ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվեց «Stop Greenwashing Genocide!» խորագիրը կրող բողոքի ակցիա, որին ներկա էր նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգն, ով հրաժարվել է մասնակցել COP29-ին՝ այն Ադրբեջանում անցկացնելու պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում քննարկվեց Ադրբեջանի գործողությունների ազդեցությունն ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական պաշտպանության վրա։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են, որ կլիմայական գագաթնաժողովն անցկացվի բռնապետական Ադրբեջանում, համերաշխ են ոչ թե «Ի համերաշխություն Կանաչ աշխարհի» կարգախոսի, այլ բոլոր այն գործընթացների հետ, որոնք իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես այն հանցագործությունների հետ, որոնք Բաքուն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։
Միջոցառմանը մասնակցող էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ակցիայի ընթացքում ելույթի ժամանակ զարմանք արտահայտեց, որ Կլիմայական գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթային պետություն հանդիսացող Ադրբեջանում, որը չի հարգում մարդու հիմնարար իրավունքները:
«Ադրբեջանի ձեռքերն արյունոտ են ինչպես իր սեփական ժողովրդի նկատմամբ ճնշումներով, այնպես էլ Արցախի հայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողություններով։ Անընդունելի է այն տառապանքը, բռնի տեղահանությունն ու շարունակվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, որի միջով անցել են հայերը», - ասաց Թունբերգը՝ հավելելով, որ Ադրբեջանը մի պետություն է, որը մեծապես կախված է հանածո վառելիքից և մտադիր է ավելի ընդլայնել այդ վառելիքի արդյունահանումը։
«Չպետք է Ադրբեջանի նման պետությունն էթնիկ զտում իրականացնի և պատասխանատվության չենթարկվի դրա համար», - ասաց Գրետա Թունբերգը՝ ընդգծելով, որ հիմա այդ բռնությունը հանդիպում է ոչ միայն աշխարհի լռությանն, այլև համաշխարհային մակարդակով Ադրբեջանին հատկացված է հարթակ և լեգիտիմություն՝ ավելի խորացնելու մարդու իրավունքների վերաբերյալ չարաշահումները։
Գրետա Թունբերգի բնորոշմամբ՝ երբ ասվում է կլիմայական արդարադատություն, նկատի է առնվում արդարադատություն բոլորի համար։
«Մենք չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին, իսկ Ադրբեջանի պես պետությունը, որը պատասխանատու է էթնիկ զտումների և ցեղասպանության համար, օրակարգ ձևավորի։ Մի պետություն, որը մտադիր չէ իրական կլիմայական գործողություններ իրականացնել», - ասաց Թունբերգը՝ շեշտելով, որ աշխարհը չի կարող ունենալ կլիմայական արդարություն, առանց հասարակական արդարության։
Թունբերգի կարծիքով՝ արհամարհական է, որ աշխարհը շարունակում է լուռ մնալ Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ունակ են, բարձրաձայնել այս ամենի մասին և արդարություն պահանջել բոլոր տուժածների համար», - նշեց Թունբերգը՝ միաժամանակ կոչ անելով նաև Բաքվում գտնվող միջազգային լրատվամիջոցներին և նրանց, ովքեր ի զորու են, այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին և պահանջել բոլոր քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակումը։
Ակցիայի մասնակից, Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքից արտագաղթած Մարգարիտա Քարամյանն իր հերթին նշեց, որ Բաքվում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է։
«Մի երկիր, որը ցեղասպանության և էթնիկ զտումների է ենթարկել 150 հազար արցախցիների, չի կարող քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ լինել», - նշեց Մարգարիտա Քարամյանը՝ հավելելով, որ հատկապես իր քաղաքում ադրբեջանցիները սարսափելի հանցագործություններ են գործել։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իրագործել են այնպիսի հանցանքներ, որոնք կատարվել են միջնադարյան աշխարհում, իսկ Ադրբեջան պետությունը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել էկոլոգիայի մասին։
«Ադրբեջանը տիրացել է Լեռնային Ղարաբաղի բնությանը, հողերին, անտառներին, արոտավայրերին և ջրերին։ Այսօր արցախցիների տներում ապրում են ահաբեկիչները։ Սպանելով հայ մանուկներին և ծերերին՝ Ադրբեջանը ցանկանում է փակել աշխարհի աչքերը», - ասաց Մարգարիտա Քարամյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն, ով ևս մասնակցում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դեմ անցկացվող բողոքի ակցիային, իր խոսքում նշեց, որ այն միջազգային կառույցները, որոնք ստեղծվել են մարդկության կողմից, ցավալիորեն, չեն աշխատել, քանի որ 21-րդ դարում նրանց աչքի առաջ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունն, իսկ այդ կառույցները ոչ միայն չտեսան, այլև նպատակահարմար գտան գնալ և մասնակցել հենց այդ ցեղասպանության հեղինակ երկրի ներսում տեղի ունեցող էկոլոգիական ինչ-որ միջոցառումների։
«ՄԱԿ-ի ղեկավարը, որն ի պաշտոնե ոչ միայն ցեղասպանությունները կանխարգելելու հնարավորություն ունի, այլև ունի նման պարտականություն, գնում է Բաքու՝ մասնակցելու այդ միջոցառումներին», - նշեց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ հետագա բոլոր ցեղասպանությունների մեջ այդ բոլոր մասնակիցները մեղավոր կլինեն, իսկ այն բոլոր պետությունները, որոնք կարծում են՝ գտնվում են հեռու և այսպիսի խնդիրների չեն բախվելու, չարաչար սխալվում են։
Ակցիայի այլ մասնակիցներ ևս ներկայացրին այն աղետալի իրավիճակը, որը ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղում դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո, երբ ադրբեջանական այսպես կոչված «էկոակտիվիստները» փակել էին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միակ ճանապարհը։
«Այսօրվա մեր ակցիայի նպատակն է արտահայտել մեր անհամաձայնությունն ու անհանգստությունը Բաքվում անցկացվող COP29 համաժողովի կապակցությամբ։ Ադրբեջանն այն պետությունն է, որը խախտել է միջազգային կանոնները, որոնց մասին փաստերը բազում են», - նշեց ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է բացեր շրջափակման մեջ գտնվող Լաչինի միջանցքը՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ ճանապարհը։
Նա զարմանք արտահայտեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնելով Բաքու և մասնակցելով համաժողովին, ոչ մի մեղադրանք չի հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ ո՛չ գերիների ազատ արձակման, ո՛չ էլ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտելու համար։
Նա կոչ արեց Բաքվում ընթացող համաժողովի մասնակիցներին բարձրացնել վերոնշյալ հարցերը, մեղադրել և դատապարտել Ալիևին ցեղասպանական գործողությունների մեջ և կոչ անել ու պահանջել, որ Բաքվից ազատ արձակվեն հայ գերիները։
Ակցիայի կազմակերպիչները հավելեցին, որ պահանջում են, որ բոլոր միջազգային կազմակերպությունները, երկրների նախագահները, լրագրողները գնան և այցելեն Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիներին։ Նրանք պահանջեցին նաև անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Ակցիայի ավարտին մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։
«Ադրբեջանի վարչակազմի հակամարդկային քաղաքականությունը լեգիտիմացնելուց զերծ պահելու նպատակով՝ կոչ ենք անում ձեզ անձամբ ներգրավվել՝ օգտագործելով ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ու փոխադարձ վստահության կառուցման գործողություններին։ Հորդորում ենք դատապարտել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների, հումանիտար իրավունքի ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման, էկոլոգիական հանցագործությունների համար և դրանց համար Ադրբեջանից պատասխանատվություն պահանջել», - նշված էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակում։
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»
«Stop Greenwashing Genocide!»