Գիտություն

Երևանում անցկացվեց «Աստղագիտությունից մինչև ավիատիեզերական սարքաշինություն» խորագրով աշխատանքային հանդիպում

6 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց «Աստղագիտությունից մինչև ավիատիեզերական սարքաշինություն» խորագրով աշխատանքային հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գիտության շարժիչ ուժը. աստղագիտությունից մինչև ավիատիեզերական սարքաշինություն» խորագրով ուշագրավ աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Երևանում նոյեմբերի 22-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա գիտության տարբեր ոլորտներին նվիրված քննարկումների շարքի հերթական միջոցառումն էր, որն ավանդաբար կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը` PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։ 

Միջոցառման հատուկ հյուրն ու հիմնական բանախոսն էր ամերիկահայ աստղաֆիզիկոս, ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու Վլադիմիր Հայրապետյանը, որը ներկայացրեց քննարկված ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաները և մարտահրավերները։

Նա նշեց, որ հանդիպման նպատակն է պարզել ոլորտի զարգացման միտումները, Հայաստանում դրա զարգացման հեռանկարները և ՆԱՍԱ-ի հետ կապերի հաստատման հնարավորությունները: Վլադիմիր Հայրապետյանը հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսվում է ՆԱՍԱ-ի առաջատար գիտնականներից մեկի այցը Հայաստան: Առաջնային նպատակներից է նաև աշխարհի առաջատար համալսարանների գիտնականների և ինժեներների այցելությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա ամրապնդել հայ գիտնականների կապերը արտասահմանցի գործընկերների հետ և նոր երանգ հաղորդել հնարավոր միջազգային համագործակցությանը: 

Անդրադառնալով գիտական արդի ուսումնասիրություններին՝ Վլադիմիր Հայրապետյանը մասնավորապես կարևորեց Երկիր մոլորակի վրա կյանքի ծագմանն առնչվող հարցերի հետազոտմանը միտված աշխատանքները: Նշեց, որ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, այլև օգտագործելով տարբեր էքսպերիմենտալ մոտեցումներ՝ առաջ քաշվող վարկածները փորձել հիմնավորել փորձերի միջոցով:

«Կարևոր է պարզել՝ մեր մոլորակը ունիկա՞լ է, թե՞ ոչ: Պետք է նաև հասկանանք, թե այսպես կոչված տիեզերական եղանակը, արևի ճառագայթումը ինչպես է ազդել և շարունակում ազդել մեր և մյուս մոլորակների մթնոլորտի վրա: Տիեզերական եղանակը շատ կարևոր է այսօր, բայց ավելի կարևոր է եղել 4.5 մլրդ տարի առաջ, երբ, ինչպես ենթադրվում է, Երկիր մոլորակի վրա ծագել է կյանքը: Մեր խնդիրն է հասկանալ, թե Երկրի վրա ինչպիսի պայմաններ են եղել 4.5 մլրդ տարի առաջ: Դա հնարավորություն կտա հասկանալ նաև՝ կարո՞ղ են կյանքի ծագման համար պայմաններ լինել այլ մոլորակներում»,- նշեց Վլադիմիր Հայրապետյանը:

Երևանի պետական ​​համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանի զեկույցն էլ նվիրված էր «2D նյութերից մինչև գրավիտացիոն ֆիզիկա» թեմային:

«Հիմնական նպատակն է նյութագիտության ոլորտի նվաճումները կապել հիմնարար գիտությանը: Դա վերաբերում է գրավիտացիոն դաշտերին: Այսօր գրավիտացիոն դաշտերի քվանտային տեսություն չկա: Մտածում ենք օգտագործելով նյութերի ֆիզիկայից որոշակի անալոգիաներ՝ փորձել տեսնել, թե արդյոք դրա անալոգները կան գրավիտացիայում: Դա մեզ կարող է տալ քվանտային գրավիտացիայի հետ կապված բանալի: Բացի այդ, հիմնարար ֆիզիկայում բազմաթիվ մոդելներ կան, որոնց արդյունքները փորձով գրանցելի են շատ մեծ էներգիաների դեպքում: Իսկ այս անալոգ խնդիրներում կարող ենք արդեն լաբորատորիայում գտնել անալոգ լուծումներ, ինչը կվկայի այն մասին, որ այդ երևույթները, ամենայն հավանականությամբ, կան հիմնարար ֆիզիկայում: Այդ դեպքում կարիք չի լինի միլիարդավոր դոլարներ ծախսել արագացուցիչ կառուցելու և ստուգումներ իրականացնելու համար: Կարող ենք այդ ամենը ստուգել լաբորատորիայում՝ մոդելների վրա և նյութագիտությունը կապել հիմնարար ֆիզիկային: Դա օգտակար կլինի և՛ հիմնարար, և՛ կիրառական ֆիզիկայի համար»,- նշեց նա:

Արծարծված թեմաների վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գիտական ինկուբատորի համակարգող Արփինե Դավթյանն էլ նշեց, որ «Գիտության շարժիչ ուժը» խորագրի ներքո անցկացվում են բազմաբնույթ քննարկումներ: Հաշվետու միջոցառման նպատակն էր կենտրոնացնել աստղագիտության և օդատիեզերական սարքաշինության ոլորտի գիտական ներուժը:

«Սա մեզ համար ճանաչողական հանդիպում է: Փորձում ենք հասկանալ, թե այս ոլորտում ինչ կիրառական արժեք կարող ենք ստեղծել, ինչ նորարարություն կարող ենք անել, առանձնացնել ոլորտի մարտահրավերները, գեներացնել գաղափարներ, գնահատել դրանց ներուժը և փորձել այդ ուղղությամբ նախագծեր իրականացնել»,- ընդգծեց նա:

Արփինե Դավթյանի խոսքով՝ գիտական ինկուբատորի գործունեությունը միտված է գիտական նախագծերի առևտրայնացմանը, այսինքն՝ գիտական մշակումները դարձնել կիրառական և նպաստել դրանց ներդրմանը տնտեսությունում ու արդյունաբերությունում:

Գիտական ինկուբատորում ներգրավված է նաև փորձագետների խումբ: Սերտ համագործակցություն է հաստատվել Հայաստանի, նաև արտերկրի գիտական համայնքների հետ: Հատկապես կարևորվում է սփյուռքի ներուժի և հնարավորությունների օգտագործումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում