Հայաստան

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

5 րոպեի ընթերցում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IDeA հիմնադրամից հայտնում են, որ հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Tatev2.png

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․ և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:

«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զարգացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը: 

Երկրորդ տարին է, որ հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,-ասել է «Տաթևեր» ճոպանուղու  ծրագիրն իրականացրած Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: 

«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Մարիա Բուտենկոն ընդգծել է մրցանակի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ 

«World Travel Awards-ում հաղթելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի այս ծրագիրը ճիշտ էր մտածված, լիովին  ծառայում է իր նպատակին և շարունակում է  ու շարունակելու է օգուտ բերել Հայաստանին: «Տաթևեր»-ն, անկասկած, ավելացնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:  Մեր հիմնական նպատակն է հյուրերին լավագույնս ներկայացնել Հայաստանը՝ հատկապես նրա զարմանահրաշ հարավային շրջանը, և նրանց իսկապես անմոռանալի փորձ մատուցել: Հույս ունենք, որ այս հաղթանակը բազմաթիվ նոր հյուրերի կբերի Հայաստանի հարավ և նրանց առջև կբացի Տաթևի մշակութային և բնական հարստությունները»,- նշել է նա։ 

«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր): Գրանցվել է հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)՝  նման մասշտաբային ինժեներական կառույցի համար։

Այս տարի ճոպանուղին նշել է իր 14-ամյակը, և բացումից ի վեր այն անգնահատելի ներդրում է ունեցել երկրում զբոսաշրջության զարգացման գործում։ «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1,3 միլիոն մարդ: Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։ 

«ՏաԹևեր»-ը դրական ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի հարավային շրջանի մշակութային և սոցիալական զարգացման վրա։ «ՏաԹևեր» ճոպանուղին «Տաթևի դարպասներ» համալիրի մի մասն է։ Այն շահույթ չհետապնդող ծրագիր է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը: Ճոպանուղու շնորհիվ շատերն առաջին անգամ բացահայտել են Սյունիքն ու նրա պատմական ժառանգությունը, և Տաթևի վանական համալիրը դարձել է ավելի մատչելի այցելության համար։ Ծրագիրը տեղացիների համար ստեղծել է նոր աշխատատեղեր՝ հանգեցնելով տնտեսական զարգացման: Այցելուների լրացուցիչ հոսքը խթանել է ենթակառուցվածքների բարելավմանը և նոր փոքր զբոսաշրջային ձեռնարկատիրությունների բացմանը:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում