատրաստվելու ԱՄՆ և եվրոպական լավագույն բուժհաստատություններում։

Տարին ունեցել է նաև շատ հագեցած կրթական օրակարգ․ իրականացրել ենք 125 կրթական նախաձեռնություն, ներառյալ 3 միջազգային գիտաժողովներ, 62 կրեդիտավորված դասընթացներ բուժաշխատողների համար Երևանում և ՀՀ մարզերի 16 քաղաքներում, և 60 կրթական միջոցառում ծնողական համայնքի և լայն հասարակության համար։

Լիանա Վարոսյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի ֆինանսական գծով փոխտնօրեն 

Ահարոն Բարսեղյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի փոխտնօրեն 

Ուիգմոր հիվանդանոցը այս 2 տարվա ընթացքում գործունեության բոլոր ուղղություններով արձանագրել է կայուն աճ՝ ընդլայնելով ինչպես մատուցվող ծառայությունների ցանկը, այնպես էլ՝ աշխարհագրությունը։ Պետական պատվերի տրամադրման արդյունքում Ուիգմորի կողմից մատուցվող բժշկական ծառայությունները հասանելի են հանրապետության 0-18 տարեկան բոլոր երեխաներին։ 

Ֆինանսավորման տարբեր աղբյուրների ներգրավման և շարունակական զարգացման շնորհիվ մենք կարողացել ենք 2024 թվականին սպասարկել 58,640 երեխա՝ մատուցելով նրանց 177,240 կենսական բժշկական ծառայություն։ 

2023 թվականի համեմատ սպասարկված հիվանդանոցային դեպքերի թվաքանակը, ինչպես նաև իրականացված վիրահատությունների թվաքանակը աճել է ավելի քան 2 անգամ, իսկ արտահիվանդանոցային ծառայությունների քանակը՝ շուրջ 50%-ով:

Մեր թիմից այս տարի ակնկալում ենք նոր ձեռքբերումներ և անսահման էներգիա բոլոր նոր սահմանած նպատակներին հասնելու համար։ 

Կարեն Ակոպյան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի աշխատակազմի ղեկավար

«Ուիգմոր»-ի համար այս տարին առանձնահատուկ էր երիտասարդ հաստատությանը բնորոշ դինամիկ աճով՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ նոր ծառայությունների ներդրման առումով, որոնք նաև պայմանավորված էին շուկայի հստակ պահանջարկով։ 

Այս տարի ամբողջ ծավալով մեկնարկեցինք նեոնատալ և ծննդօգնության ծառայությունները։ 

Հատկանշական է նաև մարդկային ռեսուրսների քանակական և որակական աճը․ 2023 թվականի համեմատ մեր թիմի անդամների աճը կազմում է՝ 64%․ Ուիգմորի մեծ ընտանիքն ունի 502 անդամ, որի 77% բժշկական անձնակազմն է։ 

Հիացած եմ մեր թիմի նվիրվածությամբ և անտրտունջ ամենօրյա աշխատանքով։

Զավեն Քոլոյան, «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն

Շնորհակալություն եմ հայտնում Ուիգմորի յուրաքանչյուր աշխատակցին, ում բացառիկ նվիրումի և անհատական հոգածության շնորհիվ բոլորս գործում ենք ոգեշնչող և արդյունավետ աշխատանքային միջավայրում, ինչը հատկապես կարևոր է, երբ ջանքերիդ նպատակը մարդու առողջությունն ու կյանքի որակն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում