Տնտեսություն

Կրթություն և աշխատանք. Երևանում անցկացվել է կարիերայի տոնավաճառ

3 րոպեի ընթերցում

Կրթություն և աշխատանք. Երևանում անցկացվել է կարիերայի տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ից հայտնում են, որ տոնավաճառը նպատակ ունի աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Տոնավաճառի շրջանակում անցկացվել են հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կրթական միջոցառումներ՝ ուղղված աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը, կլոր սեղան-քննարկումներ՝ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ:

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ այսօրինակ նախաձեռնությունները բացառիկ հնարավորություն են՝ համատեղելու կրթությունն ու աշխատանքը: Նա շեշտել է, որ տոնավաճառը ճիշտ ժամանակին է կազմակերպվել՝ կարիերայի նոր ուղիներ բացելով մեր հայրենակիցների համար: ԵՊՀ պրոռեկտորը հույս է հայտնել, որ միջոցառումը կդառնա բազմաթիվ հաջող համագործակցությունների սկիզբ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշել է, որ միջոցառման շրջանակում կազմակերպվել են մասնագիտական զարգացմանն ուղղված մի շարք դասընթացներ, որոնք անցկացվել են երեք տարբեր սրահներում։ Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրին սեփական հմտությունները ճիշտ ներկայացնելու և գործատուների հետ արդյունավետ կապեր հաստատելու ուղիները:

Տոնավաճառում ներկայացված էին ավելի քան 20 թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել անմիջապես դիմելու գործատուին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» բարեգործական հիմնադրամի ու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում