ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելով՝ պետությունը նպատակ ունի նվազեցնել հարկվելուց խուսափելու ռիսկը, ստեղծել հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսավարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում: Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը չի բացառում, որ սրան կարող է հետևել գների բարձրացում, բայց էական ծավալի գնաճ չի սպասում:
«Արմենպրես»-ն Ալավերդյանի հետ զրուցել է կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնության նպատակի, սպասվող արդյունքների, գների հնարավոր բարձրացման, տարբեր խմբերի բարձրաձայնած մտահոգությունների ու այլ հարցերի մասին:
-Նախատեսվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից, այսինքն՝ հատուկ հարկման համակարգից տեղափոխել ընդհանուր, այսինքն՝ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ։ Նախագիծը ոչ միանշանակ է ընդունվել շահագրգիռ կողմերի, մասնագետների շրջանում: Հիմնական մտահոգությունն այն է, որ այսպիսով փոքր ու միջին ընկերությունների գործունեությունը չի խրախուսվում, և սա կխոչընդոտի նրանց զարգացմանը, իսկ մեծ բիզնեսները կշարունակեն նույն պայմաններում գործել: Հարկը փաստորեն շուրջ 6 անգամ բարձրանալու է, այս առումով դուք մտահոգվելու առիթ չեք տեսնո՞ւմ, մտավախություն չկա՞, որ ընկերություններ, բիզնեսներ կփակվեն:
-Հարկային բեռի բարձրացում, բնականաբար, տեղի կունենա: Փաստաբանական ծառայությունները տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ: Փաստաբանները 2025-ի հունվարից վճարելու են ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Հաշվի առնելով այն, որ իրենք 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ, որտեղ հարկային բեռն ավելի բարձր է, ապա, այո, հարկային բեռի ավելացում տեղի է ունենալու: Բայց համակարծիք չենք այն մտքի հետ, որ համատարած հարկային բեռի ավելացում է տեղի ունենալու, և լինելու է այնպիսի ավելացում, որ էական խոչընդոտներ է ստեղծելու կամ հանգեցնելու է բոլոր փոքր ու միջին ձեռնարկատիրական սուբյեկտների գործունեության դադարեցմանը: Նախ փաստաբանական ծառայությունների մասով գների փոփոխություն մենք շուկայում նկատել ենք մինչև օրենսդրական փոփոխությունները, և բացատրությունը, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը, դեռ չենք ստացել: Այսինքն՝ դա միանշանակ պետական գործունեության արդյունք չէ, այլ հիմնավորում ունի, հավանաբար՝ տնտեսական: Նաև տնտեսավարող սուբյեկտների մոտ մատուցվող ծառայությունների գները՝ անկախ նրանից, թե իրենք ինչ հարկման համակարգում են, կարծես թե, միմյանցից էականորեն չեն տարբերվում: Պայմանական, եթե կա ավելացված արժեքի հարկ վճարող փաստաբանական ծառայություն մատուցող ընկերություն և շրջանառության հարկ վճարող փաստաբանական ծառայություն մատուցող ընկերություն, երկուսն էլ նույն ծառայության համար առաջարկում են նույն գինը, ինչը նշանակում է, որ դա ավելացված արժեքի հարկ պարունակող գին է, որովհետև իրենց մրցակից ԱԱՀ վճարողը ևս այդ գինն է առաջարկում: Իսկ շրջանառության հարկ վճարողն, այդ գինը կամ մոտ գին առաջարկելով, ԱԱՀ չի վճարում: Ստացվում է, որ իր առաջարկած գնի մեջ կա ԱԱՀ, բայց դրա գումարը պետական բյուջե չի վճարվում: Երբ շրջանառության հարկ վճարողն ու ԱԱՀ վճարողն առաջարկում են պայմանական 100 միավոր գին, և ասում ենք, որ հարկման համակարգի փոփոխությունը բերելու է գների փոփոխության, ինձ մոտ շատ պարզ հարց է առաջանում՝ իսկ այդ գներն ինչո՞ւ հակառակ ուղղությամբ փոփոխված չեն, երբ հարկային համակարգը տարբեր է՝ ի օգուտ շրջանառության հարկ վճարողների:
Այո, համեմատած շրջանառության հարկի դրույքաչափի, հարկային բեռի բարձրացում լինելու է, բայց ոչ այնքան ահռելի, որի մասին խոսվում է:
-Փորձը ցույց է տալիս, որ հարկերի բարձրացման բեռը բիզնեսները վերջում թողնում են սպառողների ուսերին, այսինքն՝ գնում են ապրանքների, ծառայությունների գների բարձրացման: Կա՞ն հաշվարկներ, թե այս նախագծի ընդունումը գնաճի վրա երկարաժամկետ կտրվածքում ինչ ազդեցություն կարող է ունենալ:
-Ճիշտ եք, այլ հավասար պայմաններում ենթադրվում է, որ անուղղակի հարկերի գծով բեռի վերանայումը հանգեցնում է ծառայության, ապրանքի գնի վերանայման: Երբ տեղի է ունենում հարկային բեռի բարձրացում, բնականաբար, հարկ վճարողներն իրենց շահույթից մեծ հաճույքով չեն հրաժարվում, ձգտում են դրանք ամեն գնով տեղափոխել սպառողի վրա: Բայց սա բացարձակ ճշմարտություն չէ: Այնպես չէ, որ տնտեսության մեջ բոլոր դեպքերում նույն վարքագիծը ցուցաբերվում է: Փորձը դա է ցույց տալիս: Հաճախ ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը նույն կերպ նույն չափով գների բարձրացման չի հանգեցնում շուկայում: Ինչ-որ մի մակարդակում տնտեսավարողները սկսում են նաև որոշակի առումով իրենց շահույթի հաշվին ֆինանսավորել գինը՝ օրինակ ավելացվող ակցիզային հարկը: Այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը տեսնում է, որ իր կողմից վաճառվող ապրանքն այդ գնի պայմաններում մրցունակ չէ շուկայում, ինչ-որ առումով գինը պահում է ոչ այն մակարդակին, որն ակնկալվում էր, և մյուս տնտեսավարողներն էլ սկսում են նույն կերպ շարժվել, տեսնում են, որ շուկայում կա իրենց ապրանքից ավելի էժան ապրանք, սկսում են բալանսավորել: Հետևաբար, շուկան «անտեսանելի ձեռքի ուժով» սկսում է իրեն կարգավորել: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գների բարձրացում, այդուհանդերձ կար, բացի այդ, ըստ էության, բոլորը ավելացված արժեքի հարկ գանձում են, սպառողից վերցնում են՝ մենք ակնկալում ենք, որ հարկման համակարգի փոփոխության արդյունքում շուկայում գների մրցակցության արդյունքում իմ նկարագրած երևույթն անխուսափելիորեն տեղի է ունենալու: Սակայն դժվար է կանխատեսել, թե գինը որ կետում կկանգնի: Հաստատակամորեն կարելի է ասել, որ շուկայում գների էական բարձրացում՝ օրինակ 35, 45 տոկոսի չափով փոփոխություն, տեղի չի ունենալու: Բայց որոշակիորեն հնարավոր է, որ տեղի ունենա:
-Այսպիսով, ըստ Ձեզ՝ գնաճ կլինի, բայց ոչ շատ մե՞ծ:
-Այո, ոչ այն կարգի, որ մենք ունենանք որոշ շրջանակների կողմից կանխատեսվող երևույթներ, որ հարկ վճարողները կդադարեցնեն իրենց գործունեությունը, կփակվեն, չեն մատուցի ծառայություններ: Ես չեմ բացառում, որ, միգուցե, այս ամենի արդյունքում մրցակցությունը սրվի, և դա նորմալ է, որ սրվի: Հիմա հակառակն է տեղի ունենում, ի օգուտ շրջանառության հարկ վճարողի՝ ստեղծված է մի իրավիճակ, որ մի դեպքում այդ տնտեսավարողները չեն ուզում մեծանալ՝ ստվերում մնալով, շրջանառություն թաքցնելով, մյուս դեպքում մեծերը բաժանվելով գալիս, մրցում են փոքրերի հետ: Այսինքն՝ հարկման ռեժիմ ընտրելու մրցակցության առումով երկկողմանի խեղված իրավիճակ ունենք, որը բերել է այսօրվա ստեղծված իրավիճակին, երբ շրջանառության հարկի համակարգում են աշխատում մեծերի մոտ նախկինում աշխատանք կատարած սուբյեկտներ, անձինք, որոնք առանձնացնել են մեծերից ու նախկին հաճախորդներին ծառայություններ են մատուցում՝ որպես անհատ ձեռնարկատեր:
-Պարոն Ալավերդյան, հարկային բեռի բարձրացում է լինելու մի շարք մասնագիտական ծառայությունների ոլորտում, օրինակ, փաստաբանական ծառայությունների, շենքերի շինարարության, անշարժ գույքի գործառնությունների, ընդ որում, վերջինում գների էական բարձրացում է տեղի ունեցել: Տպավորություն է ստեղծվում, թե էական գնաճ չլինելու առումով հույս է դրվում շուկայի ինքնակարգավորման վրա: Ձեր կարծիքով՝ այս ոլորտներում էական գնաճ չի՞ լինի:
-Իմ կարծիքով՝ շինարարության մասով գների բարձրացում ընդհանրապես չպետք է լինի: Այս ոլորտում ձեռքբերումները բավականին մեծ ծավալ են կազմում, ձեռքբերումները բավականին մեծ ծավալով հնարավոր է փաստաթղթավորել՝ ավելացված արժեքի հարկ պարունակող հաշվարկային փաստաթղթերով, հարկային հաշիվներով: Ընդ որում, խոսքը փոքր շինարարական ընկերությունների մասին է, շինարարության մեջ 115 մլն դրամ շրջանառության շեմը հատելը շատ հեշտ է: Ես որևէ կերպ չեմ հասկանա գների բարձրացման պայմանավորումը հարկային դաշտի փոփոխությամբ: Շրջանառության հարկի համակարգում տնտեսավարողը, օրինակ, ցեմենտ է ձեռք բերում, որում կա ավելացված արժեքի հարկ, և ինքը հնարավորություն չի ունենում այդ ԱԱՀ-ն հաշվանցել: ԱԱՀ-ի համակարգում հնարավորություն է ունենալու այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցել: Այս ձեռքբերումների առկայության պայմաններում շրջանառության հարկի համակարգից ավելացված արժեքի հարկի համակարգ տեղափոխվելն ու ակնկալելը, որ գինն էականորեն կբարձրանա, մասնագիտական որևէ հիմնավորում չունի այս պարագայում:
Միջնորդական ծառայությունները, որպես կանոն, հիմնված են գործարքի վրա, գործարքով պայմանավորված՝ միջնորդական ծառայության գին են որոշում: Նկատի ունենանք նաև, որ շուկայում, կարծես, գներն իջնելու միտում է նկատվում: Եթե անգամ որպես անհատ ձեռնարկատեր են գրանցվել և, ենթադրենք, միջնորդական ծառայություններ են մատուցում իրենց բնակարանում, այո, իրենց մասով ձեռքբերումներ չկան: Բայց իրենց ծառայությունները ևս փաստաբանական ծառայությունների նման են: Կա մեծ միջնորդական ծառայություն մատուցող ընկերություն, որն իր ողջ ծառայությունները հարկում է ավելացված արժեքի հարկով, և կա անհատ անշարժ գույքի գործակալ, որը ևս իր ծառայություններն է մատուցում: Երկուսն էլ նույն ծառայության համար ստանում են նույն գումարը, սակայն մեկը ԱԱՀ վճարում է, մեկը՝ ոչ: Կարծում եմ՝ իրենք ունենալու են ԱԱՀ-ն վճարելու փողային հոսք, այնպես չէ, որ ծառայությունը մատուցելու են և գումար չեն ունենալու վճարելու համար: Ուղղակի տեղի է ունենալու համակարգի փոփոխություն, բոլորը մրցելու են նույն միջավայրում, և կարծում եմ՝ այդ մրցակցության արդյունքում շուկան հարկման դաշտում առաջացած հավասար մրցակցության պայմաններում թելադրելու է իր կանոնները, ձևավորելու է իր միջավայրը: Չեմ կարող բացառել, որ դրան չեն կարող դիմանալ մի քանի հարկ վճարողներ:
-Փաստաբաններն ընդգծում են, որ իրենք նաև անվճար ծառայություններ են մատուցում: Նրանք մտահոգվում են՝ այս պարագայում փաստացի ստացվելու է, որ իրենք գումար չեն ստանում, սակայն պետք է դրա համար հարկ վճարեն: Բացի այդ՝ դա կավելացնի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը՝ սա այն դեպքում, երբ հոկտեմբերին ընդունված օրենքի նախագծով նախատեսվում է հանրային պաշտպանների թիվը նվազեցնել:
-Այո, մեր օրենսդրությունն ԱԱՀ դաշտում ենթադրում է, որ անհատույց մատուցված ծառայություններից շուկայական գների հիման վրա ԱԱՀ-ի գծով պարտավորություն կարող է առաջադրվել: Դա կանոն է, որը գործում է ԱԱՀ-ով հարկվող բոլոր տեսակի գործունեությունների դեպքում: Սա հարկումից խուսափելու ռիսկերը կարգավորող կանոն է, որ հատուցում ենթադրող գործարքը չձևակերպվի անհատույց գործարքի անվան տակ: Համաձայն ենք, որ հնարավոր է, որ հարկման հետ կապված խնդիրներ առաջանան անհատույց մատուցվող ծառայությունների համար: Մենք այս հարցին անդրադարձել ենք դեռ մայիս, հունիս ամիսներին փաստաբանների հետ քննարկումներում, ԱԺ-ում: Հայտնել ենք պատրաստակամություն՝ վերանայելու հանրային պաշտպանի ինստիտուտի ֆինանսավորումը, դիտարկել հնարավոր տարբերակները: Կարելի է քննարկել հետևյալ տարբերակը՝ օրինակ, Փաստաբանների պալատի ներքո կամ համակարգմամբ ստեղծվի փաստաբանների խումբ կամ ոչ առևտրային բնույթի կազմակերպություն, որի կանոնադրական խնդիրը կլինի ինչ-որ կատեգորիայի անձանց անվճար փաստաբանական ծառայությունների մատուցումը, և դրանք կլինեն չհարկվող ծառայություններ: Այդ դեպքում իմ նշած հարկումից խուսափելու ռիսկը կառավարող կանոնը չի գործում:
Հիմա բարձրաձայնվում է իրավաբանական ծառայությունները, պաշտպանվածությունը անհասանելի դարձնելու խնդիրը. մենք այս հարկային օրենսդրության փոփոխություններով ամենևին չէինք կարող նման հավակնություններ ունենալ:
-Հնարավո՞ր է, որ նախագծում փոփոխություններ արվեն, և որոշ գործունեության տեսակներ այս փուլում չանցնեն հարկման ընդհանուր համակարգի:
-Հնարավոր են որոշ փոփոխություններ: Կառավարությունից ԱԺ ուղարկված տարբերակում մի քանի գործունեության տեսակներ արդեն հանել ենք, օրինակ, անասնաբուժությունը, գիտական աշխատանքների կտորը և այլն: Դրանք այնպիսի գործունեության տեսակներ չեն, որտեղ հարկումից խուսափելու ռիսկը, անհավասար մոտեցման երևույթներն ընդգծված են: ԱԺ-ում տարբեր առաջարկներ հնչել են, հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ արվեն:
-Տարբեր շրջանակների կողմից բարձրացված մյուս մտահոգությունն այն է, որ հարկերը պլանավորվածից ավելի քիչ են հավաքվում, թերակատարման խնդիր կա, և կառավարությունը նման որոշումներով պարզապես փորձում է պետբյուջեի հարկային մուտքերն ավելացնել: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:
-Մենք գնահատել ենք, որ մասնագիտական ծառայությունների մասով պետական բյուջեի լրացուցիչ եկամուտները կազմելու են 13 մլրդ դրամ: Այդ 13 մլրդ դրամը գնահատվել է՝ հաշվի առնելով, որ շրջանառության հարկի համակարգում այսօր 5 տոկոս դրույքաչափ է, հաշվի չի առնվել, որ բարձրանալու և 10 տոկոս է լինելու: Նույնիսկ 13 մլրդ դրամն այսպիսի համակարգային փոփոխության համար մեծ հիմնավորում չէր կարող լինել: Տարեկան ընդամենը 13 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտների մասին է խոսքը: Եվ սա չէ այս օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը: Այս ամենի հիմնական շարժիչ ուժն այլ է: Այո, հավաքագրումները պլանավորվածից հետ են, բայց 13 մլրդ-ով ճեղքը չես փակի: Նպատակը հավասար հարկային պայմաններ ստեղծելն է, հարկումից խուսափելու ռիսկերը կանխելն է, նույն տեսակի ծառայությունների հարկումը նույն համակարգում և հարկման այլընտրանքային համակարգերի՝ այդ թվում միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի հնարավորինս նեղացումն է: Ինչքան գնում, այնքան սուր են դառնում հարկումից խուսափելու բոլոր այն ռիսկերը, որոնք ձևավորվում են ցածր հարկային բեռի պայմաններում: Մենք բեռ ենք բարձրացնում, որ փորձեն իրենք բարձրանալ վերև, հարկային բեռը չլինի ցածր, որ ամեն գնով տեղավորվեն այս համակարգերում, շրջանառություններ թաքցնեն: Այդ «տնտեսական խթանը», որը կա շրջանառության հարկի համակարգում ցածր հարկային բեռի տեսքով, ամեն կերպ իմաստազրկում ենք, որ չլինի այդ խթանը, որ տնտեսավարող սուբյեկտները բաժանվեն, կիսվեն:
-Շատ է խոսվում բիզնեսների արհեստական տրոհման մասին, կա՞ն բացահայտված կոնկրետ դեպքեր՝ բիզնեսի արհեստական տրոհման, որ չանցնեն շրջանառության 115 մլն դրամի շեմն ու շարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում:
-Այդ երևույթներն ընդգծված կան: Երբ հնարավոր է լինում դա բացահայտել, ՊԵԿ-ը Հարկային օրենսգրքով գործիքակազմ ունի՝ կանխելու այդ երևույթները: Բայց մեր տնտեսավարող սուբյեկտները ևս հասկանում են այդ գործիքակազմերի առկայությունը և փորձում են այլ սկզբունքներով նայել:
-Այս պահի դրությամբ քանի՞ տնտեսավարող է գործում հարկման հատուկ համակարգում, քանի՞սը՝ ընդհանուր համակարգում: Շրջհարկի դաշտում գործող քանի՞ տնտեսավարող է դուրս գալու:
-Օրինակ, 2500 շրջանառության հարկ վճարող իրավաբանական, հաշվապահական ծառայություն մատուցող ունենք, բայց ընդամենը՝ 338 ԱՀՀ վճարող: Եթե նախատեսված մասնագիտական ծառայությունների կազմով ընդունենք, հարկման հատուկ համակարգերից ԱԱՀ-ի համակարգ տեղափոխվելու է 12 հազար 800 հարկ վճարող:
-Վերջերս էլ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց, որ Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը՝ շրջանառության հարկի համակարգը համարելով ապապետական: Եթե նպատակը բիզնեսի զարգացումն այս հարկային համակարգով չկասեցնելն է, ապա չի՞ դիտարկվել նաև շրջանառության հարկի շեմի բարձրացումը (115 մլն դրամ), այլ ոչ թե այս հարկատեսակը հանելը:
-Այդ դեպքում մենք այսօրվա իրավիճակն ավելի խորը կունենայինք: Եթե, օրինակ, 115 միլիոնի փոխարեն 200 միլիոն սահմանենք, ապա դա կնշանակի, որ հարկ վճարողները կիսվելուց ավելի հեշտությամբ կտեղավորվեն այդտեղ:
-Իսկ շրջհարկի շեմի նվազման տարբերակը քննարկվե՞լ է:
–Այո, քննարկվել է, դա եղել է այլընտրանքներից մեկը: Պարզապես նպատակահարմար է համարվել հարկման հատուկ համակարգերի նեղացմանն ուղղված միջոցառումներն իրականացնել այս քայլերի միջոցով, հաջորդիվ քննարկել հատուկ համակարգերը վերաիմաստավորելու, վերափոխելու տարբերակները՝ այն առումով, որ դրանք լինեն միայն շատ հատուկ, փոքր սուբյեկտների համար, չունենան հարկային այնպիսի արտոնյալ իրավիճակ, ինչն այսօր գոյություն ունեցող համակարգում կա:
-Հարկման համակարգերի շուրջ ներկայումս ի՞նչ աշխատանքներ են տարվում, հնարավո՞ր է նոր հարկային օրենսգրքի ընդունում:
-Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հեռանկարների վերաբերյալ քննարկումներ՝ այն իմաստով, որ որոշվեն Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները: Պետք է նախագծվեն և ապահովվեն դրանց սպասարկող հարկային քաղաքականության ուղղությունները, որպեսզի հարկային օրենսդրության համակարգային փոփոխությունները սերտաճած լինեն տնտեսական հեռանկարային նպատակադրումներին, որ կետային լուծումներից, համակարգերի կետային փոփոխություններից առավելագույնս զերծ մնանք: Տնտեսական զարգացման այս հեռանկարների որոշումը, միգուցե, բերի մի իրավիճակի, որ Հարկային օրենսգրքում համակարգային կարգավորումների անհրաժեշտություն լինի, միգուցե, դրա արդյունքում Հարկային օրենսգիրքը նորովի գրվի: Այս ամենը կախված է նրանից, թե ինչ տնտեսական քաղաքականության հեռանկարներ, ուղղություններ, նպատակադրումներ կձևավորվեն մեր քննարկումների արդյունքում:
-Ի՞նչ է լինելու արտոնյալ հարկային համակարգերի հետ, դրանք կհանվե՞ն լրիվ, թե՞ պարզապես հնարավորինս կնեղանա դրանց շրջանակը:
-Դրանք հնարավորինս կնեղանան: Երկու համակարգերը (խմբ.-միկրոձեռնարկատիրություն, շրջանառության հարկ) կնեղանան այնպես, որ լինեն առավելագույնս թիրախային՝ առավելագույնս փոքր ու միջին ձեռնարկատիրությանը միտված, ոչ թե այնպիսի համակարգեր, որտեղ կտեղավորվեն մեծերը, իսկ փոքրերը չեն ցանկանա զարգանալ: