ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում փորձում է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունը ներկայացնել որպես պատերազմի էֆեկտ՝ այդ եղանակով քողարկելով իր գործած հանցանքը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Ադրբեջանը դատական ատյաններում, այդ թվում՝ երեք օր առաջ Արդարադատության միջազգային դատարանում փորձում էր կատարվածը ներկայացնել որպես պատերազմի էֆեկտ՝ այդ կերպ քողարկելով իր գործած հանցանքը։
Ադրբեջանական կողմի վարկածի համաձայն՝ եթե պետությունները պատերազմում են, բնականաբար, պետք է թշնամանան, ինչի հետևանքով ավերվում են քաղաքներ ու գյուղեր։ Այդ կերպ Ադրբեջանը փորձում է դիտավորությունն ու նպատակը քողարկել, սակայն միջազգային դատական ատյանները քաղաքական բանակցությունների հարթակներ չեն, որտեղ շահում է նա, ով ավելի շատ քաղաքական ռեսուրսներ ունի։ Այստեղ տիրում է իրավական նորմի գերակայությունը։ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, որովհետև դրանցում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ։ Ապացույցն Արդարադատության միջազգային դատարանի վերջին երկու որոշումներն են, որոնցով մերժվել են ադրբեջանական կողմի առարկություններն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ դատական հեղինակավոր ատյանը հարևան երկրի գործողություններում տեսնում է դիտավորություն՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց սպանությունները համարելով դիտավորյալ արարք, իսկ հայերի նկատմամբ իրականացված քայլը՝ բռնի տեղահանում։
«Իրավապաշտպանների կողմից նույնպես հրապարակվեց զեկույց, որը վերնագրվել էր հետևյալ կերպ՝ «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չեն ապրում»։ Պարզ է չէ՞, որ եթե երկու հազար տարի մարդիկ ապրել են Լեռնային Ղարաբաղում, իսկ այսօր այնտեղ չեն, ուրեմն դա չի բացատրվում նրանով, որ պարզապես գնացել են այնտեղից։ Պարզ է, որ նրանց վտարել են, այն էլ ռազմական գործողությունների արդյունքում, հետևաբար կարևոր է դիտավորությունը, իսկ դա դատարանի միջոցով հաստատվել է փաստերով և ապացույցներով, որոնք Հայաստանը ներկայացրել էր այնքան շատ, որ արդեն միջազգային հանրության մոտ որևէ կասկած չկա առ այն, որ դա իսկապես բռնի տեղահանում էր։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անշուշտ պետք է լինի վերադարձի իրավունք»,- ասաց Ղազարյանը։
Իրավագետի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող հերքել բացահայտ իրողությունները, ինչպես նաև հայերի վերադարձի իրավունքը։
«Հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են այն նորմը, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները։ Այլ բան է, որ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման դիրքորոշում ներկայացնելու համար, ըստ որի՝ ադրբեջանցիներն էլ այդ դեպքում պետք է նույն կերպ Հայաստան վերադառնալու իրավունք ստանան։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարց, ապա ադրբեջանական կողմը փորձում է դրան հակակշռել 1992-94 թվականներին տեղի ունեցած պատերազմի արդյունքները, մինչդեռ Արդարադատության միջազգային դատարանն իր վճռով փաստեց, որ գործի փաստերի ուսումնասիրությունը պետք է կատարվի 1996 թվականից սկսած»,- նշեց իրավագետը։
Ղազարյանը միջազգային պրակտիկայից վկայակոչեց հայրենադարձության խնդրի հետ կապված դեպքեր՝ մատնանշելով մասնավորապես Խորվաթիայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց արդյունքում սերբական բանակը 36 ժամվա ընթացքում «Մրրիկ» օպերացիայի շնորհիվ ուղղակի բռնի կերպով տեղահանեց 200 000 մարդու, ինչից հետո տեղի ունեցան սպանություններ ու գերեվարություններ։ 1974 թվականին Կիպրոսում տեղի ունեցավ նաև հույների բռնի տեղահանություն, ինչի առթիվ Եվրոպական դատարանը մինչ օրս կայացնում է որոշումներ։
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ որքան հոսի ժամանակը, այնքան այդ բեռը ծանրանալու է իր վրա։ Բաքուն չի կարող հերքել, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, ուստի փորձում է հակափաստարկներ բերել ադրբեջանցիների վերադարձի մասին։ Առհասարակ վերադարձի իրավունքը կապվում է հայրենիքի գաղափարի հետ, ինչը շատ է ուժեղացնում իրավական փաստարկները, այսինքն՝ սեփական երկիր վերադառնալու պարագայում երկիր բառը չի ասոցացվում քաղաքացիության հետ, այլ ասոցացվում է ազգության հետ, իսկ վերջինս էլ ասոցացվում է այնպիսի բաղադրիչների հետ, որոնց հանրագումարը յուրաքանչյուր մարդու պարագայում ընկալվում է որպես իր հայրենիքը։ Դա տունն է, աշխատանքն է, համայնքն է, եկեղեցին է, պատմությունն է ու բնիկ լինելու հանգամանքը։ Այդ բաղադրիչները կգտնեք նաև Եվրոպական դատարանի վճիռներում»,- ասաց իրավագետը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս իրողությունը, ուստի շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, բայց եթե արցախահայերի պարագայում իրենց հայրենիքի հանգամանքը փաստարկված է և պատմականորեն ապացուցված, ապա Ադրբեջանի դեպքում ասպարեզ է նետվել մտացածին եզրույթ, որն իրականություն հետ որևէ աղերս չունի։ Ղազարյանի պնդմամբ՝ Ադրբեջանը հաջողության չի կարող հասնել, որովհետև նրա տեսական հիմքը քննության չի դիմանում։
«Արցախը եղել է արցախցիների հայրենիքը։ Այսօր միջազգային հանրության գնահատականն Ադրբեջանի նկատմամբ բացասական է, որովհետև արցախցիներն իրենց հայրենիքում չեն ապրում, մինչդեռ ադրբեջանցիները վերադառնում են Լեռնային Ղարաբաղին կից յոթ շրջաններ։ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, որովհետև վերադարձի իրավունքի հետ միասին ապացուցվելու է, որ Ադրբեջանը հանցագործ պետություն է և տարածաշրջանում կատարել է բազում ոճիրներ՝ ընդհուպ մինչև մարդկության դեմ հանցագործություններ, հետևաբար պահանջում է Հայաստանից հետ վերցնել իր հայցերը և վարել միայն քաղաքական բանակցություններ, որտեղ Ադրբեջանն ունի առավելություն և վերադարձի իրավունքը կարող է ասիմետրիկ կերպով կապել ադրբեջանցիների վերադարձի հետ։ Լավ է, որ այստեղ գերիշխում է իրավական նորմը, և միջազգային դատական ատյաններում ցրվում են ադրբեջանական միֆերը, հետևաբար այդ նորմի շնորհիվ նույնիսկ պատերազմի դաշտում պարտված Հայաստանը կարող է ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին։ Մնում է, որ դա իրականացնենք հանապազօրյա աշխատանքով»,- եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետը։