Ֆիլիպիններում «Տորաջի» թայֆունի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տորաջի» թայֆունը նոյեմբերի 11-ի առավոտյան հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափ՝ Ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Աուրորա նահանգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Associated Press-ը:
Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունն առավոտյան հասել է 130 կմ/ժ-ի, իսկ պոռթկումների ժամանակ՝ 180 կմ/ժ-ի։
Օդերևութաբանները նախազգուշացնում են փոթորկալից քամիների և տեղատարափների մասին։ Հյուսիսային ափին փոթորկի ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։
Նոյեմբերի 10-ին իշխանությունները հարկադրաբար տարհանել են 2500 գյուղերի բնակիչների, որոնք կարող էին տուժել թայֆունից։ Բացի այդ, փակվել են դպրոցներն ու գրասենյակները, չեղարկվել են լաստանավերի տեղաշարժը, ինչպես նաև ներքին ավիաչվերթերը ռիսկի գոտում գտնվող նահանգներում։
Սպասվում է, որ թայֆունը կշարժվի Լուսոնի հյուսիս-արևմուտք, որից հետո կմեղմանա և կշարունակի շարժվել Հարավչինական ծովի ուղղությամբ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Տորաջի»-ն Ֆիլիպիններին պատուհասած արդեն չորրորդ թայֆունն է: