Մշակույթ

Երվանդ Քոչարի թանգարանի շուրջ քննարկումները շարունակվում են. ենթադրյալ կորած ստեղծագործությունների գործը Քննչական կոմիտեում է

9 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի թանգարանի շուրջ քննարկումները շարունակվում են. ենթադրյալ կորած ստեղծագործությունների գործը Քննչական կոմիտեում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի համոզմամբ՝ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ մոտ 5 հարյուր հազար դոլար արժողության։ Այդ մասին ահազանգվել է ՀՀ կառավարությանը. այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Վարպետի թանգարանը չի ընդունում մեղադրանքն ու այն զրպարտություն համարում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ 1984 թվականին Ռուբեն Քոչարը համապատասխան փաստաթղթով Երվանդ Քոչարի նորաբաց թանգարանին է հանձնել Երվանդ Քոչարի 21 ստեղծագործություն՝ գեղանկարներ, գրաֆիկա և արձաններ, որոնք իր սեփականությունն են։ «Վերջերս պարզվեց, որ այդ նկարներից մեկը Մոսկվայի հայ եկեղեցու թանգարանում է։ Այն եկեղեցուն է նվիրաբերել հայ բարերարներից մեկը։ Հետո պարզվեց, որ յոթ ստեղծագործություն, այդ թվում՝ նշված նկարը, Քոչարի թանգարանում չեն և պարզ չէ, թե որտեղ են։ Այդ կապակցությամբ դիմումներ են ներկայացվել ՀՀ կառավարությանը, տարբեր մարմինների, հարուցվել է քրեական գործ, որն ութ ամիս է՝ ընթացքի մեջ է։ Երկու օր առաջ դիմում ենք ներկայացրել պետական վերահսկողական ծառայությանը, որպեսզի ուսումնասիրություն կատարվի և պարզվի, թե ինչ է տեղի ունենում, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ստեղծագործությունները չկան»,-նշեց փաստաբանը։

Երվանդ Քոչարի կրտսեր որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը պատմեց, որ Երվանդ Քոչարն իր ամբողջ ունեցվածքը հեղինակային իրավունքով և օրինական ճանապարհով  ժառանգել է իր կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որը սրբորեն պահպանել է այդ ժառանգությունն ու իր ամբողջ կյանքի մեծագույն նպատակն է համարել Երվանդ Քոչարի թանգարան ստեղծելը, ինչը նրան հաջողվել է։ «Մայրս միշտ տրտնջում էր, նրան հուզում էր այն, որ թանգարան բացելու համար որոշ  քանակի միավորներ են պետք։ Դա էր պատճառը, որ նա ամբողջ մեր ընտանիքի արխիվը, անգամ լուսանկարները որպես միավորներ հանձնեց թանգարանին։ Պետությունից խնդրեց որոշ գործեր, որ տրամադրվեն թանգարանին և այնտեղ ցուցադրվեն և ինձ ու եղբորս  հորդորեց, խնդրեց, առաջարկեց՝ ինչ ժառանգել ենք, լինի ժողովրդական, ոչ թե վերցնենք ու մեր տանը պահենք այդ գործերը կամ վաճառենք, այլ տրամադրենք թանգարանին, նրան վստահենք»,-նշեց Ռուբեն Քոչարը։

Նրա խոսքով՝ ինքն ու եղբայրը՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը, համաձայնել են և Մանիկ Մկրտչյանի կենդանության օրոք, որն այդ ժամանակ թանգարանի տնօրենն է եղել, իրենց ժառանգած աշխատանքները տրամադրել են թանգարանին։ Ռուբեն Քոչարը 21 գործ է տրամադրել և հավատարմագիր ստորագրել։

Փաստաբանը լրագրողների ներկայությամբ ընթերցեց հավատարմագրի բովանդակությունը, որը ստորագրել են Ռուբեն Քոչարն ու Երվանդ Քոչարի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Լալա Մարտիրոսյանը։ Լալա Մարտիրոսյանը (Լալա Մարտիրոսյան-Քոչար) Հայկազ Քոչարի կինն է։

Հավատարմագրում նշվում է, որ Երվանդ Քոչարի նորաստեղծ թանգարանի բացման կապակցությամբ Ռուբեն Քոչարը թանգարանին է տրամադրում ժամանակավոր ցուցադրության համար իր սեփականությունը հանդիսացող ներքոհիշյալ գործերը, որոնց ցուցակը կցվում է սույն հավատարմագրին։ Շեշտվում է, որ թանգարանը պարտավորվում է ապահովել նկարների անվնասությունն ու պահպանությունը և պահանջի դեպքում վերադարձնել դրանք։

Ռուբեն Քոչարն ընդգծեց՝ մայրը շատ հիվանդ է եղել և մտածել է, թե ով պետք է տնօրինի թանգարանը։ Ռուբեն Քոչարը չի համաձայնվել ստանձնել այդ գործը, քանի որ իրեն կինոյի մարդ է համարում և ցանկացել է աշխարհը տեսնել։ «Ես չէի կարող մնալ այստեղ և թանգարանը պահպանել։ Եղբայրս ևս ստեղծագործող մարդ էր. նա շատ հետաքրքիր ճարտարապետ էր։ Որոշեցինք այդ գործը հանձնել մեր հարսին՝ մեր ընտանիքի միակ և հավատարիմ մարդուն, որին կարելի էր վստահել»,-ասաց վարպետի որդին։

Ռուբեն Քոչարը երբեք չի մոռացել այն ստեղծագործությունների մասին, որոնք տրամադրել է  թանգարանին, սակայն, երբ մոտեցել է Քոչարի 125-ամյա հոբելյանը, որոշել է Քոչարի գործերը ներկայացնել արտերկրում, հիշեցնել նկարչի մասին։ Գիտակցել է, որ դժվար է պետական գործերը երկրից դուրս հանել, ուստի որոշել է միայն իր սեփականությունը համարվող աշխատանքները ցուցադրել։

«Թանգարանում հարցրի, թե որտե՞ղ են այդ աշխատանքները և լռություն տիրեց․ ասացին, որ մեկ շաբաթից կպատասխանեն։ Մեկ շաբաթ անց  Լալա և Կարինե Քոչարները բերեցին մի ցուցակ գունավոր լուսանկարներով՝ կողքին նշված, որ այս կամ այն գործերը չկան։  Դա 2023-ի դեկտեմբերին էր»,-հիշեց Ռուբեն Քոչարն ու թվարկեց այդ աշխատանքների անունները՝ «Վիվան Ջիդեջյանի դիմանկարը», 1923 թվական, կտավ, յուղաներկ, «Պատուհանի մոտ», 1968 թվական, փայտ, յուղաներկ (այն գտնվել  է Մոսկվայում), «Երեքը սրճարանում», գրաֆիկական աշխատանք, 1918 թվական, «Դիմակով մարդը», 1926 թվական, գրաֆիկա, Կոմպոզիցիա՝ գլուխ, 1933 թվական, «Տղամարդ ու կին», 1930 թվական, «Հերարձակ կինը», 1930 թվական։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նաև նշեց, որ թանգարանում ցուցադրվող ստեղծագործություններ կան, որոնք, հնարավոր է, կեղծված են։

«Կասկածում եմ, որ Քոչարի ինքնանկարը, որը կախված է Հայաստանի ազգային պատկերասրահում, բնօրինակն է, քանի որ Քոչարի ինքնանկարի տակ փայտե գիծ կա, որը նկարել է Քոչարը։ Իմ հայրը՝ Երվանդ Քոչարը, ինձ մի անգամ ցույց տվեց այդ փայտը, որի վրա երկու մեխի անցք է նկարել։ Նա ասաց՝ եթե Հայաստանում գտնեք մեկին, որ կարող է  մեխի այսպիսի անցք նկարել, ես իմ վիզը կկտրեմ։ Դա տպավորվել է  մինչ օրս։ Այսօր այդ կտավի վրա բացակայում են այդ փայտն ու մեխի տեղերը։ Չգիտեմ, եթե շրջանակը փոքր են արել ու դա փակվել է, դա այլ պատմություն է»,-շեշտեց Ռուբեն Քոչարը։ 

Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Ռուբեն Քոչարից հաղորդում է ստացված եղել առ այն, որ Ռուբեն Քոչարը 1987-ին Երվանդ Քոչար թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023-ի դեկտեմբերին նշված մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։ «Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը) հատկանիշներով, որով նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։ Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից ։

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն էլ մեզ հետ զրույցում զրպարտություն համարեց  թանգարանային նմուշների անհետացման վերաբերյալ մեղադրանքները։ «Որևէ բան ո՛չ գողացել են, ո՛չ կորել է, ո՛չ անհետացել է։ Թանգարանի ողջ գույքը ինչպես որ կար, ինչպես որ հանձնվել է, համարներով, նույնությամբ գոյություն ունի։ Ոչինչ  կեղծված չէ, բնօրինակ գործեր են բոլորը։ Դրա մասին գրառումները կան ժամանակավոր պահպանության մատյաններում, ամեն ինչ կա, ամեն ինչ նորմալ է և փաստագրված։ Կան որոշ անճշտություններ, բայց դրանք էական բաներ չեն, որ այդ գործերը համարեն  գողացված կամ անհետացած»,-շեշտեց Կարինե Քոչարը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 27-ին Փարիզի Պոմպիդու կենտրոնում Քոչարի հիշատակի առթիվ հրաշալի երեկո է կազմակերպվելու և ցավալի համարեց, որ հենց այս շրջանում նման բամբասանքներ են տարածվում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում