ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիամ Գեւորգյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա), գործկոմի անդամ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) նոյեմբերի 13-15-ը հանդիպումներ են ունեցել Ուրուգվայի հայ համայնքի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, Բարեգործական միության և Եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է Համահայկական խաղերին ուրուգվահայ համայնքի մասնակցության հարցը, որը վերջին տարիներին բավական պասիվ էր: Արդյունքում` միաձայն լիազորել են դեսպանին ընտրելու այն անձնավորությանը, որը կհամակարգի աշխատանքները, եւ համայնքը լիարժեք կմասնակցի 2027թ. ամառային 9-րդ խաղերին:
Համահայկական մարզական ավանի շինարարության, հետագա աշխատանքներին ներգրավելու եւ համագործակացության առումով չափազանց արդյունավետ հանդիպում է կայացել «Քորփորացիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ:
Էռնեկյանը շնորհավորել է Իշխան Զաքարյանին Համահայկական մարզական ավանի (Վիլիջ) գաղափարի համար` խոստանալով, որ կհրահանգի հայաստանյան իր կառույցներին կապ հաստատել կոմիտեի հետ համագործակցության նպատակով:
Նոյեմբերի 16-ից պատվիրակության այցը շարունակվել է Արգենտինայում: Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնական գրասենյակում հավաքվել են արգենտինահայ համայնքի բոլոր ներկայացուցիչները: Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ՀՄԸՄ-ի, բարեգործականի, ՀՄՄ-ի եւ եկեղեցու ներկայացուցիչներին համահայկական խաղերում միասնականության եւ լավ աշխատանքի համար:
«Դուք համահայկական խաղերին մասնակցում եք մեծ թիմով` կազմակերպված ու ակտիվ: Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ գործկոմի անդամ Ավո Թոքատլյանին աշխատանքները լավ կազմակերպելու համար»,-նշել է կոմիտեի նախագահը:
Մասնակիցները դիտել են Համահայկական մարզական ավանի գաղափարի մասին պատմող տեսանյութը:
«Համահայկական մարզական ավանը լինելու է Հայաստան-Սփյուռք երիտասարդության տունը Մայր Հայրենիքում, ուր բոլորը շուրջ մեկ ամիս ապրելու են միասին` մեկ հարկի տակ, մեկ ընտանիքի պես»,-ասել է Իշխան Զաքարյանը` ավելացնելով, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ շատ մանրամասն քննարկել են այդ գաղափարը, որն արժանացել է հավանության:
Ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Զաքարյանին, որոնց տրվել են սպառիչ եւ գոհացուցիչ պատասխաններ: Արգենտինահայ համայնքը սիրով համաձայնել է մասնակցելու Վիլիջի կառուցման համար նախատեսվող միջոցառումներին:
Նոյեմբերի 17-ին պատվիրակության անդամներն այցելել են ՀՄԸՄ
կենտրոնական գրասենյակ, ծանոթացել մարզական կառույցներին, լսել խաղերի ծրագրում նոր մարզաձեւեր ընդգրկելու առաջարկներ: Իշխան Զաքարյանը գրառում է կատարել ՀՄԸՄ կենտրոնական գրասենյակի պատվավոր հյուրերի գրքում:
Նոյեմբերի 18-20-ը նախատեսվում են հանդիպումներ արգենտինահայ գործարար շրջանակների հետ, որից հետո պատվիրակությունը կմեկնի Բրազիլիա: