Միջազգային իրավակարգը դադարելու է գործել, եթե ՄՔԴ վճիռները չիրականացվեն. վերլուծաբան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վճիռների չիրականացումը կարող է գլոբալ քաոսի և անկանխատեսելի իրավիճակների սկիզբ դառնալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ՄՔԴ վճիռների անտեսումը նպաստելու է բռնապետական վարչակարգերի ազատ գործողություններին։

«Եթե աշխարհի պետությունները և հատկապես դատարանի Հռոմի ստատուտը վավերացրած երկրները հրաժարվում են կատարել այդ վճիռները, դա նշանակում է, որ միջազգային այս կարևոր գործիքը դադարում է գործել։ Սա իր հերթին կնպաստի աշխարհի տարբեր հատվածներում բռնապետական վարչակարգերի ազատ գործողությունների՝ ներառյալ մարդկության դեմ նոր հանցագործությունների»,- ընդգծեց Պետրոսյանը։

Հայաստանը 2023 թվականին վավերացրեց Հռոմի ստատուտը՝ ՄՔԴ-ի իրավազորությունը հաստատելու նպատակով։ Վավերացման գլխավոր նպատակներից էր Ադրբեջանի ռազմական հանցագործությունները զսպելու իրավական գործիքակազմի ստեղծումը։ Սակայն, ինչպես Պետրոսյանը նշեց, ՄՔԴ-ի որոշումների չիրականացումը լրջագույն հարված կլինի նաև Հայաստանի համար։

«Եթե հիմա այդ գործիքակազմը այլևս չի գործում և Հայաստանը չի կարողանում օգտվել այդ գործիքակազմից, այն է՝ անհրաժեշտության դեպքում քրեական վարույթի համար դիմել Հաագայի դատարան, փաստացի դա նպաստելու է նրան, որ ադրբեջանական վարչակարգի առաջնորդը շատ ավելի ազատ կգործի հատկապես Հայաստանին առնչվող բազմաթիվ խնդիրների լուծման համար՝ խախտելով միջազգային իրավունքի կարևոր նորմերը, անգամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացում»,- ընդգծեց Պետրոսյանը։
Պետրոսյանը նշեց, որ թե՛ Պուտինի, թե՛ Նեթանյահուի համար ներկայում սահմանափակ է միջազգային այցելությունների շրջանակը։ Մի շարք երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, պարտավորվում են կատարել ՄՔԴ-ի որոշումները, ինչը նշանակում է, որ այս առաջնորդները պետք է խուսափեն այդ երկրների տարածքներից։ 

«Սակայն եթե ՄՔԴ որոշումը չի գործում և առանձին երկրներ չեն ձերբակալում առաջնորդներին, ապա դա նշանակում է, որ իրենք այդ պարտավորություններին հետևողական չեն։ Իսկ դա էլ ենթադրում է, որ Հռոմի ստատուտը և դատարանի սահմանադրությունը չի գործում։ Եթե մի դեպքում չի գործում, բնականաբար, նշանակում է, որ այլ երկրների ղեկավարները ևս կարող են օգտվել դրանից։ Եթե նրանք նախկինում ունեին մտավախություն, որ կարող են Միջազգային քրեական դատարանի գործիքով իրենց համար խնդիրներ առաջանալ, այդ մտավախությունն այլևս չի լինի և նրանք շատ ավելի ազատ կգործեն»,- եզրափակեց Պետրոսյանը։ 

Վլադիմիր Պուտինը մեղադրվում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների և երեխաների ապօրինի տեղահանման համար։ Բենյամին Նեթանյահուն մեղադրվում է Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ ռազմական հարձակումների համար։ ՄՔԴ-ն նրանց ձերբակալելու օրդեր է տվել, ինչը վավերացնող երկրներին պարտավորեցնում է կատարել այս որոշումները։

Հայերեն Русский