ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2-րդ անգամ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացումը բեմադրվել է Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առթիվ։ Բեմադրությունը` Արեն Օսիպյանի։
Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը։
Ներկայացման բեմադրումը ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը, երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից: