Հայաստանում ավելանում է անկանխիկը նախընտրողների թիվը. աճում է թե քանակը, թե ծավալը

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների թե քանակի, թե ծավալի կտրուկ աճ է նկատվում։ Այս առումով անցումային էին 2022-2023  թվականները․ ուժի մեջ մտավ Անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքը, գրանցվեց անկանխիկ գործարքների 50%-ից ավելի աճ, և աճի դինամիկան պահպանվում է: Այս տարի ևս ակնկալվում է անկանխիկ գործարքների մոտ 20% աճ նախորդ տարվա համեմատ։ Իսկ ինչու է պետք նախընտրությունը տալ անկանխիկին, ինչպիսի՞ն են միտումներն աշխարհում ու Հայաստանում։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիաբանկի Առօրյա բանկային պրոդուկտների խմբերի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի հետ:

-Ընդունված տարբեր օրենքների նախագծերի, հետվճարների (cashback) և այլ առաջարկների շնորհիվ Հայաստանում քարտային գործարքներն այսօր ավելի լայն կիրառելիություն ունեն: Ինչպիսի՞ն են միտումներն աշխարհում ու Հայաստանում, գործարքների քանի՞ տոկոսն է իրականացվում քարտերով: 

-Տարբեր երկրներում պատկերը տարբեր է: ԱՄՆ-ում, օրինակ, ընդհանուր շրջանառության 41%-ն իրականացվում է քարտերով, տարածում ունեն տարբեր տեսակի օնլայն դրամապանակները, որոնց միջոցով վճարումները ևս բարձր կշիռ ունեն: Կանխիկի կշիռն ու շրջանառությունը գնալով նվազում է: Եթե 2022-ին ԱՄՆ-ում կանխիկի շրջանառությունը գնահատվում էր 16%, ապա 2023-ին նվազել է՝ կազմելով 10% , նվազման միտումն այս տարի ևս պահպանվում է: 

Եվրոպայում անկանխիկ տնտեսության առաջատար երկրներից է Շվեդիան, որտեղ բոլոր վճարումների 98%-ն իրականացվում է անկանխիկ: Որոշ երկրներում անկանխիկի տեսակարար կշիռը բարձր է, սակայն ավելի շատ ավելանում են ոչ թե քարտային գործարքները, այլ օնլայն դրամապանակաների կիրառությունը, QR վճարումները:  

Հայաստանում անկանխիկ գործարքների կտրուկ աճ գրանացվեց 2022–2023թթ., երբ ուժի մեջ մտավ Անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքը: Հնարավոր եղավ ապահովել 50%-ից ավելի աճ, և աճի դինամիկան պահպանվում է: Սակայն պետք է արձանագրենք, որ ընդհանուր գործարքների մեջ անկանխիկի մասնաբաժինը դեռ 50%-ից ցածր է: 

Այս տարի ևս Հայաստանում դիտարկվում է անկանխիկի աճի դինամիկա: Ակնկալում ենք, որ տարին կամփոփվի նախորդ տարվա նկատմամբ շուրջ 20% աճով: 

Մեկ այլ հետաքրքիր միտում էլ ենք նկատում․ տարեցտարի անկանխիկ վճարման մեկ կտրոնի միջին արժեքը նվազում է: Դա խոսում է այն մասին, որ անկանխիկ վճարումները գնալով ավելի լայն տարածում են գտնում: Եթե 5 կամ 10 տարի առաջ անկանխիկ վճարումը մարդկանց համար իրադարձություն էր և հիմնականում խոշոր գործարքների դեպքում էր կատարվում, ապա այսօր անգամ առօրյա մանր ծախսերի համար մարդիկ նախընտրում են անկանխիկ վճարել: 

Այս առումով մեզ մոտ անկանխիկ գործարքների աճը շուկայական միջին տեմպից արագ է, քանի որ մենք էլ մեր հերթին քեշբեքերի, տարբեր արշավների միջոցով փորձում ենք Հայաստանում էլ  ավելի խթանել անկանխիկի տարածումը։ Վերջին 9 ամսվա արդյունքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն գրանցել ենք շուրջ 20% աճ: Մեր կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ կհատենք 30%-ի շեմը: Պետք է նշեմ, որ այս տարվա 9 ամսվա արդյունքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն աճել է 31%-ով, իսկ ծավալը՝ մոտ 23%-ով։ Հատկանշական է, որ անկանխիկ գործարքների քանակական աճն ավելի առաջանցիկ է: 

-Ինչպես ասեցիք, Հայաստանում տարբեր օրենսդրական նախաձեռնություններով խթանում են անկանխիկ՝ քարտային գործարքները: Ի՞նչ հնարավորություններ ու առավելություններ են տալիս անկանխիկ գործարքները մարդկանց: 

-Օրենսդրական նախաձեռնությունները, իսկապես, մեծ զարկ տվեցին անկանխիկ գործարքների ավելացմանը: Անդրադառնալով մարդկանց համար անկանխիկի առավելություններին՝ կառանձնացնեմ մի քանի  կարևոր հանգամանք։ Առաջինը՝ արագությունն ու հարմարավետությունն է: Ներկայումս սուպերմարեկտներում, հասարակական տրանսպորտում և տարբեր ոլորտներում ինքնասպասարկման լայն հնարավորություններ կան, որոնք թույլ են տալիս, որպեսզի գործարք կատարելն արագ ու հարմարավետ լինի: 

Երկրորդ կարևոր հանգամանքն անվտանգությունն է, քանի որ քարտերը մեծապես զսպում են գումարի կորստի ռիսկը: Ավելին, անկանխիկի դեպքում բանկի գործիքակազմը հնարավորություն է տալիս գումարի կորստի, գողության և մի շարք այլ դեպքերում արագ արձագանքել, արգելափակել կամ սառեցնել քարտը: Կանխիկի դեպքում, ցավոք, կորստի ռիսկն ավելի մեծ է։ 

Այս առումով առավելություններից մեկն էլ բանկի Fraud monitoring-ի գործառույթն է: Ամերիաբանկն առաջիններից էր, որ ներդրեց այդ գործառույթը հաճախորդների անվտանգության համար: Բանկի համապատասխան մասնագետների թիմը 24/7 ռեժիմով հետևում է հաճախորդների ամբողջ տրանզակցիոն հոսքին և հատուկ կանոնների ներքո բացահայտում տարօրինակ գործարքներն ու պրոակտիվ կերպով գործողություններ իրականացնում, արգելափակում է քարտը՝ կանխելով հավանական զեղծարարությունը: 

Fraud monitoring-ի կատարելագործված մեթոդներից մեկն էլ հիմնված է արհեստական բանականության աշխատանքի վրա։ Համակարգն անհատականացված կերպով կարողանում է հաճախորդի ծախսերի օրինաչափությանը համապատասխան դուրս բերել նրա վարքագիծը և, նկատելով այդ վարքագծից շեղվող գործարքներ, կրկին պրոակտիվ կերպով գործողություններ ձեռնարկել: Մարդիկ որքան շատ անկանխիկ, քարտային գործարքներ կատարեն, այնքան անվտանգության ապահովման տեսանկյունից ավելի շատ տեղեկություն հասանելի  կլինի համակարգին, արդյունավետությունն էլ համապատասխանաբար կավելանա: 

Ուզում եմ նշել ևս մեկ առավելություն՝ հետվճարներն ու հետգանձումները․ հաճախորդը կարող է որևէ գործարք կատարել, հետո գնալ բանկ ու ինչ-ինչ պատճառներով բողոքարկել այն: Հաճախորդները միշտ հնարավորություն ունեն դիմելու քարտը թողարկող բանկին ու հետվճարի պահանջ ձևակերպել: Բանկն էլ իր հետաքննությունը պետք է անի, հասկանալու՝ պահանջն արդարացի է, թե ոչ: 

-Դուք նշեցիք անվտանգության կարևորության մասին, սակայն քարտային գործարքների, օնլայն դրամապանակների ավելացմանը զուգահեռ աճում են նաև կիբերհանցագործությունների դեպքերը: Ի՞նչ կանոնների է պետք հետևել գումարի կորստից զերծ մնալու համար: 

-Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ոլորտում անվտանգության մակարդակը գնալով բարձրանում է: Սակայն կա մեկ այլ հարց, որի ուղղությամբ մենք շարունակ աշխատում ենք, և դեռ անելիք շատ ունենք․ խոսքը հաճախորդների, քարտապանների ֆինանսական գրագիտության բարձրացման անհրաժեշտության մասին է, որպեսզի հաճախորդն իր տվյալներն ինքնակամ չտրամադրի երրորդ կողմին: Վերլուծությունները ցույց են տալիս, որ զեղծարարությունների դեպքում խոսքը հիմնականում ոչ թե որևէ հարթակ կոտրելու կամ տվյալների արտահոսքի մասին է, այլ նրա, որ մարդիկ զեղծարարության զոհ են դառնում իրենց տվյալները տրամադրելու պատճառով:

Այս առումով մենք շարունակական աշխատանք ենք տանում մեր հաճախորդների հետ, որպեսզի հաճախորդներն իրենց անձնական, մասնավորապես, քարտային և բանկային տվյալները չտրամադրեն այլ անձանց և պահպանեն զգոնությունը: 

Պետք է ցանկացած օնլայն վճարում իրականացնել վստահելի հարթակների միջոցով և հիշել՝ փոխանցում ստանալու համար երրորդ կողմին բավարար է իմանալ միայն հաշվեհամարը կամ քարտի համարը:  Ոչ մի դեպքում չի կարելի տրամադրել քարտի CVV-ն, մեկանգամյա գաղտաբառը, Pin կոդը: Նույնիսկ, եթե ձեզ զանգահարում ու ներկայանում են բանկի աշխատակից (ի դեպ, զեղծարարության տարածված տարբերակ է), ինչ-ինչ պատճառաբանությամբ պահանջում վերոնշյալ տվյալները, միևնույն է, ոչ մի դեպքում չի կարելի տրամադրել դրանք: Բանկը երբեք հաճախորդից չի հարցնում քարտի տվյալները՝ քարտի ամբողջական համարը, վավերականության ժամկետը, CVV կոդը, Pin կոդը, և մեկանգամյա գաղտնաբառը: Ինչպես նաև ոչ մի պարագայում քարտը պետք չէ նկարել ու ուղարկել մեկ այլ անձի: 

-Պրն Հովհաննիսյան, շնորհակալ եմ քարտային անվտանգության կանոնները ևս մեկ անգամ հիշեցնելու համար։ Այս կանոններին հետևելը կարևոր է նաև այսօր լայն տարածում ստացած միջազգային օնլայն հարթակներից գնումներ կատարելիս, քանի որ հաճախ ուշադիր չենք լինում, թե ինչ հղումով անցանք։ Դուք նշեցիք, որ անկանխիկ գործարքների թե ծավալի, թե քանակի աճ եք դիտարկում։ Այս առումով ի՞նչ տվյալներ են առկա միջազգային հարթակներից գնումների առումով։ 

-Միջազգային գործարքների մասով կարող եմ մի հետաքրքիր վիճակագրությամբ կիսվել․ այս տարվա առաջին 10 ամսվա տվյալներով միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 44%-ը: Նաև սա էր պատճառը, որ Mastercard-ի հետ համատեղ որոշեցինք իրականացնել միջազգային անկանխիկ գնումները խթանող արշավ․ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից  և կատարելով վճարումներ միջազգային օնլայն  հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Ավելին, դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, և որպես առաջին քարտ պատվիրելով Mastercard ու ակտիվացնելով այն` հաճախորդները կմասնակցեն նաև 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը: 

Առաջարկ ունենք նաև ուսանողների համար: Վերլուծել և բացահայտել ենք ուսանողների կարիքները, և ի տարբերություն մեր մյուս քարտապանների, ուսանողների համար ավելի կարևոր է քեշբեք ստանալ Հայաստանի տարածքում իրենց առօրյա ծախսերի համար կատարած վճարումների դիմաց: Այսպիսով հնարավորություն ենք տալիս մեր Visa Student քարտապաններին իրենց առօրյա վճարումների դիմաց ևս ստանալ 1% հետվճար: Նշեմ նաև, որ ուսանողների պահանջներին համապատասխան պարբերաբար նոր առաջարկներով ենք ներկայանում:

-Քանի որ խոսեցինք քարտերից, Ամերիաբանկը տարեսկզբից ներկայանում է քարտերի նոր դիզայնով, իսկ քարտապանի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան զետեղված է քարտի դարձերեսին: Ինչո՞ւ որոշվեց նման լուծումով հանդես գալ:

-Միջազգային վճարային համակարգերը՝ Visa-ն, Mastercard–ը, նման ստանդարտ դեռ տարիներ առաջ են ներդրել, ինչն էլ հնարավորություն է տվել քարտապանի տվյալները զետեղել քարտի մեկ կողմում: Մենք ևս որոշեցինք միջազգային նոր փորձը բերել Հայաստան: Նախ այսպես հաճախորդի համար քարտն օգտագործելն ավելի հարմար է, քանի որ ամբողջ ինֆորմացիան մեկ կողմում է: Եվ երկրորդ՝ դա բանկին թույլ է տալիս ավելի ժամանակակից դիզայն առաջարկել: 

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր