Իրավունք

Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը. Անահիտ Մանասյան

3 րոպեի ընթերցում

Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը. Անահիտ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Հիշեք, որ ձեր ճիշտ վարքագծով կարող եք փոխել միջավայրը»,- ասել է Անահիտ Մանասյանը։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են նաև ուսուցիչներ, երեխաների ծնողները և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ 

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր խնդիրներ․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքը և այլն։

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի: 

Նշվում է, որ, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն կատարած այցի մասին, որին իր հետ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանն ընդգծել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին:

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում