Սպորտ

Ինչու ուժեղագույն ըմբիշները չեն ներառվել Հայաստանի զինվորական ըմբշամարտի հավաքականի կազմում. պարզաբանել է Պն պաշտոնյան

3 րոպեի ընթերցում

Ինչու ուժեղագույն ըմբիշները չեն ներառվել Հայաստանի զինվորական ըմբշամարտի հավաքականի կազմում. պարզաբանել է Պն պաշտոնյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը որոշվել է  Պաշտպանության նախարարության մասնագետների և պատասխանատուների կողմից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը՝ անդրադառնալով մի խումբ ըմբիշների դժգոհությանը՝ իրենց  Հայաստանի հավաքականի կազմում չներառելու վերաբերյալ:

«Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի հավաքականը: Մրցաշարին այլ մարզիկների ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ: ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները»,-ասաց Դավթյանը: 

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի կարծիքով՝ այս առաջնությունը կարող է ցույց տալ, որ սպորտը կարող է միավորել և խաղաղություն բերել:

«Այս առաջնությունն անցկացվում է ամենաարդար պայմաններում, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի և Հակադոպինգային միջազգային կառույցների չափանիշներին համապատասխան»,-ասաց Նիլտոնը:

Հայաստանից Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը կմասնակցեն` Տիգրան Մինասյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը կգլխավորի Արմեն Բաբալարյանը։  

Ազատ ոճային ըմբիշների գլխավոր մարզիչը կլինի Ավետիք Վարդանյանը, թիմում ընդգրկված են` Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արտավազդ Հարությունյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) եւ Հենրիկ Հայկյանը (120 կգ): 

Զինվորականների ըմբշամարտի 37- րդ աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից: 

Ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ իրենք չեն ներառվել Հայաստանի հավաքականի կազմում, որը մասնակցելու է Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի առաջնությանը։ 

Նրանք նաև մտահոգություն էին հայտնել, որ իրենց որևէ պարզաբանում չի ներկայացվել, թե որն է իրենց հավաքականի կազմում չներառելու պատճառը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում