Տնտեսություն

Կենսաթոշակային ֆոնդերի միջոցներով Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների հնարավորություն է ստեղծվում

5 րոպեի ընթերցում

Կենսաթոշակային ֆոնդերի միջոցներով Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների հնարավորություն է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային ֆոնդերի միջոցները ուղղակի ներդրումների միջոցով կարող են ուղղվել Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: 

«Այս պահին ՀՀ տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ կատարելու սահմանափակում կա, միայն գրանցված ֆոնդերի միջոցով է հնարավոր ներդրումներ անել, ուղիղ ներդրումներ անել հնարավոր չէ: Դրա հիմնական իմաստն այն էր, որ մենք ուզում էինք, որ մեր ֆոնդերի և վերջնական ներդրումների միջև որևէ ինստիտուտ լիներ, որպեսզի ռիսկերը կառավարվեին»,-ասաց Նուրբեկյանը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանում ներդրումային նախագծերը հիմնականում ֆինանսավորվում են հրապարակայնորեն չշրջանառվող (չցուցակված) ֆինանսական գործիքների միջոցով: Մինչդեռ ոչ հրապարակային (չցուցակված) գործիքներում ներդրումների իրականացման հնարավորությունը տրված է միայն անուղղակի ձևով՝ այլ ներդրումային ֆոնդերի միջոցով, ինչը սահմանափակում է կենսաթոշակային խնայողությունների՝ տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը և նվազեցնում ֆոնդերի կառավարման արդյունավետությունը: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: 

Ոչ հրապարակային (չցուցակված) ֆինանսական գործիքներում ուղղակի ներդրումները թույլատրվում են միայն անուղղակի՝ այլ ֆոնդերում ներդրումների միջոցով՝ առավելագույնը 10 տոկոս սահմանաչափով:10 տոկոս սահմանափակումը պահպանվում է, պարզապես ուղղակի ներդրումների գործիքները բացվում են:

«Միջազգային կազմակերպություններից մեկի հետ մեր ֆոնդերից մեկը փոխըմբռնման հուշագիր է կնքել, և իրենք կարող են ուղղակի համաներդրող լինել ՀՀ ենթակառուցվածքների կամ ընկերությունների մեջ»,-ասաց ԿԲ փոխնախագահը:

Պահպանողական ֆոնդի դեպքում մինչև 25 տոկոսի չափով կարելի է կատարել բաժնային ներդրումներ: Նախագծով գլխավոր դրամատունն առաջարկում է մինչև 35 տոկոսի հնարավորություն տալ: Ըստ Նուրբեկյանի՝ ժամանակը ցույց է տվել, որ կարելի է ռիսկային գործիքների մեջ ավելի շատ ներդրում անել: Միջազգային չափանիշների համեմատ անգամ 35 տոկոսը շատ պահպանողական է: 

Գործող կարգավորումների համաձայն՝ մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Ըստ նախագծի՝ Կենտրոնական բանկի և ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի՝ Ֆինանսների նախարարության համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը: 

«Կապիտալի շուկայում ԱՄՆ-ն շատ մեծ դեր ունի, և 15 տոկոսը մեր ֆոնդերին սահմանափակում է կապիտալի շուկայում համամասնորեն ներդրում անելը»,–ասաց Նուրբեկյանը: 

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու կենսաթոշակային հաշվին կուտակվում է նրա աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար, կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Քաղաքացիները կարող են գումարները կուտակել իրենց նախընտրելի ֆոնդում: Ֆոնդերի ակտիվներով կառավարիչ ընկերությունները ներդրումներ են կատարում Հայաստանում և արտասահմանում: Կան 3 տեսակի ֆոնդեր ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնց լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում