ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ArmSat-1 արբանյակը գործում է, այն շուրջ 490–500 կմ բարձրության վրա է, կատարում է լուսանկարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարի խոսքով՝ ArmSat-1-ն ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել ՀՀ բոլոր խնդիրները լուծել: Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում: «Այն տեսալուսանկարահանող արբանյակ է: Առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ հնարավորություն կա ոչ միայն ունենալ արբանյակ, այլ նաև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, ինչը ներդրում է ապագայի մեջ: Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են ArmSat-1 արբանյակի կառավարումը»,-ասաց Հայրապետյանը:
Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով: Նա հավելեց՝ այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել միլիարդավոր դոլարների արժեք ունեցող տեսալուսանկարահանող սարքերի ապահոված որակին, բայց Հայաստանն ի սկզբանե նման խնդիր չի դրել: «7 մլն դոլարի ներդրմամբ ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի»,-հավելեց նա:
Նախարարն արձանագրեց, որ սա շատ մեծ քայլ էր տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու առումով:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե արբանյակը չի գործում՝ նախարարը վստահեցրեց, որ արբանյակը գործում է, այն շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում: Այս պահի դրությամբ անում է լուսանկարներ: Նա ընդգծեց, որ, այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե 6 ամսից կամ 2 տարուց արբանյակը չի ընկնի:
«Շատ ու շատ երկրների արբանյակներ ժամկետից շուտ են ընկնում կամ մի քանի տարի ավելի երկար են մնում տարբեր ուղեծիրներում»,-նշեց նախարարը:
Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SATLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։
ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ: