Մշակույթ

«Ֆոլկաստիկ»-ը՝ աշխարհի ֆոլկ երաժշտության հետքերով

5 րոպեի ընթերցում

«Ֆոլկաստիկ»-ը՝ աշխարհի ֆոլկ երաժշտության հետքերով

ԳՅՈՒՄՐԻ, 4  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած գործունեության շատ կարճ ժամանակահատվածին, Գյումրիում ձևավորված բենդը շատ արագ սիրվեց ու, ինչպես իրենք են ասում, «Ֆոլկաստիկ» հաջողություն ունեցավ: Ուրույն ոճով և առանձնահատուկ մատուցմամբ խմբի տեսահոլովակները անտարբեր չեն թողնում ֆոլկ երաժշտության սիրահարներին: Իր երգացանկի շնորհիվ «Ֆոլկաստիկ» բենդը հնարավորություն է տալիս ֆոլկի սիրահարներին «ճամփորդել» աշխարհի ֆոլկ երաժշտության հետքերով:

«Ֆոլկաստիկ»-ը ստեղծվել է 2023 թվականին «ԿԱԶԱ» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Այն Գյումրիում ապրող և ստեղծագործող 7 անդամից բաղկացած խումբ է, որոնք համախմբվել են մեկ գաղափարի շուրջ։

Բենդ ստեղծելու գաղափարը մի փոքր ավելի վաղ էր՝ 2021 թվականին, բայց այդ ժամանակ դեռ բենդի ոճային ձևավորումը ֆոլկային չէր, խմորումների փուլում էր։ «Սկզբում Ռուզաննայի ու հիմնադրամի տնօրեն Աստղիկի հետ որոշել էինք, որ միայն ու միայն «ԿԱԶԱ» հիմնադրամի նախկին ու ներկա սաներից բենդ կազմել: Հայտարարված քասթինգին միացան հիմնադրամի բոլոր երաժիշտ սաները՝ արդյունքում ընտրեցինք նրանցից երկուսին՝ Վահանին ու Միքայելին: Ավելի ուշ մեզ միացան բենդի մյուս անդամները»,-«Արմենպրես»-ին պատմում է բենդի հիմնադիր, պրոդյուսեր Տաթև Ժաքյանը:

Խոսելով տարիքային սահմանի մասին, Տաթևը ներկայացնում է՝ բազմազան է խումբը՝ 15-35 տարեկան: Խմբի ամենակրտսեր անդամը ստեղնաշարային գործիքներ նվագող Միքայելն է, ով խմբին միացել է 12 տարեկանում:

«Ֆոլկաստիկ» անվանումը խումբը ստացել է այն ժամանակ, երբ բենդին միացել է լիբանանահայ Արամ Փափազյանը, ով ֆոլկի մեծ սիրահար է: «Գտանք, որ ֆոլկը պետք է մեզ հատկանիշ դառնա, ու նոր բառ հորինելով, խումբը կոչեցինք «Ֆոլկաստիկ»,»-ասում է մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր, արվեստի կառավարիչ Տաթև Ժաքյանն, անկեղծանալով՝ երբեք պրոֆեսիոնալ կապ չի ունեցել երաժշտության հետ, թեև ծնողները երաժիշտներ են։

Տարբեր ազգերի երաժշտություն ներկայացնող բենդը նաև մասնագիտական բազմազանություն ունի՝ բացառությամբ Ռուզաննա Թադևոսյանի, ով մասնագիտությամբ երգչուհի է և ավարտել է կոնսերվատորիայի Ժողովրդական երգեցողություն բաժինը, մյուսներն այլ մասնագիտություններ ունեն. կլառնետահար Վահան Միքայելյանը ուսանող է, ապագա ատամնաբույժ է, ստեղնաշարային գործիքներ նվագող Միքայել Միքայելյանն աշակերտ է, բայց երազում է ապագայում աշխատել Ազգային անվտանգությունում, ջութակահար Նարե Ենգոյանը ուսանողուհի է, ապագա ֆինանսիստ, վոկալիստ Գայանե Անտոնյանը՝ ռեժիսոր:

Գյումրիում ծնված ու գյումրեցիներով համալրված խմբի անբաժան մասնիկն է նաև Լիբանանում ծնված, Իտալիայում կրթություն ստացած, Ֆրանսիայում որոշ ժամանակ բնակություն հաստատած հարվածային գործիքներ նվագող Արամը, ում համար Հայաստանում առաջին կանգառը Երևան էր, բայց հետո՝ ավելի հաստատուն՝ Գյումրին:

Նախ լսում են տարբեր ազգերի երգերն ու դրանցից ընտրում այն մեկը, որը հավանում են բոլորն ու որը դառնալու է երգացանկի մաս: Բենդի երգացանկը բոլորի համար է՝ գնչուականից մինչև աֆրիկյան, իտալական ու լեհական, իր ուրույն ու մեծ տեղը տալով նաև հայկականին: «Բոլոր ազգերի ներկայացուցիչներն իրենց հայրենիքը գտնեն մեզ հետ՝ սա է մեր խմբի փիլիսոփայությունն ու այնպես ստացվեց, որ մեր առաջին համերգի հանդիսատեսը շատ միջազգային էր՝ տարբեր երկրներից»,-ասում են խմբի անդամները:

«Իրականում «Ֆոլկաստիկ»-ը հնարավորություն է տալիս նաև շատ լեզուներ սովորելու՝ մոտ 13 լեզու արդեն սովորել ենք: Դժվար է սկզբում՝ այդ ազգի հնչունաբանությունն ու մտածողությունը պետք է նաև ճիշտ իմանաս, բայց նաև շատ հետաքրքիր է»,-հավելում է խմբի անդամ Գայանեն:

Բենդի գործունեության մեջ պարտականությունների տարանջատում չկա՝ երգի ընտրությունից մինչև հագուստ ու դիմահարդարում՝ ամեն ինչ բոլորի մասնակցությամբ է: Հաջողության գրավականներից մեկը դա է, մյուսը՝ հավատարիմ ու նվիրված ընկերները, որոնց շնորհիվ բենդի նույնիսկ անիրական թվացող շատ գաղափարներ կյանքի են կոչվում: «Մեր բոլոր հաջողությունների կողքին լավ մարդիկ են կանգնած եղել: Հավանաբար սա մեր գործի սիրո պատասխանն է»,-ասում է Տաթևը:

Ունեցած ելույթներից բենդն առանձնացնում է Գյումրիի օրվա տոնակատարության շրջանակներում տեղի ունեցած «Ֆեստիվառ»-ը և Գյումրիի դրամատիկական թատրոնի 159-րդ թատերաշրջանի բացումը:

Ապագա ծրագրերի մասին խոսելիս երիտասարդ խումբը շատ համեստ է՝ գտնել ու երգացանկ բերել քիչ հայտնի երգեր, ունենալ համերգներ հանրապետության տարբեր մարզերում, մինչդեռ նրանց երկրպագուներն ավելի մեծ ապագա են կանխատեսում խմբին՝ ավելի մեծ ճանաչում ու մեծ բեմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում