Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և ԿԶԵՀ-ը սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և ԿԶԵՀ-ը սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը կգնահատեն Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին հեղեղումների գոտում գտնվող 8 կամուրջների տեխնիկական վիճակը։ 

ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ նյութերի և միացումների ամրության գնահատում, ամրանների և մետաղների կոռոզիայի աստիճանի որոշում, երկար կամուրջների վիճակագրական և դինամիկ փորձարկումներ: Բացի այդ՝ կգնահատվի վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը և կմշակվեն օբյեկտների հետագա մոնիթորինգի առաջարկներ: Լուծումներ կառաջարկվեն նաև տրանսպորտային ենթակառուցվածքները ջրհեղեղների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ստացված տվյալները և մասնագիտական կարծիքը հիմնադրամն անվճար հիմունքներով կփոխանցի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ 

Մայիսյան ջրհեղեղների ավերիչ հետևանքները հաղթահարելու համար աշխատանքները Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ համագործակցությամբ։

Նախարարությունը և հիմնադրամը համատեղ մշակել են 8 կամուրջների ստուգման տեխնիկական բնութագրեր։ Ստացված տեղեկատվության հիման վրա որոշում կկայացվի նշված տեղամասերում աշխատանքներ իրականացնելու մասին։

ԿԶԵՀ-ը Հայաստանում ունի ճանապարհային ծրագրերի իրականացման հաջողված փորձ, որի ֆինանսավորման ծավալը հիմնադրամի ներդրումային վարկային միջոցներից հասնում է 350 մլն դրամի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում