ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նոյեմբերի 23-ին առաջնախաղ էր․ բեմում՝ «Երևան 2024» մյուզիքլն է՝ վառ գույներով, պարային հարուստ համարներով, Երևանի մասին պատմող ու Երևանը գովերգող երգերով և, իհարկե, մեզ շրջապատող մարդկանց պատմություններով։ Բեմադրիչը Արթուր Սահակյանն է, երաժշտության և երգերի տեքստերի հեղինակը Քրիստ Մանարյանն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Քրիստ Մանարյանն առաջարկել է հանդիսատեսին հանձնել մի բեմադրություն, որի հիմքում կլինեն իր ստեղծագործությունները։
Երևանյան շնչով լցված բեմադրությունը սկզբում առանձնանում է մայրաքաղաքի կոլորիտային կողմերը ներկայացնելով։ Երկար տարիներ Հայաստանում չբնակված հայուհին ԱՄՆ-ից ժամանում է Երևան՝ ժառանգության հարցերով։ Պատմության զարգացումը սկսվում է հենց օդանավակայանից տաքսու վարորդների ՝ ուղևորին չկորցնելու համար մղվող համառ պայքարով։ Ինչպես հաճախ է լինում, ներկայացման գլխավոր հերոսուհին ևս, Հայաստան կարճաժամկետ եկած հայրենակիցների նման, իր ընկերներին, բարեկամներին համոզում է տեղափոխվել ԱՄՆ։ Նա պատկերացում անգամ չուներ, որ Երևան այցը շուտով ճակատագրական է լինելու։ Նրա ամբողջ կյանքը փոխվում է 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդի հետ հանդիպմամբ։ Մի երիտասարդի, ով մեծ դժվարությամբ փորձում է հաղթահարել կորուստը, պատերազմի հետևանքները։ Եվ այդ հաղթահարման ճանապարհի գլխավոր լույսը դառնում է հենց ԱՄՆ-ից Հայաստան եկած հայուհին։
Վառ գույներով ու ժպիտ պարգևող ներկայացման հաջորդ հատվածը շարունակվում է նոր շեշտադրմամբ՝ հանդիսատեսին մտովի տանելով պատերազմի օրեր, հիշեցնելով Եռաբլուրում հանգչողներին, մեր կողքին ապրող ու ապաքինման համար դեռ կռիվ տվող տղաներին, որոնք իրենց նվիրումն են ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում։ Ներկայացման ընթացքում կարմիր թելի պես անցնում էր սիրո ուժի գաղափարը, իսկ հաճախ հանդիպող դրվագներից էր ինչպես միմյանց, այնպես էլ Երևանին սեր խոստովանելը։
Ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդ դերասաններ, որոնք, դերասանական խաղից զատ, ակտիվ ներգրավված են ինչպես պարային, այնպես էլ երաժշտական համարներում։ «Հայաստանը մենք ենք, Երևանը մենք են և մենք պետք է շարունակենք ապրել ու սիրել»՝ ահա այս ուղերձով ամփոփվեց ներկայացումը։
«Մինչև հոգու խորքը հուզեց», «շատ ազդեցիկ էր», «իսկապես տպավորիչ էր»՝ այսպիսին էր հանդիսատեսի արձագանքը։ Դահլիճում չդադարող ծափահարություններն էին՝ կուլիսներում՝ շնորհավորանքները։
Լուսանկարները` Հրանտ Սարաֆյանի