SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանս. կանաչ տնտեսության և կայուն զարգացման ոլորտում կարիերայի հնարավորություններ գտնելու հարթակ
6 րոպեի ընթերցում
![SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանս. կանաչ տնտեսության և կայուն զարգացման ոլորտում կարիերայի հնարավորություններ գտնելու հարթակ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/19/u3fUi6q4Abp7kswPRsvaZfR1b85mJFmkuwSWN0X0.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը նվիրված առաջին SEE Expo&Dialogue էքսպո-կոնֆերանսը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի մասնագետներին և ընկերություններին: Էքսպո-կոնֆերանսը ձևավորել էր մի հարթակ, որտեղ վերականգնվող էներգետիկայի, տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ընկերությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գործունեությունն ու առկա աշխատանքային հնարավորությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսին ելույթ ունեցան ոլորտի առաջատար փորձագետներ, ինչպես նաև կրթական և մասնավոր ոլորտների փորձառու մասնագետներ:
Կոնֆերանսի հատուկ հյուր, Բրիտանիայի առաջատար էկոլոգիական տնտեսագետ Ստանիսլավ Էդվարդ Շմելյովը, ողջունելով նման նախաձեռնության իրականացումը, նշեց, որ կանաչ տնտեսությունը իսկապես կարևոր դեր ունի մեր ժամանակներում։
Ըստ մասնագետի՝ այն ոչ միայն լուծում է բնապահպանական խնդիր, այլև նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և կայուն բիզնեսի զարգացմանը:
«Վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպես օրինակ՝ արևային վահանակների տեղադրումը, և նյութերի, այդ թվում՝ թղթի վերամշակման միջոցով շրջանաձև տնտեսության առաջմղումը կարևոր քայլեր են դեպի կայուն ապագա: Պետք է նշեմ, որ բիզնեսը կարևոր դեր ունի կանաչ տնտեսության զարգացման, նոր հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծման մեջ:
Հատկապես հետաքրքիր է, որ Հայաստանում զարգանում են նման նախաձեռնություններ, ինչպիսիք են տեղական խոտաբույսերի հավաքմամբ թեյի արտադրությունը, ինչը նպաստում է տեղական էկոհամակարգերի և փոքր բիզնեսի աջակցմանը։ Էկոլոգիական դիզայնով զբաղվող նախագծային գրասենյակները ևս նպաստում են կանաչ տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով կայուն լուծումներ առօրյա կյանքի համար։
Եթե խոսենք թղթի վերամշակման և այդ գործընթացի համար հավելվածների մշակման մասին, ապա նման տեխնոլոգիաները կարող են էականորեն հեշտացնել ռեսուրսների ավելի էկոլոգիապես օգտագործումը։ Նման նախաձեռնությունները արժանի են ուշադրության և աջակցության, քանի որ դրանցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունենում շրջակա միջավայրի պահպանման գործում»,-նշեց Ստանիսլավ Էդվարդ Շմելյովը:
Էքսպո-կոնֆերանսի կազմակերպիչ job.am հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանն էլ ընդգծեց՝ անչափ կարևորում են կանաչ տնտեսության ոլորտում աշխատաշուկայի զարգացումը։
«Այս միջոցառման նպատակն է գրավել սկսնակ և փորձառու մասնագետների ուշադրությունը և խրախուսել նրանց փնտրել կարիերայի հնարավորություններ կայուն զարգացման ոլորտում», -ասաց Նալբանդյանը։
Էքսպո-կոնֆերանսի գլխավոր գործընկեր՝ RECONOMY, Helvetas Swiss Intercooperation Արևելյան Գործընկերության երկրներում ծրագրերի համակարգող Մարիաննա Ավետիսյանի խոսքով, SEE Expo & Dialogue-ը պարզապես միջոցառում չէ. այն շարժում է դեպի կայուն ապագա:
«Միավորելով բիզնեսը, կանաչ քաղաքականությունը և մասնագիտական ներուժը մի վայրում՝ մենք նպատակ ունենք նպաստել իրական փոփոխությունների էներգաարդյունավետության, կանաչ շինարարության ու այս ոլորտներում աշխատունակության բարձրացման ուղղություններով: Մենք նպատակ ունենք խթանել, որպեսզի երիտասարդները, կանայք և առհասարակ բոլոր մարդիկ ավելի շատ նախընտրեն կանաչ աշխատատեղերը, որովհետև մենք ունենք շատ հնարավորություններ, բայց դրանք երբեք չեն բարձրաձայնվում, բայց մեր մոլորակի, առողջության և մեր ապագայի համար դրանք իրականում շատ կարևոր են», - ասաց Ավետիսյանը:
ԷկոՎիլ արևային ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակից Լիաննա Ազարյանը նշեց, որ 2015 թվականից գործունեություն ծավալող ընկերության կարևոր նպատակներից էր վերականգնվող էներգիայի միջոցով աջակցել մարդկանց և կրճատել բնությանը հասցվող վնասը:
«Հայաստանում արևային համակարգերի տեղադրման և տարածման գործում բավականին մեծ ներդրում ունի հենց մեր ընկերությունը: Մենք զբաղվում ենք արևային ֆոտովոլտային կայանների և առանձին ջրատաքացուցիչների ամբողջական տեղադրմամբ: Մեր վաճառքներից զատ՝ առաջնայինը կարևորում ենք մարդկանց օգնել և տեղեկացնել, թե դրանց կիրառումը ինչ օգուտ կտա իրենց և բնությանը»,-ասաց Ազարյանը:
«ՌԵՅ ԷՆԵՐՋԻ» ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Միքայել Պետրոսյանը նշեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում ներմուծում է արևային վահանակներ և այս էքսպո-կոնֆերանսը լավ հնարավորություն է մարդկանց ներկայացնելու վերականգնվող էներգիայի և կանաչ տնտեսության զարգացմանը կարևորությունը:
«Ես կարծում եմ, որ անհատներից մինչև բիզնես, պետք է հասկական, որ առավել արդյունավետ և նպատակահարմար է օգտագործել վերականգնվող էներգիան»,- ասաց Միքայել Պետրոսյանը:
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության («Sida») տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է և իրականացվում է «Helvetas Swiss Interco-operation»-ի կողմից։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) SEE Expo&Dialogue-ի՝ կոնֆերանսի գործընկերն է։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ հնարավոր է դարձել կոնֆերանսի հատվածը առցանց ուղիղ ռեժիմով հեռարձակելը և Բրիտանիայի առաջատար տնտեսագետ Ստանիսլավ Էդվարդ Շմելյովի մասնակցությունը կոնֆերանսին՝ որպես խոսնակ։