Հայաստանը՝ ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում. հնչեցին փորձագիտական գնահատականներ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաբովանդակ և հետաքրքիր զեկույցներով ուղեկցվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 28-ին անցկացված «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթ ունեցողներն անդրադարձան աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունների ազդեցությանը Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, և հատկապես՝ նոր իրողությունների պայմաններում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, հնարավոր մոտեցումներին և անելիքներին:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովում աշխարհում և տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների, դրանք գնահատելու և վերլուծելու կարևորության վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրեցին գիտնականներ, դիվանագետներ և փորձագետներ Հայաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից ու Եթովպիայից: 

Արձանագրվեց, որ տարածաշրջանային արդի վերափոխումների ու զարգացման միտումների և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնախնդիրների նման ձևաչափով քննարկումն ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական ու կիրառական նշանակություն։

Ազդեցիկ և դիպուկ ձևակերպումներով հագեցած էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի գնահատականները:

«Գիտաժողովի թեման չափազանց կարևոր է գիտական տեսակետից և, հատկապես, գործնական առումով, որովհետև ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների ընթացքում: Եվ այս պայմաններում յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր անվտանգային խնդիրներով: Այս առումով Հայաստանի համար չափազանց լուրջ մարտահրավերներ կան, որոնց հաղթահարման ուղիները կարող են բացահայտվել միայն գիտական մշակումների ճանապարհով»,- ընդգծեց ակադեմիկոս Սուվարյանը:

Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմը տարածաշրջանային փոխակերպումների հետևանք համարելը ճիշտ չէ:

«Հակառակը՝ տարածաշրջանային փոխակերպումները, որոնք թելադրվում են աշխարհաքաղաքական գործոններով, բերեցին Արցախի պրոբլեմի այդպիսի լուծմանը և Արցախը ուղղակի զոհ դարձավ աշխարհաքաղաքական գլոբալ խաղերի»,- գտնում է նա:

Ըստ գիտնականի՝ աշխարհաքաղաքական փոխակերպումներն էլ ավելի շատ պայմանավորված են երկու գործոններով՝ միաբևեռ աշխարհը բազմաբևեռ դարձնելու համար պայքարով և Արևելք-Արևմուտքի դիմակայությամբ, որը միտված է աշխարհի զարգացման տարբեր խնդիրներում առաջնային դերակատարություն ստանալուն:

Յուրի Սուվարյանը մեջբերելով իտալացի միջնադարյան մտածող Նիկոլո Մաքիավելիի խոսքերը՝ հիշեցրեց, որ հզոր է այն երկիրը, որն ունի հզոր տնտեսություն և հզոր բանակ:

«Եթե այսօրվա չափորոշիչներով դիտարկենք խնդիրը, ապա երկիրը կարող է լինել հզոր, եթե ունի տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն: Իհարկե, դա ենթադրում է ունենալ նաև հզոր գիտություն: Գիտությունը ոչ միայն տնտեսության, այլև երկրի անվտանգության զարգացման գլխավոր գործոնն է: Մեր անվտանգային միջավայրը ապահովելու տեսանկյունից էական է նաև հայկական բանակը՝ գերազանցապես սեփական արտադրության զենքերով զինելը: Եվ երրորդ կարևոր գործոնը՝ պետք է ունենանք շատ ճկուն դիվանագիտություն, որպեսզի կարողանանք մեր շահերը դիտարկել համաշխարհային շահերի համակարգում և ըստ այդմ կողմնորոշվել: Եթե հզոր չլինենք՝ գործոն չենք կարող դառնալ»,- հայտարարեց գիտնականը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի ելույթի թեման էր «Հայաստանը փոխակերպվող Հարավային Կովկասում. աշխարհառազմավարական տեսադաշտ»: Անվանի գիտնականը ներկայացրեց մեր տարածաշրջանում ներկայում տեղի ունեցող աշխարհառազմավարական գործընթացների, անվտանգային առումով Հայաստանի արտաքին մարտահրավերների վերաբերյալ իր ընկալումները:

«Առանձնացրել եմ աշխարհառազմավարական նշանակության երեք գործընթաց: Առաջինն այն է, որ Հարավային Կովկասը պայքարի թատերաբեմ է դառնում աշխարհի տարբեր ուժային կենտրոնների միջև: Այդ պայքարը սրացման միտում ունի: Երկրորդ՝ փորձ է արվում սրացմանը հակադրել տարածաշրջայնացումը: Երրորդ՝ մեր տարածաշրջանի համաշխարհայնացումն է: Այսինքն, Հարավային Կովկասը ներգրավվում է համաշխարհային կառույցներում: Նախկինում այս տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ոլորտում և, ըստ էության, դուրս էր համաշխարհային գործընթացներից»,- նշեց Սաֆրաստյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանի դիտարկմամբ՝ ԼՂ-ում 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակում է նոր անվտանգային միջավայրի ձևավորումը:

«Հարավային Կովկասի երեք երկրներում ընթացող փոխակերպման գործընթացներն ու արտատարածաշրջանային ռազմաքաղաքական փոփոխություններն իրենց հետ բերեցին անվտանգային մի շարք խնդիրներ, որոնք քաղաքական նոր դաշինքների ստեղծման և աշխարհաքաղաքական նոր նախընտրությունների առիթ հանդիսացան հարավկովկասյան երեք պետությունների համար: Պետք է նշել, որ անվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորում են Պարսից ծոցը Սև ծովին միացնելու համար Հյուսիս-Հարավ միջանցքի և Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Միջին միջանցքի մեգածրագրերի իրագործման համատեքստում»,- նշեց Վարդանյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը նկատեց.

«Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանային խնդիրները ոչ միայն լուծում չստացան, այլև առիթ հանդիսացան տարբեր աշխարհաքաղաքական բևեռների համար՝ մրցակցության, դիրքավորման, խնդիրների նորովի լուծման համար: Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական բևեռ այդ խնդիրներին նայելու է զուտ իր շահերի դիտանկյունից և հաճախ դրանք չեն համընկնելու հայկական շահերին: Այս խիստ կարևոր գիտաժողովի նպատակն է վեր հանել այդ բևեռների շահերը, փորձել հասկանալ, թե որ հատվածներում դրանք կարող են համընկնել ՀՀ կենսական շահերին և բարձրաձայնել այդ մասին»:

Սիրիայում, Թունիսում և Մարոկկոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը Մավրիտանիայում գտնվելու պատճառով չկարողացավ անձամբ ներկայացնել իր դիտարկումները: Փոխարենը, դահլիճում ընթերցվեց նրա ուղերձը, որում արձանագրվում է՝ գիտաժողովի օրակարգում կարևոր հարցեր են, որոնց քննարկումը և դրանց վերաբերյալ եզրակացությունները կարող են շահեկան լինել ՀՀ արտաքին քաղաքականության մշակման առումով:

ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանն էլ անդրադարձավ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների ազդեցությանը Հայաստանում և Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին:

 

Հայերեն العربية