ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնուրույն կուրսը, որով նա դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։
«Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների՝ իրենց ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ դե յուրե Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։
ՌԴ նախագահի օգնականը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են։
«Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- եզրափակել է Ուշակովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։
Նոյեմբերի 28-ին Աստանայում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնց Հայաստանը չի մասնակցելու։