ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առաջընթացն ակնհայտորեն ողջունելի են, իսկ այդ ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը կարևոր են և ցույց են տալիս, որ, չնայած ոլորտում դեռևս առկա զգալի մարտահրավերներին, երկիրը լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում համապարփակ մոտեցում է ցուցաբերում։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության համար արշավի ղեկավար Ռոդիկա Չոկինան՝ անդրադառնալով մամուլի ազատության բնագավառում Հայաստանի գրանցած հաջողություններին և բարելավման համար անհրաժեշտ հետագա քայլերին, լրագրողների իրավունքների պաշտպանությանը, լրագրողների անվտանգության համար իրականացվող արշավին և թեմայի շուրջ այլ կարևոր հարցերի։
-2018-2023 թվականներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համաշխարհային վարկանիշում 80-րդ տեղից բարձրանալով 49-րդը և այս ոլորտում դառնալով տարածաշրջանային առաջատար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և կգնահատեք այս առաջընթացը:
-Արշավի տեսանկյունից Հայաստանի զգալի առաջընթացը մամուլի ազատության ոլորտում, որը Եվրոպայի խորհրդի գործընկեր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով 2018 թվականին գտնվում էր 80-րդ տեղում, իսկ 2024 թվականին բարձրացել է 43-րդ տեղ, ակնհայտորեն ողջունելի է: Այս առաջընթացը ցույց է տալիս դրական տեղաշարժ դեպի այնպիսի միջավայր, որտեղ կարող է զարգանալ լրագրողական փորձառությունը:
Ինչ վերաբերում է արշավի շրջանակներում Հայաստանի քայլերին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ համապատասխան աշխատանքային խմբի կամ ազգային կոմիտեի ստեղծումը կարևոր քայլ է։ Դրանում ընդգրկելով տարբեր ոլորտների, այդ թվում՝ նախարարությունների, քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում Հայաստանը համապարփակ մոտեցում է ցուցաբերում: Համագործակցային այս շրջանակը ոչ միայն պետք է խթանի շահագրգիռ կողմերի միջև հաղորդակցությունն ու համակարգումը, այլև պետք է ամրապնդի մամուլի ազատությանն աջակցող արդյունավետ քաղաքականության իրականացման հիմքը:
Իհարկե, առավել կարևոր է լինելու աշխատանքային խմբի հանձնառությունը կանոնավոր հավաքներ կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև աշխատելը կոնկրետ միջոցառումների, այդ թվում՝ այս արշավի նպատակներից մեկը հանդիսացող Լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագրի վրա։
Չնայած մամուլի ազատության վարկանիշի բարելավմանը՝ Հայաստանը դեռևս բախվում է զգալի մարտահրավերների, այդ թվում՝ բևեռացման, ատելության խոսքի և ապատեղեկատվության։ Այս խնդիրների աճը կարող է թշնամական միջավայր ստեղծել լրագրողների համար, հատկապես կանանց համար, որոնք կարող են ենթարկվել ոտնձգությունների լրացուցիչ ձևերի: Բացի այդ, լրագրողների թվային անվտանգությանը սպառնացող վտանգները՝ ներառյալ հաքերային հարձակումը և վերահսկողությունը, ընդգծում են լրագրողների պաշտպանության անհրաժեշտությունը ոչ միայն ֆիզիկական առումով, այլև թվային տարածքում:
Հասարակության մեջ լրագրողների կենսական դերի վերաբերյալ ըմբռնման բացակայությունը լուրջ մտահոգություն է: Մամուլի ազատության կարևորության և ժողովրդավարության մեջ լրատվամիջոցների դերի մասին հանրային իրազեկվածության բարձրացումն էական է: Կրթության և իրազեկման նախաձեռնությունները կարող են նպաստել լրագրողների և նրանց աշխատանքի նկատմամբ հարգանքի մշակույթի ձևավորմանը՝ մեղմացնելով ներկայում գոյություն ունեցող բևեռացումն ու թշնամանքը: Սակայն ազգային կոմիտեում այս մշտական խնդիրների ճանաչումն արդեն իսկ ցույց է տալիս դրանց դիմակայելու պատրաստակամությունը, ինչը կենսական նշանակություն ունի ապահով և աջակցող լրատվական միջավայր ստեղծելու համար:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում մամուլի ազատության բարելավումը հուսադրող զարգացում է, որն արտացոլում է տարբեր շահագրգիռ կողմերի հանձնառությունը՝ խթանելու ազատ և անկախ լրատվական դաշտը: Այնուամենայնիվ, շարունակական զգոնությունն անհրաժեշտ է՝ դիմակայելու համար առկա մարտահրավերներին:
Արշավի շրջանակներում ազգային կոմիտեի ստեղծումը և, հուսանք՝ Լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագրի վրա ապագա աշխատանքը խոստումնալից քայլ է՝ լրագրողների համար ավելի անվտանգ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը կաջակցի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ավելի լայն նպատակին:
-2023 թվականի հոկտեմբերին Եվրոպայի խորհուրդը սկսեց հնգամյա արշավ՝ նվիրված լրագրողների անվտանգությանը։ Անդամ պետությունները կկազմակերպեն գործողություններ՝ գնահատելով առկա բացերը, բացահայտելով առաջնահերթ խնդիրները և Եվրոպայի խորհրդին կներկայացնեն այս խնդիրները լուծելու համար նախատեսված գործողությունների մի շարք, որոնք կարող են ստանալ Խորհրդի աջակցությունը: Ի՞նչ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպայի խորհուրդը, և ի՞նչ միջոցներով կարող է աջակցել այս գործընթացին։
-Եվրոպայի խորհուրդն արշավի ընթացքում համապարփակ աջակցություն է առաջարկում անդամ երկրներին՝ օգտագործելով մի շարք ռեսուրսներ, համակարգման գործիքներ և համագործակցային շրջանակներ՝ նպատակ ունենալով ավելի անվտանգ միջավայր ստեղծել լրագրողների համար: Ստորև բերված է Եվրոպայի խորհրդի աջակցության հիմնական տեսակների ուրվագիծը և այն միջոցները, որոնցով կառույցն օգնում է անդամ երկրներին:
Առաջինը՝ փորձագիտական ուղղորդում և ռազմավարական շրջանակներ․ ԵԽ-ն մշակել է ընդլայնված ուղեցույց, որը նախանշում է հստակ քայլեր և ցուցիչներ՝ օգնելու անդամ պետություններին գնահատել և ամրապնդել լրագրողների պաշտպանության ազգային չափանիշները: Այս ուղեցույցը տրամադրում է կառուցվածքային մոտեցում ազգային գործողությունների պլանների մշակման կամ ճշգրտման համար: Այն պարզեցված գործնական ուղեցույց է լրագրողների անվտանգությունը բարելավելու հիմնական գործողությունների վերաբերյալ: ԵԽ-ն օգնում է անդամ պետություններին դասեր քաղել սահմանված շրջանակներից և կիրառել համապատասխան միջոցներ, որոնք ունեն պաշտպանության արդյունավետ գործնական միջոցներ, ազդեցիկ օրենսդրական դաշտ և ներառում են գործունեության այլ օրինակներ ունեցող երկրներից լավագույն փորձի օրինակները և հաջողակ նախաձեռնությունները: Այս առումով ստեղծվել է անդամ երկրների լրագրողների անվտանգության վերաբերյալ գոյություն ունեցող նախաձեռնությունների քարտեզագրման տվյալների բազա, որը աստիճանաբար լրացվում է Քարոզարշավի վեբ էջում:
Երկրորդը՝ ազգային նախաձեռնությունների համակարգում և օժանդակում․ ԵԽ արշավը խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուր երկիր նշանակի ազգային պատասխանատու և ստեղծի Ազգային կոմիտե՝ արշավն ազգային մակարդակով վարելու համար: ԵԽ-ն տրամադրում է նյութատեխնիկական և խորհրդատվական աջակցություն այդ մարմիններին՝ հեշտացնելով ԵԽ-ի, ազգային կոորդինացիոն կենտրոնների և համապատասխան շահագրգիռ կողմերի միջև համակարգումը` ապահովելու համահունչ գործողություն և իրականացում: ԵԽ-ն ամենամյա հավաքների միջոցով ստեղծում է համագործակցային միջավայր, որտեղ ազգային պատասխանատուները կարող են կիսվել թարմացումներով, քննարկել մարտահրավերները և լուծումներ գտնել՝ խթանելով փոխադարձ աջակցությունն ու համախմբվածությունն արշավի ընթացքում: Առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում են նաև ավելի կենտրոնացված թեմատիկ հանդիպումներ։
Երրորդը՝ առաջնորդություն և փորձաքննություն նախագծերի համար․ ԵԽ-ն խրախուսում է անդամ պետություններին երկրի հատուկ կարիքները բացահայտելու հարցում և աջակցում է ուղղորդման և փորձագիտական նպատակային ծրագրերի իրականացմանը: Սա ներառում է օրենսդրական վերանայումներ, վերապատրաստման ծրագրեր և լրագրողների անվտանգության մեխանիզմների մշակում, որոնք նախագծված են ԵԽ Արտահայտման ազատության համագործակցության բաժնի հետ միասին: ԵԽ-ն ամենամյա թեմատիկ միջոցառումներ է կազմակերպում քարոզարշավի չորս հիմնասյուների շուրջ՝ պաշտպանություն, հետապնդում, կանխարգելում և իրազեկման բարձրացում: Այս միջոցառումները հարթակ են ստեղծում անդամ պետությունների համար՝ ցուցադրելու ձեռքբերումները, քննարկելու առաջնահերթությունները և կատարելագործելու իրենց շրջանակները ԵԽ-ի փորձագետների միջոցով:
Չորրորդը՝ համագործակցային հարթակներ և շահերի պաշտպանության ցանցեր․ աշխատելով այնպիսի մարմինների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպական հանձնաժողովը և ԵԱՀԿ-ն՝ ԵԽ-ն գործընկերություն է ստեղծում՝ ջանքերն ընդլայնելու և լրագրողների պաշտպանության գլոբալ չափանիշներին համապատասխանությունը պահպանելու համար: Անդամ պետությունները շահում են այս դաշինքներից, որոնք լրացուցիչ ռեսուրսներ, համատեղ շահերի պաշտպանության նախաձեռնություններ և միջազգային տեսանելիություն են բերում ազգային ջանքերին: Այս հարթակի միջոցով ԵԽ-ն տրամադրում է տվյալներ, ահազանգեր և տարեկան հաշվետվություններ ԶԼՄ-ների անվտանգության վիճակի վերաբերյալ՝ հնարավորություն տալով անդամ երկրներին վերահսկել իրենց առաջընթացը և անդրադառնալ կարևոր ոլորտներին։
Հինգերորդ՝ հաղորդակցության և հանրային իրազեկման աջակցություն․ ԵԽ-ն խթանում է արշավի հաղորդագրություններն առցանց և օֆլայն կապուղիներով՝ ներառյալ սոցիալական լրատվամիջոցների արշավները, փոդքաստները, լրագրողների հետ հարցազրույցները և այլն: Այս նյութերը նախագծված են ազգային արշավներին աջակցելու համար և կարող են հարմարեցվել անդամ պետությունների կողմից՝ տեղական լսարանին արդյունավետ ներգրավելու համար: ԵԽ-ն խրախուսում է «ազգային բաժինների» ստեղծումը, որոնք հարմարեցնում են արշավի թեմաները տեղական համատեքստին և տրամադրում են տեսանելի նյութեր և ուղեցույցներ՝ օգնելու երկրներին իրականացնել արդյունավետ հանրային իրազեկման արշավներ՝ խթանելով լրագրողների նկատմամբ հարգանքի և աջակցության մշակույթը:
Վեցերորդը՝ պարբերաբար վերանայում և առաջընթացի գնահատում․ 2025 և 2027 թվականներին նախատեսված վերանայումներն օգնելու են չափել առաջընթացը և թույլ են տալու ԵԽ-ին հարմարեցնել իր աջակցությունը արշավի զարգացող կարիքներին: Այս գնահատականներն անդամ երկրներին տալիս են հստակ պատկերացում իրենց ձեռքբերումների և ընթացիկ մարտահրավերների մասին՝ խրախուսելով շարունակական բարելավումը:
Այս մեթոդների միջոցով Եվրոպայի խորհուրդը երաշխավորում է, որ անդամ երկրները կստանան ինչպես լրագրողներին պաշտպանելու համար անհրաժեշտ ուղեցույցը, այնպես էլ համագործակցային, կառուցվածքային միջավայր, որն ամրապնդում է նրանց ջանքերը և պաշտպանում լրագրողների անվտանգության և խոսքի ազատության եվրոպական չափանիշները:
-Արշավի վերջնական նպատակը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում լրագրողների համար ավելի անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծումն է՝ սահմանելով իրավական և ինստիտուցիոնալ պաշտպանություն, ինչպես նաև հարձակումների դեմ արդյունավետ միջոցներ: Որքանո՞վ եք հավանական և իրատեսական համարում այս պայմաններին հասնելը:
-Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում լրագրողների համար ավելի անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելու վերջնական նպատակին հասնելը, ինչպես նշված է «Լրագրողները կարևոր են» արշավում, իրատեսական ձգտում է, բայց ներկայացնում է զգալի մարտահրավերներ:
Չնայած առաջընթացին՝ լրագրողները շարունակում են բախվել լուրջ սպառնալիքների, այդ թվում՝ բռնության, ոտնձգությունների, ապատեղեկատվության ու ատելության խոսքի հետևանքով առաջացած մարտահրավերների: Անվտանգ միջավայր ստեղծելու համար առաջնային է այս սպառնալիքներն արդյունավետորեն հասցեագրելու անհրաժեշտությունը:
Որոշ երկրներում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար դեռևս կարող է ինստիտուցիոնալ դիմադրություն լինել: Լրագրողների և պետական իշխանությունների միջև վստահության ձևավորումը շարունակում է կրկնվող մարտահրավեր մնալ, և այդ անվստահության հաղթահարումը կենսական է հաջող իրականացման համար:
Քարոզարշավը կշարունակի անդրադառնալ ժողովրդավարության մեջ լրագրողների կարևոր դերի վերաբերյալ հանրային ըմբռնման բացակայությանը: Հասարակության ընկալումը բարձրացնելու և լրագրողներին աջակցելու ջանքերն անհրաժեշտ կլինեն այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ նրանց անվտանգությունն առաջնահերթ է:
Թեև արշավի նպատակները հավակնոտ են, կան ամուր հիմքեր, որոնց վրա կարելի է դրանք կառուցել: Համակարգող կառույցների ստեղծումը, Ազգային գործողությունների ծրագրերի ձևակերպումը և շահագրգիռ կողմերի միջև շարունակվող երկխոսությունը խրախուսող զարգացումներ են:
Այնուամենայնիվ, լրագրողների համար իսկապես ավելի անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելու համար կպահանջվեն կայուն ջանքեր՝ դիմակայելու առկա սպառնալիքներին, բարձրացնելու հանրային իրազեկությունը և վերականգնելու վստահությունը լրագրողների և իշխանությունների միջև: Եթե անդամ պետությունները հավատարիմ մնան արշավի նպատակներին և ակտիվորեն ներգրավվեն նախանշված ռազմավարություններում, ապա լրագրողների համար արդյունավետ իրավական և ինստիտուցիոնալ պաշտպանություն հաստատելու նպատակը հասանելի կլինի: Արշավի միջոցով հաստատված համագործակցային շրջանակը կարևոր քայլ է՝ ապահովելու, որպեսզի լրագրողները կարողանան կատարել իրենց պարտականություններն առանց վախի՝ ի վերջո ամրապնդելով հասարակության ժողովրդավարական կառուցվածքը:
Եվրոպայի խորհուրդը ծառայում է որպես միջնորդ, սակայն հաջողության վերջնական պատասխանատվությունը կրում են անդամ պետությունները: Շարունակական քաղաքական կամքը, ռեսուրսները և հանձնառությունը կենսական նշանակություն ունեն արշավի սկզբնական փուլերից դուրս տեմպը պահպանելու համար:
-Լրագրողներն իրենց աշխատանքի ընթացքում հաճախ ենթարկվում են տարբեր տեսակի հարձակումների, հատկապես՝ հակամարտության գոտիներում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները կամ հասարակությունը նման միջադեպերը կանխելու համար։
-Լրագրողները վճռորոշ դեր են խաղում ժողովրդավարության մեջ՝ հասարակությանը կենսական տեղեկատվություն տրամադրելով հատկապես այն կոնֆլիկտային գոտիներում, որտեղ ճշգրիտ տեղեկատվությունը կարևոր է: Համապարփակ մոտեցումը, որը միավորում է իրավական պաշտպանությունը, ուսուցումը, արագ արձագանքման համակարգերը, հանրային իրազեկումը և միջազգային համագործակցությունը, կարևոր է հակամարտության գոտիներում լրագրողների պաշտպանության համար:
Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների ժամանակ խոսքի ազատության միջոցներ է հավաքել, որոնք կարող են օգտակար լինել:
Իշխանությունները պետք է ստեղծեն և կիրառեն ամուր իրավական շրջանակներ, որոնք պաշտպանում են լրագրողներին: Սա ներառում է լրագրողների նկատմամբ բռնության և սպառնալիքների քրեականացումը, հանցագործների պատասխանատվության ապահովումը:
Պետք է միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցների մասնագետների դեմ հանցագործությունների անպատժելիությունը կանխելու համար՝ ապահովելով բռնության դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը և քրեական հետապնդումը:
Պետք է իրականացվեն վերապատրաստման ծրագրեր ոստիկանության և ընդհանրապես իրավապահ մարմինների համար:
Անհրաժեշտ է ստեղծել և ներդնել համակարգեր, որոնք թույլ են տալիս ունենալ վաղ նախազգուշացման և արագ արձագանքման մեխանիզմներ՝ լրագրողներին սպառնացող անմիջական սպառնալիքները լուծելու համար, հատկապես հակամարտությունների գոտիներում: Սա կարող է ներառել համագործակցություն տեղական իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ: Նաև կարող են լինել արտակարգ իրավիճակների թեժ գծեր, որոնց միջոցով լրագրողները կարող են դիմել, երբ վտանգ են զգում։ Այդպիսով կապահովվի արագ արձագանքը բռնության դեպքերին:
Ազգային հանձնաժողովների ստեղծումը, ինչպես նշված է «Լրագրողները կարևոր են» արշավում, կարող է նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների միջև երկխոսությանը՝ լրագրողների պաշտպանությանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով:
Բացի այդ, կարևոր է նաև ազգային գործողությունների պլանների մշակումը և իրականացումը՝ անվտանգության պայմանները բարելավելու և բարձր ռիսկային գոտիներում աշխատող լրագրողների համար ռեսուրսներ ապահովելու համար:
Լրագրողների առջև ծառացած մարտահրավերների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը պարտադիր է, քանի որ քաղաքացիական հասարակությունը նույնպես վճռորոշ դեր ունի այս ամենում:
Կարևոր է լրագրողների համար նախատեսված ծրագրերին աջակցելը, հատկապես նրանց, որոնք աշխատում են հակամարտությունների գոտիներում:
Կարևոր է հոգեբանական աջակցությունը լրագրողներին, որոնք կարող են տրավմա ապրել իրենց աշխատանքի պատճառով։ Պետք է ապահովվի նրանց հասանելիությունը անհրաժեշտ ռեսուրսներին՝ դիմակայելու վտանգավոր միջավայրում աշխատանքի մարտահրավերներին:
Ոչ պակաս կարևոր է միջազգային կազմակերպությունների, կառավարությունների և ՀԿ-ների միջև համագործակցության խրախուսումը՝ լրագրողների անվտանգությունը գլոբալ մասշտաբով վերահսկելու, ռիսկերի մասին տեղեկատվության փոխանակման և պաշտպանական միջոցների ձեռնարկման համար։ Իհարկե, կարևոր է նաև հակամարտությունների գոտիներում լրագրողներին ռեսուրսների և ուսուցման տրամադրումը՝ զարգացնելով վտանգավոր իրավիճակներում աշխատելու նրանց հմտությունները:
-Ի՞նչ միջոցներ է Եվրոպայի խորհուրդը ձեռնարկում կամ ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք ձախողում են իրենց պարտականությունները լրագրողների անվտանգության ապահովման տեսանկյունից: Կա՞ն կոնկրետ գործողություններ այս առումով։
-Եվրոպայի խորհուրդը մի շարք միջոցներ է կիրառում՝ հաշվետվողականությունը խթանելու և անդամ պետություններին խրախուսելու վճռական գործողություններ ձեռնարկել լրագրողների պաշտպանության և ազատ ու անկախ լրատվադաշտի ապահովման համար: Խորհրդի տարբեր մարմիններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), Լրագրության պաշտպանությունը և լրագրողների անվտանգությունը խթանող հարթակը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նպաստում են այս ջանքերին։
Լրագրողների անվտանգության հարթակը կարևոր գործիք է, որն անդամ երկրներում հավաքում և տարածում է տեղեկատվություն ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության սպառնալիքների մասին: Հարթակի միջոցով Եվրոպայի խորհուրդը ահազանգեր է տալիս մամուլի ազատության հետ կապված լուրջ մտահոգությունների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնության, ոտնձգությունների կամ գրաքննության դեպքերի վերաբերյալ: Այս ահազանգերը ծառայում են որպես գործողություններ ձեռնարկելու կոչ անդամ պետություններին՝ անդրադառնալու հաղորդված միջադեպերին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու լրագրողներին պաշտպանելու համար: Ահազանգերն օգտագործվում են նաև միջազգային ուշադրությունը հատուկ դեպքերի վրա հրավիրելու համար՝ ճնշում գործադրելով կառավարությունների վրա իրենց պարտավորությունները պահպանելու և լրագրողների անվտանգության պայմանները բարելավելու համար:
Եվրոպայի խորհուրդը երկխոսության և շահերի պաշտպանության միջոցով համագործակցում է ազգային իշխանությունների հետ՝ խրախուսելով նրանց ձեռնարկել հստակ գործողություններ՝ ի պատասխան Հարթակում հրապարակված ահազանգերին: Սա կարող է ներառել քաղաքականության փոփոխությունների կամ լրագրողների անվտանգության բարելավմանն ուղղված օրենսդրական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
Խորհուրդը հաճախ նպաստում է քննարկումներին քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության ներկայացուցիչների միջև՝ նպաստելու համագործակցությանն ու հաշվետվողականությանն անվտանգության խնդիրների լուծման հարցում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ակտիվորեն պաշտպանում է լրագրողների իրավունքները և ԶԼՄ-ների ազատության կարևորությունը՝ որպես ժողովրդավարության հիմնարար բաղադրիչ: Բանաձևերի և հանձնարարականների միջոցով ԵԽԽՎ-ն ընդգծում է, որ անդամ պետությունները պետք է կատարեն միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները լրագրողներին պաշտպանելու համար:
Վեհաժողովն իր մոնիթորինգի մեխանիզմների միջոցով վերահսկում է անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը և հրապարակում զեկույցներ, որոնք գնահատում են ԶԼՄ-ների ազատությունը և լրագրողների անվտանգության մակարդակը կոնկրետ երկրներում:
ԵԽԽՎ-ն աջակցում է Լրագրողների անվտանգության հարթակի գործունեությանը և խթանում է դրա ահազանգերն ու բացահայտումները՝ խրախուսելով անդամ պետություններին արդյունավետորեն արձագանքել փաստաթղթավորված սպառնալիքներին:
Այն նաև համագործակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ասոցիացիաների և շահագրգիռ կողմերի հետ՝ տեղեկություններ հավաքելու և լրագրողների անվտանգության բարելավման ռազմավարություն մշակելու համար՝ ապահովելով նրանց մտահոգությունների պատշաճ կերպով ներկայացված լինելը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռորոշ դեր է խաղում լրագրողների իրավունքների պաշտպանության գործում՝ քննելով այն գործերը, որոնց դեպքում անդամ պետությունները չեն կարողացել պաշտպանել լրագրողներին:
Լրագրողները կարող են գործեր հարուցել ՄԻԵԴ-ում, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են պաշտպանության ոչ բավարար մակարդակի պատճառով: Դատարանի վճիռները կարող են ազգային օրենսդրության և գործելակերպի մեջ հանգեցնել զգալի փոփոխությունների՝ կապված ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության հետ:
ՄԻԵԴ-ը նաև սահմանում է իրավական նախադեպեր, որոնք ամրապնդում են անդամ պետությունների՝ լրագրողներին պաշտպանելու պարտավորությունները՝ դրանով իսկ ազդելով ներքին քաղաքականության վրա և խրախուսելով համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
****
2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստանը Reporters without Borders-ի մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում գրանցել է աննախադեպ դրական դինամիկա՝ 2023 թվականին զբաղեցնելով 49-րդ տեղը՝ 2018 թվականի 80-րդ տեղի փոխարեն: 5 տարում բարելավելով իր դիրքը 31 նիշով՝ Հայաստանն այժմ հանդիսանում է հարևան պետությունների մեջ մամուլի ազատության առումով առաջատարը: Վրաստանը 77-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 151-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Իրանը՝ 177-րդ: Առաջին տեղում Նորվեգիան է, վերջին՝ 180-րդ տեղում՝ Հյուսիսային Կորեան: Պետությունում լրագրողների անվտանգության մակարդակը կարևոր չափանիշներից է մամուլի ազատության ինդեքսը գնահատելու համար:
2023 թվականի հոկտեմբերին Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է լրագրողների անվտանգությանը նվիրված 5-ամյա արշավ: Արշավի միջոցառումները կազմակերպվելու են անդամ- պետություններում՝ պետության կողմից գոյություն ունեցող բացերի գնահատման, առկա խնդիրների առաջնահերթությունների սահմանման արդյունքում՝ ԵԽ-ին ներկայացնելով գոյություն ունեցող իրավիճակը շտկելուն ուղղված նախատեսվող քայլերի և միջոցառումների շարք, որոնց կազմակերպմանը Եվրոպայի խորհուրդը կտրամադրի հնարավոր աջակցություն:
Արշավի վերջնական նպատակն է ԵԽ անդամ-պետություններում ստեղծել լրագրողների համար առավել ապահով աշխատանքային միջավայր և պայմաններ՝ լրագրողների անվտանգությանն ուղղված իրավական և ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման, հարձակումների դեմ արդյունավետ միջոցների ստեղծման, հանցագործությունների առավել արդյունավետ հետաքննության, մեղավորների նկատմամբ պատշաճ պատժամիջոցների կիրառման, ազգային կիրառելի օրենքների անհրաժեշտ փոփոխությունների, նոր նորմատիվ ակտերի ընդունման, լրագրողների անվտանգության, անկախության և բազմակարծության կարևորության մասին հանրային իրազեկման, տարբեր դասընթացների, վերապատրաստման ծրագրերի իրագործման միջոցով:
Արշավը յուրաքանչյուր տարի ունենալու է թեմատիկ ուղղվածություն: Առաջին, ընթացիկ տարվա թեման է լրագրողների պաշտպանությունը, որի իրագործման մեխանիզմն է․ պետությունները նշանակում են ազգային պատասխանատու և ստեղծում ազգային կոմիտե կամ աշխատանքային խումբ՝ բաղկացած անվտանգության խնդիրներին առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, պատգամավորներից և ԶԼՄ-ներից: