Վրաստան

Վրաստանում հույս ունեն, որ Վաշինգտոնը չի դադարեցնի ռազմական համագործակցությունը Թբիլիսիի հետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում հույս ունեն, որ Վաշինգտոնը չի դադարեցնի ռազմական համագործակցությունը Թբիլիսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ն կվերանայի ռազմական համագործակցությունը դադարեցնելու իր որոշումը, մասնավորապես՝ «Արժանի գործընկեր 2024» միջազգային զորավարժությունների՝ անորոշ ժամանակով հետաձգումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիկովանին։

«Ցավալի և անհասկանալի էր Միացյալ Նահանգների կողմից «Արժանի գործընկեր» զորավարժությունների հետաձգման որոշումը: Այդ ընթացքում մենք մի շարք զորավարժություններ ենք անցկացրել մեր միջազգային գործընկերների հետ։ Հուսով ենք, որ նման որոշումները վերջին հաշվով կվերանայվեն հարաբերությունների վերանայման քաղաքականության շրջանակներում», - ասել է Չիկովանին:

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ կառավարության կազմը կհաստատվի նոյեմբերի 28-ի լիագումար նիստում:

Թբիլիսիի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից   «Օտարերկրյա գործակալների թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անորոշ ժամկետով հետաձգել է ամռանը նախատեսվող «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում