ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրության զարգացման ռազմավարությամբ տարբեր միջոցներով կխրախուսվի ընտանիքների ձևավորումն ու ընտանիքների համար ցանկալի թվով երեխաների ծնունդը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ նշելով, որ ռազմավարությամբ որպես նպատակ է սահմանվել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը։
Ըստ այդմ՝ ներառվել է 4 մասնավոր նպատակ, որոնցից մեկն ընտանիքի ստեղծումն է՝ որպես հաջողակ ապագայի, երկրի կայուն զարգացման ընտրության գրավական։
«Տարբեր միջոցներով պետք է խրախուսենք ընտանիքների ձևավորումը։ Եթե երիտասարդների համար այսօր կարևոր է բնակության ապահովումը, ապա պետությունը գալիս է և ասում՝ ընտանիք ձևավորելու դեպքում մենք կկանգնենք ձեր կողքին»,-ներկայացրեց Ջրբաշյանը։
Ըստ նրա՝ պետությունը մինչև ընտանիքի ձևավորումը աջակցություն կցուցաբերի նաև առողջապահական անհրաժեշտ ծառայությունների, համապատասխան հետազոտություններ անցնելու հարցերում։
Երկրորդ մասնավոր նպատակը, ըստ ռազմավարության, ընտանիքի արդյունավետ զարգացումն է։ Այս առումով Ջրբաշյանն ընդգծեց ընտանիքների կողմից ցանկալի թվով երեխաների ծնունդների խրախուսման կարևորությունը։
Միջազգային լավագույն փորձից ելնելով՝ պետության կողմից շեշտը կդրվի ընտանիքի որոշումների վրա՝ առանց ազդելու կամ կանխորոշելու։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և ընտանիքի ձևավորման, երեխայի խնամքի հարցերում շեշտը դրված է ընտանիքի որոշումների վրա։ Պետությունն ասում է՝ պետք է ծնվեն այնքան երեխաներ, որքան ցանկալի է, իսկ դուք որոշեք ինչպես օգտվել ստեղծված այս կամ այն հնարավորությունից»,-ասաց փորձագետը։
Նա հատկանշական համարեց, որ դեռևս ժողովրդագրության ռազմավարության մշակման ընթացքում պետական քաղաքականության, որոշումների համապատասխան փոփոխություններ են իրականացվել։ Մասնավորապես՝ եթե նախկինում միայնակ կանայք երեխա ունենալու համար չէին կարող օգտվել ԷԿՈ-ից (արտամարմնային բեղմնավորում), ապա ներկայում նաև նրանց է այդ հնարավորությունն ընձեռված։
Ժողովրդագրության նոր ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի համաձայն՝ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդով պայմանավորված՝ համապատասխանաբար կնվազեցվի ծնողների եկամտահարկի չափը։
Հարցին՝ նվազեցվելու է երկու ծնողի եկամտահա՞րկը, թե՞ միայն մեկինը, Ջրբաշյանն ասաց, որ այդ հարցը քննարկումների փուլում է։
Բացի այդ՝ գործողությունների այդ ծրագրով նախատեսվում է եկամտահարկի վերադարձի համակարգի ներդրում այն գործատուների համար, որոնց մոտ հղի կանայք են աշխատում։
Նպատակներից ամենակարևորը, Ջրբաշյանի դիտարկմամբ, վերաբերում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքին։ Առաջարկվել է նպաստի փոխարեն երեխայի խնամքը դիտարկել որպես հանրօգուտ, պատվավոր աշխատանք՝ այն հավասարեցնելով զբաղվածության տեսակի։ Ըստ այդմ՝ երեխայի խնամքը կհամարվի քաղաքացիական ծառայություն՝ համապատասխան աշխատավարձով, սոցիալական ապահովության համակարգով։
Պետության կողմից կապիտալ ներդրումների սուբսիդավորմամբ կխրախուսվի մասնավորի կողմից երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների՝ մսուր-մանկապարտեզների ստեղծումը։ Այս առումով ակնկալվում է, որ ձեռնարկությունները շահագրգռված կլինեն իրենց կին աշխատակիցների երեխաների համար նման մանկապարտեզների ստեղծման հարցում, որպեսզի նրանք շուտ վերադառնան աշխատանքի։
Ջրբաշյանի խոսքով՝ ռազմավարությամբ առաջարկվում է պետության կողմից ավելացում կատարել երեխայի ապագայի համար ծնողների ներդրած դեպոզիտին, պայմանով, որ 18 տարեկանը լրանալուն պես այդ գումարը կծախսվի նրա կրթությունն ավելի լավ կազմակերպելու վրա։
Փորձագետի խոսքով՝ երեխայի ծնվելու դեպքում տրամադրվող միանվագ գումարները կընդգրկվեն ռազմավարությամբ նախատեսված համակարգում՝ նպատակ ունենալով ապահովել շարունակական աջակցության ցուցաբերումը։