ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:
Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն․ Հայկ Հովյան, «Գիսանե․ հավերժական կայսրությունը»
Ֆենթեզի ժանրի այս վեպն իր տեսակով նորություն է հայ գրականության մեջ։ Այն մերօրյա գրող Հայկ Հովյանի «Միջնաբերդյան պատմություններ» շարքի հերթական ստեղծագործությունն է, որ պատմում է Հավերժական կայսրության անծայրածիր տիրույթներում իրենց անկումն ապրող միֆական էակների, նրանց պայքարի, քաջության, ինչպես նաև կայսերական խարդավանքների ու փոփոխվող ժամանակների մասին: Հերոսները ստիպված են հաղթահարել բազմաթիվ փորձություններ սոսկալի մի հանցագործություն բացահայտելու ճանապարհին, հանցագործություն, որ սպառնում է փլուզել գոյություն ունեցող աշխարհը։
Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Թարգմանական գրականություն․ Վիսենտե Բլասկո Իբանյես, «Սեր և մահ»
Բլասկո Իբանյեսի այս ժողովածուում ընդգրկված են «Լունա Բենամոր» վեպն ու 11 պատմվածք: «Լունա Բենամորն» էլ, ըստ էության, կարճ պատմվածք է, որը գրվել է Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ: Վեպի հիմքում այն ժամանակների համար չափազանց ակտուալ համարվող հակասեմականությունն է: Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Մանկապատանեկան գրականություն․ Հայկ Աջապահյան, «Եգիպտոսի կախարդանքը»
Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների:
Գիրքը լույս է ընծայել «Դավինչին»։
Փաստավավերագրական գրականություն․ Ռուզաննա Մեսրոպյան, «Ավո՛, կնուտը գցե՞մ...»
«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։
Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։