Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Ոլորտում տարվող աշխատանքների շրջանակներում Պաշտպանն անդրադարձել է տարբեր խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության կարևորությանը։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, դրանով նախատեսվելիք կառուցակարգերին ու օրենսդրական մակարդակում իրավահավասարության երաշխավորմանն ուղղված անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ներդրմանը։ Նշվածի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, ի թիվս այլնի, փաթեթի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացված գրավոր կարծիքում արտահայտված դիրքորոշումներն ու աշխատանքային քննարկումների արդյունքները։ 

Զրուցակիցները շեշտադրել են օրենսդրական փաթեթի պատշաճ կիրարկման ու իրավահավասարության մանդատի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ու բավարար ռեսուրսներով ՄԻՊ-ին ապահովելու հարցը՝ ուղղված ինչպես բավարար թվով աշխատակիցների առկայությանը, նրանց պատշաճ վարձատրությանը, շենքային անհրաժեշտ պայմանների երաշխավորմանը, այնպես էլ համապատասխան կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունն ապահովելուն։ 

Նշվում է, որ Անահիտ Մանասյանն իրավահավասարության սկզբունքի երաշխավորման համատեքստում ընդգծել է ինչպես օրենսդրական փոփոխությունների շուտափույթ ընդունման ու հակախտրականության գործիքների հրատապ ներդրման, այնպես էլ հասարակության բոլոր շերտերում գոյություն ունեցող կարծրատիպերի հաղթահարման ու ոլորտում կրթական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում