Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը որոշել է վայր չդնել պատգամավորական մանդատը

3 րոպեի ընթերցում

Հովիկ Աղազարյանը որոշել է վայր չդնել պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել:

Աղազարյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

24news-ի հետ զրույցում Աղազարյանը ընթերցել է իր որոշման տեքստը: Նա, անդրադառնալով պատճառներին, նշել է, որ վարչապետի խնդրանքը մերժելու հիմք է հանդիսացել 2 հանգամանք: Նա հիշեցրել է՝ Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ նրան միջնորդել են իր որդու մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով: Այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ: Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված գործով, որով ինքը ներգրավված է որպես վկա: «Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, եթե այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ այդ գործարքին: Իսկ եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար, կզրկվեմ պատգմավորական մանդատից»,-ընդգծել է Աղազարյանը: 

Այսպիսով պատգամավորը մանդատը վայր դնելը նպատակահարմար չի համարում իր անվան, իր համբավի համար:

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ  անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։ 

Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը:

Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ քԱղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում