Մասնագիտական ծառայությունները 2025 թվականի հուլիսի 1-ից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ
3 րոպեի ընթերցում
![Մասնագիտական ծառայությունները 2025 թվականի հուլիսի 1-ից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/19/6Ce0A7EtD7h8MIMpivZ4CN5CeKYutysp2WCBhTRS.webp)
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումներում քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական լսումների ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ կառավարության հարկային քաղաքականությունը նպատակաուղղված է հարկման համակարգերի արդարության և հավասարության ապահովմանը։ Այս նախագծերը նախատեսում են մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։
«Ներկա փուլում կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքն՝ շրջանառության հարկի համակարգի և միկրոձեռնարկատիրության համակարգի կիրառության շրջանակների կրճատմանը»,- ասաց Պողոսյանը։
Արման Պողոսյանի խոսքով՝ ներկայում շրջանառության հարկի համակարգում գործող անձինք, օրինակ՝ անհատ ձեռնարկատերերը, վճարում են առավելագույնը 5 տոկոս շրջանառության հարկ, ինչը էականորեն ցածր է նույն գործունեության համար ընդհանուր հարկման համակարգում սահմանված հարկային բեռից։ Սա անհավասար իրավիճակ է ստեղծում հատկապես այն դեպքում, երբ համեմատվում են շրջանառության հարկով գործող անհատ ձեռնարկատերերը և, օրինակ, աշխատավարձ ստացող մասնագետները։
Նրա խոսքով՝ նախագծերով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական ոլորտներ տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։
«Դրանք ներառում են հետևյալ ոլորտները․ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտական շինարարական այլ գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն»,- ասաց Պողոսյանը։
Ըստ Պողոսյանի՝ նոր համակարգի ներդրումը կնպաստի միասնական և հավասար հարկային միջավայրի ձևավորմանը։ Սա նաև թույլ կտա վերացնել հարկային պլանավորման և հարկերից խուսափելու հնարավորությունները։
«Գործունեության որոշ տեսակներ նախատեսվել է դեռևս չտեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ։ Խոսքն անասնաբուժական ծառայությունների, սոցիալական խնամքի ծառայությունների, գիտական հետազոտությունների և մշակումների մասին է»,-ասաց Պողոսյանը։