Տնտեսություն

Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց

12 րոպեի ընթերցում

Անառողջ սննդակարգը տարեկան 8 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով թաքնված ծախս է առաջացնում ագրոպարենային գլոբալ համակարգերի համար. ՊԳԿ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաքնված ծախսերի մոտ 70 տոկոսն աշխարհում առաջանում է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված ազդեցությունների հետեւանքով, մասնավորապես, առավել արդյունաբերականացված ագրոպարենային համակարգերում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տարածած հաղորդագրությունից, 156 երկրների մասնակցությամբ կատարված հանգամանալից ուսումնասիրությունը հաստատում է, որ ագրոպարենային գլոբալ համակարգերում թաքնված ծախսերը հասնում են տարեկան շուրջ 12 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Այս գումարի մոտավորապես 70 տոկոսը (8.1 տրիլիոն ԱՄՆ դոլար) առաջ է գալիս անառողջ սննդակարգից, որը կապված է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հետ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, կաթվածը եւ շաքարային դիաբետը, որոնք բազմակի անգամ գերազանցում են շրջակա միջավայրի դեգրադացիայի եւ սոցիալական անհավասարությունների հետ կապված ծախսերը։

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը 2024 թվականին» (ՊԳՎ/SOFA) զեկույցը հիմնված է 2023 թ. տարբերակի վրա, որտեղ փորձ է արվում ավելի խորքային վերլուծություն կատարել՝ կիրառելով իրական ծախսերի հաշվառման սկզբունքը եւ բացահայտել սննդամթերքի արտադրությանը, բաշխմանն ու սպառմանն առնչվող ծախսերի եւ օգուտների ողջ տիրույթը, այդ թվում շուկայական արժեքում չարտացոլված՝ այսպես կոչված «թաքնված ծախսերը եւ օգուտները»։ Զեկույցում ներկայացված են այդ ծախսերի նոր գնահատումները, որոնք բաշխված են ըստ ագրոպարենային համակարգերի տեսակների, ինչպես նաեւ պատկերված է մեր ագրոպարենային համակարգերի փոխակերպման ուղղությունը։

Ուսումնասիրությունը մանրամասնում է, թե ինչպես են թաքնված համաշխարհային ծախսերը պայմանավորված գլխավորապես առողջապահական թաքնված ծախսերով, որին հաջորդում են բնապահպանական թաքնված ծախսերը՝ բարձր միջին եւ բարձր եկամուտ ունեցող երկրների առավել արդյունաբերականացված ագրոպարենային համակարգերում։

Առողջապահական ազդեցությունների ուսումնասիրության արդյունքում սննդակարգի 13 ռիսկային գործոն է առանձնացվել: Դրանք ներառում են ամբողջահատիկով սննդամթերքի, մրգերի եւ բանջարեղենի անբավարար ընդունումը, նատրիումի ավելցուկային սպառումը եւ կարմիր ու վերամշակված մսի մեծաքանակ սպառումը՝ տարբեր ագրոպարենային համակարգերում արձանագրելով զգալի տարբերություններ:

Թաքնված ծախսերը տարբեր են՝ կախված ագրոպարենային համակարգերի տեսակներից

Պատմականորեն, ագրոպարենային համակարգերն ավանդականից անցում են կատարել արդյունաբերականին, որոնցից յուրաքանչյուրը տարբեր արդյունքներ եւ թաքնված ծախսեր է ներառում: Այդ իսկ պատճառով զեկույցն ուսումնասիրում է, թե ինչ դրսեւորում են ունենում թաքնված ծախսերն աշխարհի տարբեր երկրների ագրոպարենային համակարգերում։

Վերլուծության դյուրացման նպատակով հետազոտությունը տիպաբանության սկզբունք է ներմուծում, որն ագրոպարենային համակարգերը վեց առանձին խմբերի է դասակարգում`երկարաձգվող ճգնաժամ, ավանդական, ընդլայնվող, դիվերսիֆիկացված, ֆորմալացվող եւ արդյունաբերական: Այս մոտեցումը թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել յուրաքանչյուր համակարգին ներհատուկ եզակի մարտահրավերների ու հնարավորությունների մասին՝ հնարավորություն տալով հարմարեցված քաղաքականություններ եւ միջամտություններ մշակել:

Օրինակ՝ ամբողջահատիկով սննդամթերքի քիչ քանակությամբ սննդակարգն ագրոպարենային համակարգերի մեծ մասում ռիսկի ամենամեծ գործոնն է, մինչդեռ երկարաձգվող ճգնաժամային համակարգերում (երկարատեւ հակամարտություն, անկայունություն եւ համատարած պարենային անապահովություն) եւ ավանդական համակարգերում (բնութագրվում է ցածր արտադրողականությամբ, տեխնոլոգիաների սահմանափակ կիրառմամբ եւ ավելի կարճ արժեշղթաներով) գլխավոր մտահոգությունը պտուղ-բանջարեղենի քիչ քանակի ընդունումն է:

Մտահոգիչ է նաեւ նատրիումի մեծ քանակի սպառումը, որը բարձրանալու միտում ունի հատկապես ագրոպարենային համակարգերի՝ ավանդականից ֆորմալացվածին անցնելիս, որտեղ այն բարձրակետին է հասնում, ապա նվազում արդյունաբերականացված համակարգերում։ Դրան հակառակ, ավանդականից արդյունաբերական համակարգի անցման ժամանակ կայուն աճ է արձանագրում վերամշակված եւ կարմիր մսի մեծաքանակ սպառումը, որտեղ այն սննդակարգի 3 ամենաբարձր ռիսկերի շարքում է։

Սննդակարգի ռիսկերից զատ, թաքնված ծախսային բեռի ծանրացմանը զգալիորեն նպաստում է նաեւ անկայուն գյուղատնտեսական մոտեցումների բնապահպանական ազդեցությունը։ Ջերմոցային գազերի արտանետումների, ազոտի արտահոսքի, հողօգտագործման փոփոխությունների եւ ջրի աղտոտման հետ կապված ծախսերը բարձր են հատկապես դիվերսիֆիկացվող ագրոպարենային համակարգ ունեցող երկրներում, որտեղ սրընթաց տնտեսական աճը զուգորդվում է սպառման եւ արտադրության ծավալների մեծացման հետ` հասնելով շուրջ 720 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ֆորմալացվող եւ արդյունաբերական ագրոպարենային համակարգերը նույնպես զգալի բնապահպանական ծախսեր են կրում։ Սակայն բնապահպանական ամենամեծ ծախսը բաժին է ընկնում երկարաձգվող ճգնաժամում գտնվող երկրները, որտեղ այն համարժեք է նրանց համախառն ներքին արդյունքի 20 տոկոսին։

Սոցիալական ծախսերը, ներառյալ աղքատությունը եւ թերսնուցումը, առավել մեծ տարածվածություն ունեն ավանդական ագրոպարենային համակարգերում եւ երկարաձգվող ճգնաժամերից տուժած համակարգերում: Այս սոցիալական ծախսերը ներկայացնում են այդ երկրների ՀՆԱ-ի համապատասխանաբար 8 եւ 18%-ը՝ ակնառու դարձնելով կենսամակարդակի բարելավման եւ մարդասիրական, զարգացման ու խաղաղարար ջանքերի հրատապ անհրաժեշտությունը:

2024 թվականի ՊԳՎ զեկույցն ընդգծում է տեղական համատեքստերի հարմարեցման եւ շահագրգիռ կողմերի գերակայություններին արձագանքման կարեւորությունը։  Սա ցույց է տրված դեպքերի ուսումնասիրությունների միջոցով, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ եւ ագրոպարենային համակարգերի տեսակներ, ներառյալ Ավստրալիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում եւ Միացյալ Թագավորությունում:

Հավաքական գործողությունների կոչ

Զեկույցն, ընդհանուր առմամբ, ագրոպարենային համակարգերի՝ արժեքների վրա հիմնված փոխակերպման հորդոր է՝ դրանք ավելի դիմակայուն, ներառական, կենսակայուն եւ արդյունավետ դարձնելու համար: Դա անելու համար անհրաժեշտ է հատել ավանդական տնտեսական միջոցառումների սահմանը, ինչպիսին է ՀՆԱ-ն, եւ իրական ծախսերի հաշվառում կատարել՝ թաքնված ծախսերը ճանաչելու նպատակով: Այս մոտեցման շնորհիվ որոշում կայացնողները կարող են ավելի տեղեկացված ընտրություններ կատարել, որոնք կմեծացնեն ագրոպարենային համակարգերի հասարակական արժեքը, գիտակցելով իրենց կենսական դերը պարենային անվտանգության, սնուցման, կենսաբազմազանության պահպանման եւ մշակութային ինքնության բնագավառներում: Այս փոխակերպմանը հասնելու համար անհրաժեշտ է կամրջել ոլորտային խզումները, ներդաշնակեցնել առողջապահության, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների քաղաքականությունները եւ ապահովել օգուտների ու ծախսերի հավասարաչափ բաշխումը բոլոր շահագրգիռ կողմերին։

«Այն որոշումները, որոնք հիմա ենք կայացնում, մեր սահմանած առաջնահերթությունները եւ իրագործած լուծումներն են որոշում մեր համընդհանուր ապագան: Իրական փոփոխությունը սկիզբ է առնում անհատական գործողություններից եւ նախաձեռնություններից, որոնց սատարում են բարենպաստ  քաղաքականությունները եւ նպատակային ներդրումները։ Համաշխարհային ագրոպարենային համակարգերի փոխակերպումը հիմնարար նշանակություն ունի ԿԶՆ-ներին հասնելու եւ բոլորի համար բարեկեցիկ ապագա երաշխավորելու համար», - նշեց ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն։

Զեկույցում շեշտվում է, որ այս վերափոխումը հավաքական գործողություններ է պահանջում՝ ներառելով առաջնային արտադրողներին, ագրոբիզնեսներին, կառավարություններին, ֆինանսական հաստատություններին, միջազգային կազմակերպություններին ու սպառողներին: Թեպետ թաքնված ծախսերի խնդրի լուծումը կհանգեցնի շահագրգիռ կողմերի, երկրների եւ ժամկետների վրա անհամաչափ ազդեցության, սակայն աջակցող քաղաքականությունները եւ կանոնակարգերը կօգնեն նվազեցնել խաթարումները, մասնավորապես փոքր արտադրողների եւ ագրոբիզնեսների համար, կայուն գործելակերպերի վաղ որդեգրման եւ խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության միջոցով։

Առանցքային առաջարկությունները ներառում են հետեւյալը.

Ֆինանսական եւ կարգավորող խթանների տրամադրում` պարենի մատակարարման շղթայում կայուն գործելակերպերի որդեգրման խրախուսման եւ ագրոպարենային համակարգերի շահագրգիռ կողմերի միջեւ իրավասությունների անհավասարակշռության սահմանափակման համար:

Խրախուսել առողջ սննդակարգը՝ մշակելով քաղաքականություններ, որոնց շնորհիվ սննդարար կերակուրն ավելի մատչելի եւ հասանելի է դառնում եւ կրճատվում են թաքնված առողջապահական ծախսերը:

Խրախուսել ջերմոցային գազերի եւ ազոտի արտանետումների, հողօգտագործման վնասակար գործելակերպերի եւ կենսաբազմազանության կորստի կրճատումը՝ մակնշման եւ հավաստագրման, կամավոր չափորոշիչների եւ արդյունաբերության մեջ պատշաճ գործելակերպերի նախաձեռնությունների միջոցով:

Սպառողներին տրամադրել հստակ, հասանելի տեղեկություններ սննդամթերքի ընտրության բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական ազդեցությունների մասին, միաժամանակ ապահովելով, որ անգամ խոցելի ընտանիքները կարողանան օգտվել փոփոխությունից։

Օգտագործելով հաստատությունների միջոցով պարենային ապրանքների ձեռքբերման լայն հնարավորությունները՝ վերափոխել սննդամթերքի մատակարարման շղթաները եւ բարելավել սննդամթերքի հետ կապված միջավայրերը՝ զուգորդելով սնուցման եւ սննդամթերքի վերաբերյալ կրթությամբ։

Գյուղական բնակավայրերի ներառական փոխակերպում, որոնք թույլ կտան որոշակի պատմական օրինաչափություններ շրջանցել՝ խուսափելով բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական թաքնված ծախսերի ուռճացումից այդ անցումային շրջանում։

Կառավարման եւ քաղաքացիական հասարակության հզորացում՝ կայուն եւ արդարացի ագրոպարենային համակարգերում նորարարությունների արագացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար։

ՊԳՎ-ի մասին

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակի մասին» զեկույցը ՊԳԿ մանդատում ներառված թեմաներին ամենամյա համապարփակ անդրադարձ է։  Այն մեծ ուշադրություն է դարձնում զարգացման կարիք ունեցող ոլորտների վրա, ինչպիսիք են ագրոպարենային համակարգերը եւ թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ:

Առաջին անգամ այս հեղինակավոր փաստաթուղթը երկու տարի անընդմեջ միեւնույն թեմային է անդրադառնում՝ շեշտադրելով ագրոպարենային համակարգի փոխակերպման հրատապ անհրաժեշտությունը կայուն ապագայի երաշխավորման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում