Գալիք տարին բովանդակային բարեփոխումների տեսանկյունից լինելու է վճռորոշ, բոլոր դասարանները կսկսեն աշխատել նոր չափորոշիչով. ԿԳՄՍ նախարար

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՀՀ-ում Եվրամիության գրասենյակի աջակցությամբ Դիլիջանում կազմակերպեցին «Հայաստանում կրթական բարեփոխումների քաղաքականության երկխոսություն» խորագրով համաժողով, որին ներկա էին կրթության ոլորտի, այդ թվում միջազգային և սփյուռքի տարբեր կառույցներից ավելի քան յոթ տասնյակ ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ Տավուշը պատահականորեն չի ընտրված, որովհետև այստեղ են մեկնարկել հանրակրթական ոլորտի կարևորագույն բարեփոխումները, մասնավորապես՝ հանրակրթության չափորոշիչի փորձարկումը։ 

«Այդ փորձարկումը մեկնարկեց այն ժամանակ, երբ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիրներն էր փորձում կարգավորել։ Այդուհանդերձ, կարողացանք դժվար պայմաններում աշխատանքը սկսել, և հանրակրթության չափորոշիչի բարեփոխումների ծրագիրն իրականացրինք ԵՄ գործընկերների աջակցությամբ ու ՀԲ-ի օգնությամբ։ Այս միջոցառման կազմակերպմամբ ցանկանում ենք հետադարձ հայացք գցել անցած ճանապարհին։ Երկու տարվա արդյունքները վկայում են, որ ամփոփելու և մտորելու շատ բան կա»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ ԱԺ-ն հաստատեց Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որը հիմնական ռազմավարությունն է կրթության ոլորտում։ 

«Այսօրվա քննարկումից առաջ փորձեցինք էքսպոյի միջոցով տեսանելի դարձնել այն աշխատանքը, որն արվում է ոլորտում տարբեր գործընկերների հետ։ Նախընտրել ենք, որպեսզի կատարված աշխատանքը լինի ոչ միայն զեկույցների, այլև կոնկրետ արդյունքների ներկայացման տեսքով։ Շատ կարևոր է, որպեսզի կատարված աշխատանքների համատեքստում լսելի լինի մեր անմիջական շահառուների՝ երեխաների ձայնը, հետևաբար չպետք է բաց թողնենք հետադարձ կապի հնարավորությունը»,- ասաց Անդրեասյանը։  

Նախարարն անդրադարձավ նաև ձեռքբերումներին։ Նա մասնավորապես առանձնացրեց ուսուցիչներին, առավել ևս, որ հաճախակի խոսվում է ուսուցիչների պակասի, նաև՝ նրանց մասնագիտության գրավչության պակասի մասին։ 

«Նախորդ երկու տարիներին ԿԳՄՍ նախարարությունը կառավարության գործընկերների հետ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը, մասնագիտական զարգացմանը։ Եղել են նաև թիրախային կոնկրետ ծրագրեր։ Համակարգում  գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցչի մուտք։ Սա ցույց է տալիս, որ տարաբնույթ ծրագրերը տեղ են հասնում և ունենում համարժեք արձագանք։ Ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ։ Հատկապես ուրախալի է, որ դպրոց մուտք գործած նոր ուսուցիչների շրջանում մեծ թիվ են կազմում երիտասարդ կադրերը։ Մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց նախարարը։

Անդրեասյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ համակարգը համալրած ուսուցիչների շուրջ 56 տոկոսը ներկայացնում են գյուղական դպրոցները, ինչը նշանակում է, որ թիրախային առանձին ծրագրերը, որոնք ուղղված էին կոնկրետ խնդիրների կարգավորմանը, տալիս են առաջին արդյունքները։

«Դեռ շատ անելիքներ ունենք, ուստի աշխատանքները շարունակելու ենք ավելի մեծ ինտենսիվությամբ։ Գալիք տարին նույնպես կարևոր է բովանդակային բարեփոխումների տեսանկյունից, նոր չափորոշիչն արդեն գործածվում է յոթ դասարաններում։ Հաջորդ տարին լինելու է վճռորոշ, քանի որ բոլոր դասարանները կսկսեն աշխատել նոր չափորոշիչով։ Բարեփոխումները կարող են տեղ հասնել միայն այն դեպքում, երբ շղթայի բոլոր օղակները գործում են ներդաշնակ»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։        

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ  Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում կրթության, քանի որ ԵՄ-ի համար սա կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ 

«Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը, քանզի այն քաղաքականությունը, որը մշակվում է այսօր, անմիջական կերպով անդրադառնալու է նրանց ապագա կյանքի վրա»,- ընդգծեց Մարագոսը ՝ կարևորելով ոլորտում բազմակողմանի գործընկերության շարունակականությունը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին նույնպես ընդգծեց այն հանգամանքը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» շրջանակում։

«Այն, ինչ կրթության մեջ հաջողություն էր համարվում, հիմնովին այլ է մեր օրերում. այսօր խոսքը վերաբերում է նրան, որ օգնենք երեխաներին զարգացնել իրենց ինքնությունը, ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց հասարակությունը ձևավորելու համար: Կարևոր է այս երկու մոտեցումները բալանսավորել երեխաներին հիմնավոր գիտելիքներ և կարողություններ ուսուցանելիս։ Հայաստանը առաջընթաց է արձանագրել երկու դեպքում էլ, որի մասին նշվել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին եզրափակիչ դիտարկումներում»,- ասաց Մեստրոնին։

Համաժողովին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության և վաղ մանկական կրթության գծով բարեփոխումների առաջընթացը: Վերջին տարում ստեղծվել է մենթոր մանկապարտեզների ցանկ, որի համաձայն իրականացվել են առցանց և առկա ձևաչափերով վերապատրաստումներ մենթոր մանկապարտեզների կողմից իրենց կցված մանկապարտեզների համար։ Այլ ձևաչափով նաև տրամադրվել է շարունակական աջակցություն, որը կարևոր դեր է ունեցել չափորոշիչի արդյունավետ ներդրման համար։

Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, որը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ, լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ։ Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգը, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։ Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։ Մի շարք դպրոցներում արդեն առկա են խմբակներ, կատարվում է նախագծային ուսուցում, որը դրական է անդրադարձել ուսուցչի ընդհանուր ծանրաբեռնվածության, ինչպես նաև սովորողների ուսումնական մոտիվացիայի վրա։

Ամենակարևոր գործընթաց է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան լավը կլինեն արդյունքները։ Դեռևս չլուծված է մնում ավագ դպրոցի դասագրքերի խնդիրը, մասնավորապես՝ ավագ դպրոցի պատմության դասագրքի հարցը։ Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ Տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական ուղղություններով, օրինակ՝ կրթություն առանց բռնության և բուլինգի։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ նախարարությունը նաև իրականացնում է կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագիր դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ նաև իրականացվում է հատուկ դպրոցների վերափոխման ծրագիր, որը պիլոտային փուլում է։ 

Վաղ մանկական ուսումնառության և հանրակրթության թեմաներից բացի համաժողովի մասնակիցները քննարկեցին միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շուրջ բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթության արագ դիագնոստիկ հետազոտության նախնական տվյալներին: Վերանայվեց Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման ռազմավարության գործողությունների պլանը։

Հայերեն

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է