ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024-2025 ուստարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ հրաշալի նախաձեռնությամբ ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբեր ամսին հայտարարել է «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը: Այս նախաձեռնության նպատակն էր խթանել սովորողների մեջ հետաքրքրությունը ազգային մշակույթի, ինքնության, մասնավորապես կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել լուսանկարչությունը՝ որպես արվեստ, որպես ճանապարհ դեպի ճանաչողություն:
Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներ՝ ստեղծելով QR կոդեր, որոնք պարունակում են լիարժեք տեղեկատվություն տվյալ ստեղծագործությունների և հեղինակների վերաբերյալ: Նախաձեռնության կարևոր վերջնարդյունքներից են սովորողների համագործակցային հմտությունների և կարողությունների զարգացումը, ազգային մշակույթը ուսումնասիրելու և ճանաչելու, մշակույթի՝ որպես այցեքարտի դերն արժևորելու և ներկայացնելու հնարավորությունը, իսկ QR կոդերի ստեղծումը՝ բարելավելու իրենց մեդիագրագիտության հմտությունները:
«Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում նոյեմբերի 18-ին:
Մշակութային ժառանգության հետ հաղորդակցումը, այդ ժառանգության փոխանցած ուղերձների յուրացումը յուրաքանչյուր սերնդի համար արժեհամակարգի ձևավորման նախադրյալ է: Արվեստն այն բնագավառն է, որտեղ մարդը ձգտում է կատարելության և դառնում ավելի մաքուր, անդադար վերանորոգվում, և հանրությանն ու մարդկանց ուղղված նրա ասելիքը էլ ավելի շիտակ ու արժեքավոր ձև ու էություն է ստանում: Մանկապարտեզից մինչև բուհ, ընտանիքից մինչև աշխատավայր, կյանքի սկզբից մինչև երկրայինի ավարտ արվեստի ու մշակույթի կապույտ արյունը պիտի առատորեն հոսի և ներթափանցի՝ սնելով մարդու ներաշխարհը, բարձրացնելով նրա կյանքի որակն ու հոգեկերտվածքը:
Հայ արվեստն այն դաշտն է, որի սկիզբը գալիս է հին ժամանակներից ու շարունակվում է մինչ այսօր, որը հագեցած է մեծերով ու հայտնի գործերով, ոսկե ֆոնդով, և նրա ծավալն ու տարածականությունը սահմաններ չունեն: Մենք աշխարհին ասելու և ցույց տալու շատ բան ունենք, և դա մեր արվեստի լեզուն է, մշակույթի դրոշը: Եվ ահա մեր սովորողները, որոնք այդ ճանապարհի կերտողներն են, փորձել են յուրացնել մեր մշակութային ժառանգության ուղերձները, անցնել այն արահետներով, որոնք տանում են դեպի այդ ժառանգության հիմքերը, փնտրել ու գտնել արժեքներ, պատմել տիեզերական անսահմանության հասնող մեր հոգևոր ունեցվածքի ստեղծման, արարման, գոյության ու հավերժումի պատմությունները ժամանակակից տեխնոլոգիական լեզվով ՝ այն հասանելի դարձնելով բոլորին: Հսկայածավալ աշխատանքը, որ արել են մեր դպրոցականները՝ հետազոտելով նյութեր, իրական արժեքներ, ուսումնասիրելով մեր երևելի անհատների թողած ժառանգությունը, ևս մեկ անգամ հավաստում է, որ մշակույթն այցեքարտ է, և այդ այցեքարտի ժառանգման ու պահպանման իրավունքով է, որ կարող ենք խոսել այսօր, վաղը, միշտ...
Ներկա էին և բացման խոսք ասեցին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, լրագրող Արայիկ Մանուկյանը
Համադրող՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն, Հայաստանի նկարիչների միության անդամ, արվեստաբան Օվսաննա Քարամյան: