Իրավունք

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ․ ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ողերձում։ 

«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, երաշխավորելու հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։

ՄԻՊ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Դրանք մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. պարբերաբար ներկայացվում են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվում և հասցեագրվում են պետական իրավասու մարմիններին:

Այս համատեքստում կարևոր է,  որ պետությունը իր որոշումներում և գործողություններում առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներով։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը բոլորիս հավաքական պատասխանատվությունն է»,- ասված է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում