Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահին արգելվել է լքել երկիրը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահին արգելվել է լքել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին արգելվել է լքել երկիրը նրա հայտարարած կարճատև ռազմական դրությունից հետո մեկնարկած ապստամբության հետաքննության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Արգելքը սահմանել է Արդարադատության նախարարությունը Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչության կողմից համապատասխան դիմումի հիման վրա։ 

Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը ներողությունն էր խնդրել ռազմական դրություն հայտարարելու փորձի համար և հայտարարել, որ իր քաղաքական և իրավական ճակատագիրը հանձնում է իշխող կուսակցությանը։ Այնուամենայնիվ, Յուն Սոկ Յոլը հրաժարական չի տվել, իսկ դեկտեմբերի 7-ին նրա իմփիչմենթի հարցով քվեարկությունը ձախողվել է։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար հարկավոր էր 200 պատգամավորի ձայն, սակայն այդ նախաձեռնության օգտին քվեարկել է 195 պատգամավոր։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում