Իրանում զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![Իրանում զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/08/9oKHPzLqQ95jfiHYOYFlg0VInkRDUKphrhA0Ev4j.webp)
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելյան Ռասկի շրջանում 3 խաղաղ բնակիչ վիրավորվել է ահաբեկչական զինյալների դեմ գործողության ընթացքում կրակոցների հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով տեղի պաշտոնյայի:
Չկարողանալով փախչել՝ զինյալները անկանոն կրակ են բացել գլխավոր ճանապարհով անցնող մեքենայի վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ և այժմ բուժում են ստանում:
Գործողությունների հետևանքով զինյալները մահացել են: Զինյալներից առգրավվել է ավտոմեքենա և մեծ քանակությամբ զենք–զինամթերք։
Գործողության ընթացքում իրանցի մեկ զինվորական սպանվել է: Գործողությունները շարունակվում են՝ զինյալների խմբի մնացած անդամներին հայտնաբերելու և վնասազերծելու համար: