Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները քննարկել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները

7 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները քննարկել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություններին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի հետ սերտ համագործակցություն է ընթանում տարբեր ուղղություններով:

Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ երիտասարդներին ուղղված քաղաքականությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է, և վերջինիս զարգացմանն է միտված ՀՀ կառավարության կողմից վերջերս հավանության արժանացած «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ: Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել՝ օրենքի ընդունումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կաջակցի օրենքի կիրարկումն ապահովող տարբեր գործողությունների իրականացմանը, այդ թվում՝ երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնմանը և դրանց բովանդակության հարստացմանը: 

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ պետական բյուջեի միջոցներով ձևավորված երիտասարդական կենտրոններում և ստեղծվելիք նոր կենտրոններում պետք է ապահովվի համապատասխան միջավայր՝ երիտասարդների ներուժի բացահայտման և զարգացման, ակտիվ քաղաքացիության գործադրման կարողունակության ձևավորման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։ Քննարկվել են նաև երիտասարդների մասնակցությամբ կլիմայի փոփոխության, բնապահպանական խնդիրների և այդ ոլորտի ակտիվությանը վերաբերող ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը տարբեր միջոցառումներում երիտասարդների մասնակցության ցուցանիշի բարձրացման, երիտասարդների շրջանում հետազոտությունների իրականացման, մասնավորապես՝ երիտասարդության մասնակցության ինդեքսի մշակման աշխատանքներում, ինչպես նաև կտրամադրի փորձագիտական աջակցություն և կօժանդակի Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում կիրառված լավագույն փորձի ներդրմանը մեր երկրում:  

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովան կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը երիտասարդների զարգացման և ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրերի ձևավորման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովմանը ՀՀ ողջ տարածքում: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ վերոնշյալ ծրագրում նախանշված թիրախի՝ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը պետք է ստանա նախադպրոցական կրթություն: Հետևաբար, ներկայում ընթացքի մեջ գտնվող «500 մանկապարտեզ» ծրագրի կողքին տարբեր մոտեցումներ և մոդելներ են կիրառվում՝ այդ հավակնոտ թիրախին հասնելու համար: Այդ գործընթացում փոխնախարարը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցությունը: 

Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցությունը նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների տրամադրման ուղղությամբ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել՝ սա կնպաստի ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախների իրագործմանը:

Նախարարի տեղակալը նաև նշել է՝ շարունակվում է մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման ու վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովան շեշտել է նախադպրոցական ոլորտում ներառական կրթության պատշաճ իրականացման, ինչպես նաև հոգեկան առողջությանը վերաբերող ծրագրերի ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Իվելինա Բորիսովան ընդգծել է Հայաստանի դրական փորձն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցությունը մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում