Իրավունք

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

5 րոպեի ընթերցում

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների համաշխարհային օրը՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկայացնող երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևաչափով երեխաները քննարկել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։ 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: 

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը հատուկ կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը, երբ երեխաները կարող են պետական պաշտոնյաների հետ համատեղ քննարկել իրենց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, մասնակցել որոշումների կայացմանը: 

«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս օրը ձեզ հետ անցկացնելը: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեզ համար ունի բացառիկ կարևորություն: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է նրանց մասնակցության իրավունքի ապահովումը: Մեր խորհրդի երեխաներն ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը, օրենսդրական նախագծերի ուսումնասիրությանը, անգամ ՄԻՊ տարբեր զեկույցների կազմման աշխատանքներում նրանք ունեցել են ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Պաշտպանը՝ երեխաների մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից նշելով հատկապես Ժնև կատարած այցը: 

«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Այցին ինձ հետ համատեղ մասնակցել են Խորհրդի անդամ երեխաները, որոնց դերակատարությունն այցին առանցքային էր: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»,- ասել Պաշտպանը: 

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և այս ձևաչափով խորհրդի նիստի կազմակերպմանն աջակցելու համար: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, և այն մասնակցության իրավունքն է։ 

«Մասնակցությունը կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ դպրոցի, և թե՛ համայնքի համատեքստում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի աշխատանքը վերջին տարիներին մարմնավորել է այս գաղափարը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է, որ իր ներդրումն է ունեցել խորհրդի ստեղծման գործում և պատրաստ է շարունակել աջակցել նոր անդամներին իրենց այս կարևոր գործում՝ զարգացնելու սերունդների միջև փոխըմբռնումը երեխաների համար ավելի լավ ապագա կերտելու գործում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: 

Նիստի ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական խորհրդի անդամներին հանձնել է հավաստագրեր և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում