Եվրոպական ներդրումային բանկը հանձնառու է աջակցել հայ ժողովրդի կյանքը բարելավող նախագծերին. ԵՆԲ փոխնախագահ

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ներդրումային բանկն իր հանձնառությունն է հայտնում աջակցելու նախագծերին, ծրագրերին, որոնք կբարելավեն հայ ժողովրդի կյանքը: Հայաստանում Բանկի աջակցության ոլորտները բազմազան են՝ մասնավոր հատվածի զարգացումից մինչև տեղահանված անձանց ինտեգրում:  

Հայաստան կատարած այցի ընթացքում «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:    

-Տիկին Չերվինսկա, նախ կարո՞ղ եք ներկայացնել Հայաստան Ձեր այցի օրակարգը և հիմնական նպատակը, ի՞նչ կարևոր հանդիպումներ եք ունեցել և ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:  

-Հաճելի է գտնվել Հայաստանում, որը Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի մաս կազմող ԵՆԲ Գլոբալ-ի առանցքային գործընկերն է: Որպես Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ՝ սա իմ առաջին այցն է Հայաստան: Այն չափազանց արդյունավետ է եղել՝ Հայաստանում մեր ընթացիկ և ապագա գործունեության մեջ նշանավորվելով որպես կարևոր իրադարձություն:

Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրեցինք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ամենամեծ ֆինանսական պայմանագիրը: Մենք աջակցում ենք այս նախագծին 236 մլն եվրո վարկի տրամադրմամբ: 

Մենք նույնքան ուրախ ենք նաև, որ ստորագրել ենք ավելի քան 10 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության հետ «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլ» ծրագրի համար: ԵՄ-ի այս դրամաշնորհը կլրացնի 2023թ. նոյեմբերին ստորագրված 25 մլն եվրո վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրին: Երևանի քաղաքապետարանն այդ ֆինանսավորումը կօգտագործի ավելի քան 100 000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հասարակական շենքերի վերանորոգման համար՝ կենտրոնանալով էներգիայի սպառման և ածխաթթու գազի (CO₂) արտանետումների կրճատման վրա:

Իմ այցի ընթացքում մենք հայտարարեցինք նաև ԵՆԲ Գլոբալ-ի և Եվրոպական հանձնաժողովի կողմից 70 մլն եվրո ընդհանուր ծավալով ֆինանսավորման փաթեթի մասին, որը կնպաստի Հայաստանում հազարավոր բիզնեսների ֆինանսավորման հասանելիությանը:

Հնարավորություն եմ ունեցել հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Քննարկեցինք մեր ընթացիկ համագործակցությունը և ապագա նախաձեռնությունները, որոնց կարող ենք միասին հետամուտ լինել: 

-Օրեր առաջ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային համաձայնագրի: Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը: Ձեր այցի շրջանակում այս համաձայնագրի առնչությամբ քննարկումներ ունեցե՞լ եք: Բանկի համար որքանո՞վ է կարևոր հենց նման կարևորության ծրագրերի ֆինանսավորումը: 

-Սիսիան-Քաջարան ճանապարհը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածն է։ Որպես 236 մլն եվրոյի համաֆինանսավորում իրականացնող՝ Եվրոպական ներդրումային բանկը համարում է, որ այս ծրագիրը նշանակալի փոփոխություն կլինի Հայաստանի և Հարավային Կովկասի համար: Այն զգալիորեն կբարելավի Եվրամիության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև տրանսպորտային կապերը:

Այս ենթակառուցվածքը նաև կնպաստի կլիմայի փոփոխության մեղմացմանը՝ կրճատելով ճանապարհահատվածի երկարությունը և տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերը: Որպես կլիմայի Բանկ՝ մեզ համար առանցքային առաջնահերթություն են ներդրումները ենթակառուցվածքներում, որոնք կարող են նպաստել կլիմայի կայունությանը:

Ծրագրի ևս մեկ կարևոր ուղղություն է Ճանապարհային անվտանգության բարձրացումը, որը երթևեկողների և ապրանքների տեղաշարժի համար կապահովի ավելի անվտանգ և արագ երթուղիներ: Այն նաև կնպաստի հասանելիությանն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ և կնպաստի Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Սա ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի կարևոր նախագիծ է: Այն նաև Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը կլինի: 

Այնուամենայնիվ, սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինության առաջին ծրագիրը չէ: Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման ծրագիրը հիմնված է Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի հետ ամուր գործընկերության վրա: Փաստորեն, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երրորդ տրանշը գրեթե ավարտված է։ Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք տրամադրում Գյումրու շրջանցիկ ճանապարհի նախագիծը նախապատրաստելու համար՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» ծրագրի (EPIC) շրջանակներում: 

-Բանկն ի՞նչ սկզբունքով է ընտրում, թե Հայաստանում իրականացվող ինչ ծրագրերի ուղղել ֆինանսավորումը, ո՞ր ոլորտներին է առաջնահերթություն տալիս: Հայաստանի առևտրային բանկերի հետ Եվրոպական ներդրումային բանկի վարկային համաձայնագրերը հիմնականում ուղղված են փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Ինչո՞ւ է բանկն ուշադրություն դարձնում հատկապես փոքր ու միջին բիզնեսին, արդյոք բանկն այն համարո՞ւմ է Հայաստանի տնտեսական աճին  նպաստող ուղղություն:  

-Որպես ԵՄ բանկ՝ մենք առաջնորդվում ենք ԵՄ քաղաքականությամբ: Հայաստանում մեր ֆինանսավորումը համահունչ է ԵՄ քաղաքականության առաջնահերթություններին, որոնք ուրվագծված են ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնությունում և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանում:

Հայաստանյան ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնումը շարունակում է մնալ Եվրոպական ներդրումային բանկի ևս մեկ առանցքային առաջնահերթություն և ուղղակիորեն նպաստում է ԵՄ նպատակին՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում աջակցելու 30 հազար հայաստանյան ՓՄՁ-ների: 

Հայկական երեք բանկերի՝ «Ինեկոբանկ»-ի, «Արմսվիսբանկ»-ի և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի հետ ուղիղ վարկային պայմանագրերի միջոցով մենք տրամադրում ենք ընդհանուր 58.5 մլն եվրո՝ երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկերի ընդլայնման նպատակով: Եվրոպական հանձնաժողովը ևս տրամադրում է 11 մլն եվրո դրամաշնորհ՝ օգնելու այս բանկերին բավարարել հայկական ՓՄՁ-ների՝ տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման պահանջարկը:   

Իմ այցի ընթացքում Եվրոպական ներդրումային բանկը Կենտրոնական բանկի հետ կազմակերպել էր ԵՆԲ-ի ՓՄՁ համաժողով՝ մի տեղում հավաքելով ֆինանսական հաստատություններին, պետական ​​և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերին: Այս հանձնառությունը հիմնված է ՓՄՁ-ների ֆինանսավորումն ավելացնելու մեր ջանքերի վրա, քանի որ դրանք Հայաստանի տնտեսության հիմքն են։

Անցյալ ամառ մենք առաջին ուղիղ վարկային պայմանագրերը կնքեցին Հայաստանի առևտրային բանկերի հետ՝ 55 մլն եվրո վարկավորելով «Ակբա բանկի»-ն և 12 մլն եվրո՝ «Էվոկաբանկ»-ին:

2014 թվականից ի վեր Եվրոպական ներդրումային բանկն իր երկար տարիների գործընկեր Կենտրոնական բանկին տրամադրել է 4 վարկային գիծ՝ ընդհանուր 220 մլն եվրոյի չափով, ինչը նպաստում է այդ գումարի ավելի քան կրկնակի ներդրմանը տնտեսության մեջ: Այս միջոցները Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով աջակցել են ՓՄՁ-ների ավելի քան 350 ծրագրերի և ապահովել են ավելի քան 2000 աշխատատեղ: Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել՝ առավելագույնի հասցնելու վերջին վարկային գծի արդյունավետությունը: Տեխնիկական աջակցությունն օգնում է ապահովել ծրագրի ողջամիտ իրականացումը` հասցեագրելով գյուղական համայնքների կարիքները, կենտրոնանալով բիզնեսում կանանց վրա և խթանելով թվայնացումը: Իր հերթին, Greening Financial Systems-ը բարելավում է երկրում կլիմայի հետ կապված նախագծերի որակը, ինչը հատկապես կարևոր է Եվրոպական ներդրումային բանկի համար՝ որպես կլիմայի բանկ:  

Ըստ Եվրոպական ներդրումային բանկի ՓՄՁ-ների շրջանում վերջին ուսումնասիրության՝ Հայաստանում փոքր բիզնեսի գրեթե 40 տոկոսը  չունի ռեսուրսներ՝ ներդրումներ կատարելու կանաչ տեխնոլոգիաների կամ թվային լուծումների մեջ:

Ֆինանսավորման հասանելիության այս սահմանափակումները մեծ մտահոգություն են ՓՄՁ-ների համար աշխարհի բոլոր անկյուններում: Այնուամենայնիվ, չնայած այս մարտահրավերները դժվար են՝ դրանք նաև նորարարական լուծումներ մտցնելու, աճի և ավելի ճկուն դառնալու հնարավորություններ են ստեղծում: ԵՆԲ-ի խումբն այստեղ է՝ օգնելու  մասնավոր հատվածին օգտվել այդ հնարավորություններից: 

Մենք ոչ միայն տեղյակ ենք այս մարտահրավերներին, այլ նաև ակտիվորեն աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ։ Տեղի ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով մենք օգնում ենք ապահովել, որ հայաստանյան ՓՄՁ-ներն ունենան իրենց անհրաժեշտ ռեսուրսները՝ զարգանալու նույնիսկ այս սահմանափակումների դեպքում: 

-Տիկին Չերվինսկա, Հայաստանում տնտեսական աճը խթանելու համար հատկապես ո՞ր ոլորտներում եք առավել մեծ ներուժ ու ֆինանսավորման կարիք տեսնում: Այդ ոլորտների ֆինանսավորմանն ուղղած վարկային պայմանագրեր, համաձայնագրեր նախատեսվո՞ւմ են առաջիկայում, եթե այո, ապա կարո՞ղ եք ներկայացնել դրանք: 

-Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի առաջնահերթ ոլորտներն են հաղորդակցությունների ոլորտը, էներգաարդյունավետությունը, ներդրումները կարողությունների զարգացման և զբաղվածության ոլորտում, տեղահանված անձանց ինտեգրումը և մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցությունը: Մենք հիմվում ենք պահանջարկի վրա և ուրախ ենք դիտարկել նախագծեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում, որոնք օգուտներ կքաղեն մեր ֆինանսավորումից, կհամապատասխանեն մեր չափանիշներին և կհետապնդեն ԵՄ քաղաքականության նպատակները: Մենք պարբերաբար Հայաստանի կառավարության և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկում ենք համագործակցության ոլորտները։ Իմ այցը նպատակ ունի ցույց տալ Եվրոպական ներդրումային բանկի հանձնառությունը՝ աջակցելու ծրագրերի, որոնք կբարելավեն հայ ժողովրդի կյանքը։ 

-Բանկը 2023 թվականին UNICEF–ի միջոցով 200 000 եվրո է ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության համար:  Դուք հետևո՞ւմ եք ծրագրի ընթացքին, արդյունքներին, մինչև այժմ քանի՞ երեխա է աջակցություն ստացել, ի՞նչ կարիքների է ուղղվել գումարը: Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները: 

-2023 թվականին Եվրոպական ներդրումային բանկի (EIB) խումբն իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով 200 000 եվրո է նվիրաբերել երեխաների հոգեկան առողջության և ձմռան հետ կապված կարիքները հոգալու համար: 

Այս նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 26 հազար երեխաների և նրանց ընտանիքների տրամադրել է օգնություն՝ հոգեբանական աջակցություն և հոգեկան առողջության  հարցերի համար նախատեսված թեժ գծի միջոցով, առերես հոգեկան առողջության ու հոգեբանական աջակցություն և վաուչերներ, որոնք օգնել են նրանց ձմռանը: Հոգեկան առողջության օգնության գիծը սպասարկում են վերապատրաստված 19 խորհրդատուներ: Երեխաները և նրանց խնամողները ստանում են նաև հոգեբանական աջակցություն՝ խաղային թերապիայի, արտ թերապիայի և խմբային հանդիպում-խորհրդատվությունների տեսքով: Այս նվիրատվությունը նաև աջակցել է փախստական ​​ընտանիքներին վաուչերներով, որոնք օգնել են նրանց անցյալ ձմռանը՝ հոգալու հիմնական կարիքները: Այսպիսով, աջակցությունը հաջողությամբ մոբիլիզացվել է՝ ժամանակին հոգալու հրատապ կարիքները: 

-Եվ վերջում Հայաստանին վերաբերվող ի՞նչ կարևոր ծրագրեր, նախագծեր են նախատեսվում, որոնց մասին կարող եք մանրամասներ ներկայացնել:

-Մենք պատրաստ ենք հետագա աջակցություն ցուցաբերել նախագծերին, որոնք իրականացվում են մեզ համար առաջնահերթ ոլորտներում՝ հաղորդակցություններ, էներգաարդյունավետություն, ներդրումներ կարողությունների զարգացման և զբաղվածության ոլորտում, տեղահանված անձանց ինտեգրում և աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը: 

Հայերեն العربية English