ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն․ Լի Րուճըն, «Ծաղիկները հայելու մեջ»
«Ծաղիկները հայելու մեջ» երգիծական վեպը՝ գրված 19–րդ դարի 20–ականներին, արտացոլում է ցինական Չինաստանի բարքերն ու հասարակական խնդիրները, որոնք արդիական են նաև այսօր: «Ծաղիկները հայելու մեջ» վեպում հեղինակը պատմական ու դիցաբանական կերպարների ու իրադարձությունների միջոցով բարձրաձայնում է ցինական Չինաստանին հատուկ մի շարք հասարակական խնդիրներ, վերհանում մարդկային արատները, անդրադառնում սոցիալական անհավասարությանը։ Թարգմանությունը չինարենից՝ Սոնա Հայրապետյանի, Անի Աբգարյանի, Դիանա Հովհաննիսյանի, Դիանա Տեր–Զաքարյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Մանկապատանեկան գրականություն․ Վահե Ղուկասյան, «Գորգի աշխարհը»
Հեռավոր 90-ականներին մի տղա, նայելով իրենց տան պատից կախված գորգի նախշերին, հանկարծ հայտնվում է գորգի մեջ: Նրա արկածները ոչ միայն դուր կգան երեխաներին, այլ հաստատ կսիրվեն նաև ծնողների կողմից, որոնք մանուկ ժամանակ, գուցե, նույնպես սիրում էին նստել գորգի տակ ու նայել նախշերին:
Գիրքը նախատեսված է երեք տարեկանից բարձր երեխաների համար: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը։
Փաստավավերագրական գրականություն Ջոան Դիդիոն, «Մոգական մտքերի տարին»
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը