Հայաստանի էներգետիկ անկախությունը ներկայում 27 տոկոս է, բայց արդեն տեսանելի ապագայում այն կարող է շեշտակի աճել. փորձագետ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայում լուրջ կախվածություն ունի ներկրվող էներգակիրներից, որը փորձում է թուլացնել վերականգնվող էներգետիկայի զարգացման միջոցով: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արևային կայանների ներդրման շնորհիվ արդեն այս տարի կհաջողվի 6 տոկոսով կրճատել ներկրվող գազի ծավալը, իսկ մինչև 2050 թվականը երկրի կախվածությունը «կապույտ» վառելիքից նախատեսվում է հասցնել նվազագույնի՝ էներգետիկ ոլորտին հետզհետե հաղորդելով «կանաչ» երանգ:  

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի էներգետիկ անվտանգության ներկայիս մակարդակը:

- Հայաստանի էներգետիկ անկախությունը շուրջ 27 տոկոս է: Հենց այդ չափով մեր երկիրը կախված չէ արտերկրից ստացվող էներգակիրներից: Մնացած 73 տոկոսը (հիմնականում բնական գազը) Հայաստանը ներկրում է, այն էլ՝ միայն մեկ երկրից, ինչն էներգետիկ առումով բավականին խոցելի է դարձնում պետությունն ու տնտեսությունը: 

- Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արտաքին էներգակիրներից նման կախվածությունը թուլացնելու համար:

- Էներգետիկ ոլորտում հնարավոր չէ 1-2 տարում իրականացնել արմատական փոփոխություններ. պլանավորումը կատարվում է մի քանի տասնամյակի համար: Հիմա փորձում ենք աջակցել կառավարությանը՝ մինչև 2050 թվականը հասնելու էներգետիկ անկախության ավելի բարձր մակարդակի: Այդ ուղղությամբ արդեն բավականին աշխատանք ենք կատարել կառավարության մեր գործընկերների հետ: Մշակել և նրանց քննարկմանն ենք ներկայացրել իրավիճակի հնարավոր զարգացման 21 սցենար, որոնք կարող են հաշվի առնվել Հայաստանի՝ 2040-50 թվականների էներգետիկ ռազմավարությունն ու տեսլականը ձևակերպելու ընթացքում:

Ի թիվս այլ տարբերակների՝ առաջարկել ենք դիտարկել էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական գազի սպառումը մինչև 2050 թվականն աստիճանաբար նվազեցնելու, հետագայում վառելիքի այդ տեսակից վերջնականապես հրաժարվելու և վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին առավելագույնս ապավինելու հնարավորությունը: Դա ենթադրում է նաև տեսանելի ապագայում (մինչև 2036 թվականը) գործող ատոմակայանի փոխարինումը միջուկային նոր էներգաբլոկով: 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանված ժամկետում էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի օգտագործումից իսպառ հրաժարվելը միանգամայն իրատեսական է, եթե կառուցվի մոտ 600 մեգավատ հզորության ատոմային կայան և հնարավորինս արդյունավետ օգտագործվի արևային, հողմային և հիդրո էլեկտրակայանների ներուժը: Այդ դեպքում 2045-50 թվականներին Հայաստանում հնարավոր կլինի հրաժարվել ջերմային էլեկտրակայանների շահագործումից, այսինքն՝ դրանց աշխատանքն ապահովող բնական գազից: 

Մեր աշխատանքների հիման վրա արդեն իսկ փոփոխություններ են կատարվել մինչև 2040 թվականն ընդգրկող էներգետիկ ռազմավարությունում, վերանայվել են վերականգնվող էներգետիկայի զարգացման թիրախները 2030-40 թվականներին: Ըստ այդմ, Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը 2030 թվականին նախատեսում է հասցնել 50 տոկոսի: Դա հնարավոր է ապահովել մոտ 1000 մեգավատ հզորության արևային էլեկտրակայանների կառուցման շնորհիվ: 2040 թվականից այս ցուցանիշը նախատեսվում է ավելացնել մինչև 60 տոկոսի՝ լրացուցիչ 500 մեգավատ հզորության արևային և 500 մեգավատանոց հողմային էլեկտրակայանների կառուցման հաշվին:

Էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցում արդեն իսկ ունենք զգալի փոփոխություն: Արևային կայաններն այս տարի կապահովեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 12 տոկոսն այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ դրանք ընդհանրապես ներառված չէին ընդհանուր համակարգում: Դրա շնորհիվ Հայաստանն այս տարի կկարողանա 6 տոկոսով նվազեցնել բնական գազի ներկրման ծավալը: Դա բավականին զգալի ցուցանիշ է՝ նաև երկրի տնտեսության վրա ազդեցության առումով: 

- Համարում եք, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանը կկարողանա պահպանե՞լ այդ միտումը:

- Միանգամայն: Այնուհանդերձ, եթե տեխնոլոգիաները չփոխվեն, ապա առնվազն մինչև 2050 թվականը գազից մեր կախվածությունը բավականին մեծ կմնա: Տեսեք, էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի Հայաստանում բնական գազի զգալի ծավալ օգտագործվում է տրանսպորտային միջոցների լիցքավորման, նաև կենցաղային սպառման նպատակով: Վերջին տվյալներով՝ անհատական փոխադրամիջոցների և հանրային տրանսպորտի լիցքավորմանն է ուղղվում Հայաստան ներկրվող բնական գազի 25 տոկոսը: Տրանսպորտի պարագայում խնդիրը, կարծում ենք, հնարավոր է լուծել երկրում էլեկտրամոբիլների քանակի շարունակական ավելացմանը միտված միջոցառումների շնորհիվ, որոնք պետք է ներառեն նաև այդ մեքենաների լիցքավորումը վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայով: 

Բնակչությունը կենցաղային նպատակներով սպառում է էլեկտրաէներգիայի 32 և բնական գազի՝ շուրջ 31 տոկոսը: Այդ ցուցանիշները հնարավոր է նվազեցնել էներգախնայողության ու էներգաարդյունավետության ապահովման, այդ թվում՝ շենքերի և շինությունների ինքնավար էլեկտրասնուցման և ջերմամատակարարման, նաև ջերմամեկուսացման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի միջոցով: 

- Հայաստանում բնակչության շրջանում էներգախնայողության մակարդակի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվե՞լ են: Դա վերացակա՞ն ցուցանիշ է, թե՞ հիմնված է որոշակի հաշվարկների վրա:

- Մենք նման հետազոտություն չենք անցկացրել, սակայն, ըստ նախկինում կատարված ուսումնասիրությունների, Հայաստանում կենցաղային մակարդակով էներգաարդյունավետության ներուժը գնահատվում է շուրջ 40 տոկոս: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաբնակարան հին շենքերի մեծամասնության էներգաարդյունավետության ցուցանիշները բավականին վատն են, անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել պատկերը բարելավելու համար: Մեզ թվում է, թե էներգիայի կորուստ չունենք, բայց հատուկ սարքերի միջոցով ստուգումները ցույց են տալիս, որ շինությունների անկատար լինելու պատճառով ձմեռային շրջանում ջերմային կորուստները բավականին մեծ են: 

- Հնարավո՞ր է կանխատեսել Հայաստանի տնտեսության, արդյունաբերության էներգետիկ կարիքները, ասենք, 2050 թվականին:

- Իհարկե: Ինչպես նշեցի, դիտարկել ենք իրավիճակի զարգացման 21 սցենար՝ հիմնված տնտեսության աճի, բնակչության թվի, օգտագործվող սարքավորումների քանակի ավելացման, էներգաարդյունավետության աստիճանի և այլ գործոնների փոփոխության հնարավոր տարբերակների վրա:  

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում