Երևանում կկայանա «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի քննարկման հիմնական թեման լինելու է արհեստական բանականությունը
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նոյեմբերի 15-ին կայանալու է «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին։ Գագաթնաժողովին ընդառաջ՝ կայացավ մամուլի ասուլիս՝ ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ դեռևս 2019 թվականին «Silicon Mountains» գագաթնաժողովն անդրադարձել էր արհեստական բանականության թեմային, և այն ժամանակ արհեստական բանականությունը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա, սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և արհեստական բանականության համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։

«Այս գագաթնաժողովը նախորդներից տարբերվելու է նրանով, որ փորձելու ենք ավելի խորը մտնել արհեստական բանականության էության մեջ՝ հասկանալու, թե ինչի համար է այն մեզ պետք, և գլխավորը՝ ինչպես պետք է օգտագործվի տնտեսության մեջ։ Արհեստական բանականության կիրառելիությունը հիմնականում պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ պետք է փոխարինի մարդուն, այլև օգնի նրան և առաջին հերթին ներդրվի տնտեսությունում, կառավարությունում և կրթության ոլորտում։ Այս հարցը դառնալու է գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման»,- ասաց Բալդրյանը։
Նրա դիտարկմամբ՝ կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Ըստ այդմ՝ մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ հաջողության ճանապարհին։
«Այս տարի առաջին անգամ «Silicon Mountains»-ի նախօրեին կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։ Միկրոէլեկտրոնիկան հանդիսանում է ժամանակակից տեխնոլոգիական զարգացման հենասյուներից մեկը, որն ապահովում է նաև արհեստական բանականության առաջընթացը։ Հայաստանն այս ոլորտում ունի իր տեխնոլոգիական ներուժը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ստեղծելով նորարարական լուծումներ, կիրառելով նոր ռազմավարություններ, նպաստելով երկրի տնտեսական աճին, ապահովելով գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում միջազգային հեղինակություն»,- ասաց ՏՀՏ գործատուների միության նախագահը։
ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ կայանալիք գագաթնաժողովն արդեն 7-րդ անգամ է տեղի ունենալու Հայաստանում, հետևաբար կառավարությունը շատ է կարևորում նման միջոցառումների անցկացումը հենց մեր երկրում, ինչը ստեղծում է հարթակ բոլոր ոլորտների ու շահագրգիռ կողմերի համար, որտեղ նրանք կարող են խոսել ժամանակակից տեխնոլոգիաների, դրանց հետ կապված մարտահրավերների ու հաջողությունների մասին, կկարողանան կիսվել իրենց հաջողություններով, որոնց համադրման պարագայում կգրանցվի մեծ առաջընթաց պետական և մասնավոր հատվածներում։

«Արհեստական բանականությունը ներկայիս ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որում անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելով, դրանք ճիշտ և արդյունավետ կիրառելով, հնարավոր է լինել առավել մրցակցային, գրանցել շոշափելի արդյունքներ, ապահովել թռիչքային զարգացում տնտեսության մի շարք ճյուղերում։ Յուրաքանչյուր քաղաքացի զգում է փոփոխությունն այն ժամանակ, եթե այդ փոփոխությունն անմիջապես ազդում է իր գործունեության վրա, տեխնոլոգիաներին ավելի հեշտ տիրապետելու վրա։ Ապագայում արհեստական բանականության վրա հիմնված թվայնացումը ներառելու է բոլոր ոլորտները, որտեղ կարիք ունենք ավտոմատիզացիայի և պրոցեսների լավարկման։ Շատ լավ գիտակցում ենք նաև ռիսկերը, բայց, կրթվելով և այդ տեխնոլոգիաները ճիշտ կիրառելով, պետք է կարողանանք այդ ռիսկերը կառավարել։ Այդ դեպքում արհեստական բանականությունը կդառնա նոր հնարավորություն»,- ասաց Սիմոնյանը։
ԲՏԱ փոխնախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար կառավարությունը հատկապես կարևորում է հետազոտությունների և մշակումների R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան է միտված գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը։ Սիմոնյանի կարծիքով՝ ավելի արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն արհեստական բանականության գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև արհեստական բանականության զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ներկա թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին և հետ չմնալ միտումներից։

«Կարծում եմ՝ շատ կարևոր են այնպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը՝ որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է աջակցել միջոցառմանը և մասնակցել նման նախաձեռնություններին»,- ասաց Յիրիկյանը։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն էլ նշեց, որ ամեն տարի նման գագաթնաժողով անցկացնելու դեպքում աշխատում են ընտրել այնպիսի թեմա, որը կոնկրետ ժամանակահատվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, բոլորի համար հետաքրքիր։

«Այս տարի ակնկալում ենք մոտ 1000 մասնակից։ Սկսելով 100-150 մասնակցից՝ այսօր արդեն զգալիորեն ընդլայնել ենք մասնակիցների ցանկը։ Տեխնոլոգիական այս միջոցառումն արդեն դարձել է շատ պահանջված ու սպասելի։ Թեև արհեստական բանականությունը ստեղծվել է նախորդ դարում, բայց արդեն դարձել է փոփոխվող ուժ տաբեր տնտեսական շարժիչ ուժերին առաջնորդելու և առաջընթաց ապահովելու համար։ Մենք ստեղծել ենք բացառիկ հարթակ, որում ներգրավում ենք միջազգային և լոկալ փորձագետների ու պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, քանի որ կարևորում ենք պետական և մասնավոր սեկտորների սերտ համագործակցությունը»,- հավելեց Մուսայելյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք ստեղծել են StepAI կրթական ծրագիրը, որը շուտով ներդրվելու է ավագ դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարության հետ արդեն կնքվել է համապատասխան հուշագիր։
Մուսայելյանի դիտարկմամբ՝ բոլորն են խոսում արհեստական բանականության մասին, դրա հետևանքների ու ազդեցության մասին, ուստի իրենք հրավիրել են տարբեր ոլորտների և ուղղությունների փորձագետների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով ու տեսլականով այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենան տնտեսության և կրթության վրա արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Մուսայելյանի համոզմամբ՝ բոլորին սպասում է շատ հետաքրքիր և հագեցած օր, գագաթնաժողովի հաջորդ օրը մասնակիցներն ունենալու են B2B հանդիպումներ փորձագետների հետ։
«Silicon Mountains 2024» գագաթնաժողովի գործընկերն է Ucom ընկերությունը, միջոցառմանն աջակցում է ԲՏԱ նախարարությունը, ինովացիոն գործընկերն է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, աջակիցների թվում են նաև մի քանի այլ ընկերություններ ու կազմակերպություններ։